Էլեկտրոնային երեւակայություն
Երաժիշտ Բեյ Ռուն անդրադառնում է իր բազմաոճ և ստեղծարար կարիերայի ծագմանը
Փետրվար 24, 2021 | հեղ.` Creative Armenia
Էլեկտրոնային, ֆանկ, սոուլ, փսիխոդելիկ և Lo-Fi երաժշտություն՝ մի պտղունց միջին արեւելյան ռիթմերով… Բեյ Ռուի ոճը նկարագրելը հեշտ չէ, բայց նրանում ընկղմվելը իսկապես հեշտ է։ Մեծանալով Լոս Անջելեսի աշխույժ մշակույթի մեջ և ազդվելով իր հայկական արմատներից՝ նա իր կյանքի պատմությունը միահյուսել է իր երաժշտությանը։ Ունենալով բազմաթիվ հաջողված նախագծեր, այդ թվում անկրկնելի «Little Armenia» ալբոմը և աշխարհի ամենաճանաչված սերիաների և ֆիլմերի հետ համագործակցությունները, ինչպիսիք են «How I Met Your Mother»-ը, Բեյ Ռուի ստեղծարար ուժը միայն դեպի զարգացում է ընթանում։ Մեր հարցազրույցը 2021թ.-ի «Creative Armenia-AGBU Fellow» Բեյ Ռուի հետ ահա այստեղ է։
CA. Մի փոքր պատմեք այն մասին, թե ինչպես սկսվեց երաժիշտ դառնալու ձեր ճանապարհը։
ԲՌ. Ես սկսեցի դաշնամուրի դասեր վերցնել 6 տարեկանից և շարունակեցի մինչև 15 տարեկանս։ Վերջին մի քանի տարվա դասերի ընթացքում (որոնք հիմնականում դասական դաշնամուրի համար էին) ես ամբողջությամբ տարված էի էլեկտրոնային և ռեփ երաժշտությամբ և այլևս ոչնչով չէի հետաքրքրվում։ Այդ ժամանակ ես աշխատում էի որպես դիջեյ տնային երեկույթների համար, և ի վերջո գնեցի ստեղնաշար և սկսեցի աշխատել իմ սեփական երաժշտության վրա։ Ես ավելի ու ավելի էի տարված դրանով, և այլ վոկալիստների հետ մի քանի տարի աշխատելուց հետո որոշեցի ստեղծել մի ալբոմ, որը հիմնված էր 60-ական և 70-ականների հայկական երգերի վերամշակված տարբերակների վրա։ Այն դարձավ իմ առաջին ալբոմը՝ «Little Armenia»-ն, որն էլ հիմք դարձավ իմ ապագա երաժշտական կարիերայի։
CA. Կա՞ որևէ արվեստի գործ կամ արվեստագետ, ում աշխատանքները մեծագույն ազդեցություն են ունեցել ձեզ վրա։ Ինչո՞ւ։
ԲՌ. Կարծում եմ, որ գրեթե անհնար է ընտրել մեկ անձի կամ ալբոմի, ով ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել, բայց երաժշտական արտադրության տեսանկյունից՝ Madlib-ը ու J Dilla-ն մեծ ոգեշնչում են տվել ինձ։ Ես նաև մեծացել եմ հայկական երաժշտություն լսելով և ջազի, սոուլի և ռոքի մեծ երկրպագու եմ։
CA. Ձեր երաժշտությունը միաձուլում է բազմաթիվ ժանրեր, այդ թվում ՝ Էլեկտրոնային, ֆանկ, սոուլ, փսիխոդելիկ և Lo-Fi և միջին արեւելյան ռիթմեր, որոնք արտացոլում են նաև ձեր հայկական, լիբանանյան և լոսանջելեսյան ծագումը։ Որքա՞ն բնական կամ շարունակական էր ձեր աշխատանքը այդ ոճերում։
ԲՌ. Այն ամբողջովին օրգանական էր։ Այն ինձ շրջապատող ամեն ինչի համադրությունն էր, որը բնականաբար արտահայտվում էր իմ աշխատանքում։ Ես միշտ դժվարացել եմ իմ երաժշտությունը սահմանափակել միայն մեկ ժանրում, այնպես, ինչպես երբեք չեմ կարողացել լսել միայն մեկ տեսակի երաժշտություն։
CA. Դուք ուսումնասիրել եք ձեր հայկական ժառանգությունը ձեր երաժշտության մեջ, մասնավորապես «Little Armenia» ալբոմում, որում նվագել եք հայկական հազվագյուտ և կորած ձայնագրությունների նմուշներ։ Ինչպիսի՞ն էր ալբոմի վրա աշխատելը։ Ինչպե՞ս եք գտել այդ ձայնագրությունները։
ԲՌ. Այդ ալբոմի վրա աշխատելն աներևակայելի հաճելի էր, չնայած այն թողարկվեց իմ կարիերայի այն շրջանում, երբ չգիտեի, կկարողանամ արդյոք երաժշտությամբ զբաղվել ամբողջովին։ Բայց դա նաև ինձ ազատություն տվեց՝ չմտահոգվել, թե ինչպես ալբոմը կմեկնաբանվի և կենտրոնանալ ստեղծագործելու վրա։
Սկզբում հայկական ձայնագրությունները ծնողներիս հավաքածուից էի վերցնում։ Լոս Անջելեսի սկավառակների խանութներում գտա նաև տասնյակ հիանալի երաժիշտների, որոնք ավելի քիչ հայտնի էին, բայց ովքեր զարմանալի երաժշտություն էին գրել 60-70-ականների ընթացքում՝ հայկական ավանդական երաժշտությունը վերստեղծելով և համադրելով իրենց ժամանակի երաժշտության հետ։ Եվ մեծապես ոգեշնչված լինելով այնպիսի երաժիշտներից, ինչպիսիք են Madlib-ը ու J Dilla-ը, որոնք ձայնագրության նմուշներից ստեղծել են անկրկնելի գործեր՝ զգացի, որ ուզում եմ գտնել կորած հայկական ձայնագրությունները, որոնց մասին ոչ ոք չգիտեր։ Այն կարծես նորարարության համար անհրաժեշտ հատուկ բաղադրիչներ գտնելու գործընթաց լիներ։
CA. Անկախ երաժշտությունից դուրս դուք աշխատել եք նաև մի շարք ֆիլմերի երաժշտությունների վրա՝ այնպիսի վերնագրերի համար, ինչպիսիք են «How I Met Your Mother», Nike-ի «Sport Changes Everything» խթանման արշավը և VICE-ի մրցանակակիր «A Girl Walks Home Alone at Night» կինոնկարը։ Կինոյի և հեռուստատեսության համար ստեղծագործելու գործընթացն ինչո՞վ է տարբերվում ինքնուրույն աշխատելուց։
ԲՌ. Այն միանգամայն տարբեր է, քանի որ ենթադրում է մի բան ստեղծել, որը կհամապատասխանի կինոնկարի տրամադրությանը, այլ ոչ թե պարզապես ստեղծել այն, ինչ ուզում ես։ Դա իհարկե մարտահրավեր է, բայց նաև չափազանց օգտակար այն առումով, որ երբեմն ստիպում է քեզ դուրս գալ հարմարավետության գոտուց և սովորել բաներ, որոնք սովորաբար չեն պահանջվում ձեր սեփական աշխատանքում։
CA. Չնայած դուք արդեն բացահայտել եք շատ երաժշտական ժանրեր և ոճեր, այնուամենայնիվ, կա՞ որևէ գործիք կամ ոճ, որը դեռ չեք փորձել, բայց կցանկանայիք։
ԲՌ. Ես միշտ ցանկացել եմ հարվածային գործիքներ նվագել, և վերջերս լրջորեն մտածում եմ հարվածային գործիքներ գնելու մասին։ Ես միշտ խոր հիացմունք և հարգանք եմ տածել թմբկահարների նկատմամբ, և իմ կարծիքով հարվածային գործիքները արտադրության ամենակարևոր մասն են։ Դուք միշտ կարող եք տարբերել լավ արտադրողին, նրանց հարվածային գործիքների օգտագործմամբ՝ թե՛ ռիթմիկ և թե՛ ձայնային տեսանկյուններից։
CA. Երաժշտություն ստեղծելը ենթադրում է ստեղծարարության և նվիրվածության մեծ պաշարներ։ Ի՞նչ եք ինքներդ համարում ամենադժվարը որևէ նախագծի վրա աշխատելիս։
ԲՌ. Ինձ համար ամենադժվարը հասկանալն է, թե որ երգը պետք է լինի սինգլ, և որը ամենից լավ կընդունվի ունկնդրողի կողմից։ Բազմաթիվ առիթներ են եղել, երբ իմ սիրած երգերը հատուկ ուշադրության չեն արժանացել ուրիշներից կողմից։ Եվ եղել են երգեր, որոնք իմ նախընտրած երգերը չէին, բայց որոնք ամենից շատն են գրավել մարդկանց։
CA: Ունե՞ք որևէ ստեղծագործություն, որով ամենից շատն եք հպարտանում։
ԲՌ. Մեկը, որով ամենից շատն եմ հպարտանում «Custom Made Life» ալբոմն է, որը թողարկել եմ անցյալ տարի։ Առաջին անգամն էր, երբ ինքս էի գրում, երգում, արտադրում և նվագում իմ երաժշտությունը, ինչը միշտ ցանկացել եմ անել, բայց երբեք չի ստացվել։ Այն հավանաբար նաև իմ ամենահավաքական ալբոմն է, որի վրա աշխատել եմ այն օրվանից, ինչ փորձում եմ ներառել մի շարք երաժշտական ազդեցություններ՝ փոխարենը մեկ ժանրի հավատարիմ մնալու։
CA. Ո՞րն է ձեր ստեղծարար կարիերայի երկարաժամկետ տեսլականը։
ԲՌ. Շարունակել բացահայտել և ընդգրկել նոր գաղափարներ և մոտեցումներ, ինչպես նաև համագործակցել այլ երաժիշտների և վոկալիստների հետ։ Այն, ինչ ինձ ոգեշնչում է ստեղծագործել, իմանալն է, թե որքան մեծ են փորձարարությունների հնարավորությունները երաժշտության մեջ։
CA. Ի՞նչ ծրագրեր ունեք նախատեսված «Creative Armenia- AGBU Fellowship»-յան տարվա համար։
ԲՌ. Ես կցանկանամ կապ հաստատել համախոհ արվեստագետների հետ և իմ դրամաշնորհը ներդնել առաջիկա նախագծերի և գաղափարների մեջ։