«Դանքըրք»-ը՝ ընդդեմ «Խոստում»-ի
«Հակադրության արվեստը» խորագրի մեր առաջին հոդվածում երկու ֆիլմեր են, որոնք ներկայացնում են պատմական կարեւորագույն երկու իրադարձություններ՝ շատ տարբեր ձեւերով։
Օգոստոսի 10, 2017 | հեղ.` Բոբ Թեսիթըրն
Քրիսթոֆեր Նոլանի «Դանքըրք»-ը
Թերրի Ջորջի «Խոստում»-ը
Երկու ֆիլմերն էլ մեծապես անդրադառնում են խիզախության ու գոյատեւման թեմաներին։ Երկուսում էլ մահաբեր փախուստի գործողություններ են։ Երկուսն էլ ունեին 100 միլիոն ԱՄՆ դոլար բյուջե և օսկարակիր ռեժիսորներ։ Այդքանից զատ՝ դժվար է մտաբերել երկու պատմական մեծ այլ դրամաներ, որոնք իրարից այդչափ տարբերվեն, որքան «Դանքըրք»-ն ու «Խոստում»-ը։
Ձախ կողմում՝ Թերրի Ջորջը, աջում՝ Քրիսթոֆեր Նոլանը
Տարբերությունն սկսում է այն փաստից, որ Թերրի Ջորջի էպիկական ֆիլմը ներկայացնում է մի իրադարձություն (Հայոց ցեղասպանությունը), որը բացի դրա սերունդներից՝քչերը գիտեն, ու որը Հոլիվուդը հարյուր տարվա ընթացքում չի փորձել պատմել, մինչդեռ Նոլանի ֆիլմը մեզ տանում է դեպի բոլորիս կողմից քաջ հայտնի պատմության լոկ մի դրվագ (Դանքըրքի տեղահանումը), ընդհանուր գծերով թեև։ Ուստիև արդյունքն այն է, որ «Խոստում»-ը ձգտում է օգտագործել ֆիլմը պատմելու բոլոր դասական գործիքները, մինչդեռ «Դանքըրք»-ը ձգտում է պատմել պատմությունն՝ առանց դրանց։
Կադրեր Քրիսթոֆեր Նոլանի «Դանքըրք» ֆիլմից
«Դանքըրք»-ում «նացիստ» բառը չեք լսի ու ոչ էլ որեւէ հերոսի անուն կհիշեք։ Այստեղ չկա սիրո պատմություն, քաղցր հիշողություններ, երգեր եւ կատակներ՝ կրակի շուրջ, կանայք. միայն մեկի դեմքը մի պահ հայտնվում է ֆիլմի վերջում՝ իբրև կնճռոտ մի տեսիլք։ Եթե այդ տեղահանման ռազմական հանգամանքները չգիտեք, ավելին դժվար էլ իմանաք, բացի այն, թե ինչպես այն ֆիզիկապես իրականացվեց։ Ժամանակի կեսը չեք հասկանա՝ ինչ է կատարվում, գրողը տանի։ Պետք էլ չէ։ Եթե ինչ, սեփական շփոթությունը կմոտեցնի այն երիտասարդ տղաներին, ում փորձության մեջ էլ Նոլանը ձգտում է ներքաշել հանդիսատեսին։
Կադրեր Թերրի Ջորջի «Խոստումը» ֆիլմից
Նման արտիստիկ ոչ մի բացթողում «Խոստում»-ում չկա։ Այն շատ տարբեր խորություններ է առաջարկում՝ անհերքելի ազդեցությամբ, 1915 թ.-ին կորած և այնուհետ մոռացված քաղաքակրթության խորությամբ եւ գույնով։ Դիտե՛ք երկու ֆիլմերը միասին՝ մտքում ունենալով մի պարզ հարց. ինչպե՞ս է գիտելիքը, որը բերում եք ֆիլմ, սահմանում ֆիլմի ազդեցությունը ձեզ վրա։
Մի բան հստակ է. աշխարհն ավելի լավը կդառնա, երբ «Դանքըրք»-ի նման ֆիլմ հնարավոր լինի նկարահանել այնպիսի իրադարձության մասին, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է։
ՀԵՂԻՆԱԿ
Բոբ Թեսիթըրնը ռազմական և հետախուզական նախկին գործակալ է, ով Կաստրոյի դարաշրջանի մի շարք օպերաների ուրվական-հեղինակն է: