top of page

Մոնտաժի սենյակներն ու կոնյակը. Թերրի Ջորջը՝ վայրագությունները նկարահանելու արհեստի մասին

Վերջերս հյուրընկալեցինք «Ռուանդա հյուրանոց» և «Խոստումը» ֆիլմերի օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջին՝ իր վարպետության դասով: Ահա 19 մեջբերում.

Դեկտեմբերի 12, 2017  |  հեղ.` Creative Armenia

Screen Shot 2019-01-21 at 1.15.25 PM.png

1. Զազրելի հերոսների վերաբերյալ

Ինձ համար կինո նկարելը չարի նկատմամբ հաղթանակ տարած սովորական տղամարդկանց ու կանանց մասին պատմելն է, ովքեր հաճախ հայտնաբերում են, որ իրենք էլ արատավոր կերպարներ են: Փաստն այն է, որ արատավոր կերպարներն ավելի լավն են: Իմ կարծիքով չի կարելի ֆիլմ նկարել Հիսուս Քրիստոսի, Նելսոն Մանդելայի, Պելեի մասին, քանզի, ըստ էության, նրանք այդչափ արատավոր չեն, իսկ լավ ֆիլմ նկարելու համար անհրաժեշտ են կերպարներ, որոնք  մարդկային են։ Մարդկային ասելով՝ նկատի ունեմ մարդկային թերություններ ունեցող:

Թերրի Ջորջը՝ զազրելի հերոսների մասին 

2. Գեղարվեստական արժեքավորության վերաբերյալ

Պատմությունները, որոնք ես փորձում եմ ստեղծել, չափազանց կարևոր են «ես արվեստագետ եմ» հիմար եզրույթի կոնտեքստում լինելու համար: Իռլանդացի ժողովուրդը պատմություն պատմող է: Իմ գործը մարդ արարածի մասին պատմություններ պատմելն է: Ով ասի, թե հետևող անընդհատ նկարահանումը հրաշալի նկարահանում է, ավելի լավ է՝ մտածեք՝ լինելու է այն ֆիլմում, թե՞ ոչ։ «Խոստում»-ի  համար մենք այնքան շատ նման նկարահանումներ ենք արել, որոնք ֆիլմում չկան, որոնք դուրս են մնացել… Եվ այն ժամերը, որ ես հավելյալ ծախսել եմ` սխալ ճանապարհով գնալով:  

 

Եթե մեծ տարածություն ունեք պատմությունը պատմելու համար, ամբողջությամբ հետամուտ եղեք դրա արվեստին: Եթե փորձում եք Հայոց ցեղասպանությունը տեղավորել երկու ժամ տասը րոպեի մեջ, ապա հիմնականում մոռացեք հետևող անընդհատ նկարահանումների մասին, քանզի պատմություն ունեք պատմելու: 

3. Զգացմունքերի վերաբերյալ

Իմ գործը մարդկանց ոգևորել փորձելն է, խթանելը նրանց զգացմունքները ու ոչ թե ուղղակի պայթյուն դիտելու զգացումը: Ուզում եմ՝ կարեկցանք զգաք: Ուզում եմ՝ վիշտ զգաք, բարկություն զգաք. զգացմունքներ, որ մեծ ֆիլմերն էին առաջացնում, և որոնցից Հոլիվուդն այսօր հիմնականում հրաժարվել է՝ փոխարինելով դրանք կոպիտ ծիծաղով և հատուկ էֆեկտների պայթյուն - դղրդյունով: Մեր գործը բոլոր զգացմունքները խթանելն է, ինչը անում է հենց պատմությունը ու ոչ թե դրա առաջ բերած զարմանքը:   

Թերրի Ջորջը՝ գեղարվեստական արժեքավորության վերաբերյալ

4. Թեթևության վերաբերյալ.

Համոզվեք, որ ջանում եք խթանել բոլոր զգացմունքները՝ ներառյալ ծիծաղը: Նույնիսկ «Խոստում»-ի մեջ կան թեթև պահեր. երբ Մորուինը գցում է մարմինը վիրահատարանում, կամ երբ Անայի հորեղբայրն ասում է. «Շնորհակալ եմ, Աստված, կինս մեռավ. նա վհուկ էր... անապատի պես չբեր»: Իրականում, կարևոր է հանդիսատեսին թեթևություն պարգևելը: «Հանուն հոր» ֆիլմն էլ կատակներով լի է։

5. «Խոստում»-ը ֆիլմում քրդերի բացակայության վերաբերյալ.

Մեկն ինձ երեկ հարցրեց. «Ինչո՞ւ «Խոստում»-ում քրդեր չկային»: Ասեմ՝ինչու. որովհետև չէի կարող հիմնավորել նրանց:  Արդեն իսկ բարդ պատմության մեջ ևս մի գործոն ներմուծելը շատ հեռու տանող քայլ էր:     

Screen Shot 2019-01-21 at 1.15.34 PM.png

6. Պատմություն պատմելու իր  մանտրայի վերաբերյալ.

Մենք «Ռուանդա հյուրանոց» ֆիլմում մանտրա ունեինք, որն այնուհետև փոխանցեցինք «Խոստում»-ը ֆիլմին: Եվ այդ մանտրան մի բառ էր՝ Փիորիա: Իլինոյս նահանգում գտնվող Փիորիան Միացյալ Նահանգների կենտրոնն է: Ու ասացինք իրար. «Եթե Փիորիայում այս ֆիլմը չհասկանան, ուրեմն ձախողվել ենք»:

7. Կուբրիկի հետևյալ մեկնաբանության վերաբերյալ. «Հոլոքոստը վեց միլիոն հրեաների մասին է, որ մեռան, «Շինդլերի ցուցակը»՝ վեց հարյուր մարդու, որ չմեռան»:

Սթենլի Կուբրիկին արդարացում չկա. դա անհեթեթություն է, որովհետև աշխարհի մեծ մասը Հոլոքոստը հասկանում է «Շինդլերի ցուցակ»-ի շնորհիվ: Կամբոջայի ցեղասպանության մասին իմ իմացությունը «Մահի դաշտերը» ֆիլմից է, Չիլիի հեղաշրջման ճանաչողություն՝ «Անհետ կորածը» ֆիլմից Ջեք Լեմոնի մասնակցությամբ: Ջիմ Շերիդանն ու ես փորձեցինք «Հանուն հոր», «Բռնցքամարտիկը», «Մի մոր որդի» ֆիլմերով լուսավորել մարդկանց` Հյուսիսային Իռլանդիայում տիրող իրավիճակի վերաբերյալ:  

 

Մեր կարծիքով «Ռուանդա հյուրանոցը» ցուցադրվելու էր վեց կինոթատրոնում, կաբելային հեռուստատեսությամբ և անհետանալու էր։ Բայց ահա հաղթեցինք Տորոնտոյում` շահելով «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը, և դա թռիչքի սկիզբը եղավ: «Ռուանդա հյուրանոց»-ը պատճառ դարձավ, որ «Սթարբաքսը» հասնի Ռուանդա: Ջորջ Բուշն այն դիտել է երկու անգամ. անկախ նրանից՝ ինչ եք մտածում նրա մասին՝ Աֆրիկայում նա մեծ աշխատանք է տարել. փոփոխություններ է արել Դարֆուրում, որտեղ արշավն անմիջականորեն«Ռուանդա հյուրանոցի» օգնությամբ եղավ:

 

Այնպես որ՝ կինոն՝ քաղաքական կինոն, իրոք հսկայական ազդեցություն ունի. այսօր մարդիկ այդպես են կրթվում: Ահա թե ինչու թուրքական կառավարությունը որոշեց ու նկարեց «Օսմանյան լեյտենանտը» վերնագրով ֆիլմ՝ լիովին կեղծ մի պատմությամբ։ Նրանք գումարներ ծախսեցին մեր ֆիլմը վարկաբեկելու համար, և կշարունակեն նույնն անել, որովհետև «Խոստումը» նայելուց հետո մարդկանց առաջին արձագանքն այսպիսին է. «Ես չգիտեի, որ նման բան է եղել։ Ես չգիտեի, որ հայերի հետ նման բան է պատահել»:

Թերրի Ջորջը «Շինդլերի ցուցակը» ֆիլմի մասին 

8. Կինոազդեցության մասին.

 

Կոստա-Գավրասը, մեծն Դեյվիդ Լինը, իհարկե… Ջոն ֆորդը. ի նկատի ունեմ՝ ես սիրում եմ «Որոնողները», բոլոր հին հրաշալի «վեսթերնները»: Ինձ համար կարևորը պատումն է։ Ես թատրոնից եմ դուրս եկել Ջիմ Շերիդանի հետ միասին. այնպես որ՝ մենք իռլանդական պատմություն պատմող ավանդույթից ենք սերում:

 

9. Կրճատման կարևորության վերաբերյալ.

 

Եթե անգամ աննշան կասկած ունեք, որ որևէ բան թույլ է, ուրեմն հաստատ թույլ է: Գիտե՞ք, եթե կասկած ունեք («Վստահ չեմ, թե սա չի ստացվի»), ապա դեն նետեք: Մյուս կանոնը, որ ճշմարիտ լինելու միտում ունի, հետևյալն է. հեռացնում եք հենց այն, ինչն ամենից շատ եք սիրում: Այն տեսարանը, որին ամենից շատ եք կառչած, միշտ մոնտաժի սենյակ մտնելու կարիք ունի:  

 

10. Սցենար գրելու իր սահմանումի վերաբերյալ.  

 

Սցենար գրելը՝ հատկապես քաղաքական ու ոչ գեղարվեստական ժանրի սցենար, պատումի «թորումն» է մինչև կոնյակ դառնալը:   

 

11. Գրելու իր մեթոդի վերաբերյալ.

 

Ես աղբատար եմ եղել, տաքսու վարորդ, բարմեն. ամեն տեսակի շինարարական գործի մեջ եմ եղել։ Ամենաբարդը առաստաղ պաստառապատելն էր: Բայց և այնպես կնախընտրեի ամեն օր առաստաղ պաստառապատել, քան սցենար գրել: Ինձ վերջնաժամկետ է պետք. ու երբ այն մոտենում է, նստում ու գլուխ ես հանում՝ ինչպես կարող ես: Ալ Պաչինոյի «Արդարադատություն ամենքի համար» ֆիլմում, կարծեմ, Չարլզ Դյորնինգն էր խաղում խելագար դատավորի դերը: Նրա հոբբին ուղղաթիռով թռչելն էր, բայց նա ծովի վրա թռչում էր այնքան, մինչև վառելիքի ցուցիչը կեսից էլ ցած էր ընկնում. հետո փորձում էր հետ դառնալ: Նույնը ես անում եմ սցենարների հետ:

 

12. Եռամաս կառուցվածքի վերաբերյալ.

 

Ես ամբողջովին հակված եմ կառուցվածքին երեք գործողությամբ: «Խոստում»-ի մեր երկընտրանքներից մեկը, որը չկարողացա լուծել, հետևյալն էր. ավելի լավ է՝ առաջին գործողությունն ավարտվի երեսուներորդ րոպեին: Ժամանակակից հանդիսատեսը ծայրահեղ անհանգիստ է դառնում, եթե երեսուն րոպե անց որևէ խոշոր բան տեղի չի ունենում: «Խոստում»-ում Միքայելին ձերբակալում են միայն քառասուն րոպե անց: Այդ խնդիրը լուծել չկարողանալու պատճառն այն էր, որ այդ քառասուն րոպեների մեջ այնքա՜ն բան ունեինք խցկելու. պիտի նրան Սիրունից հեռացնեինք, Անայի հետ հանդիպեցնեինք, պիտի այնտեղ լիներ Քրիսը, պիտի հանդիպեինք Թալեաթ փաշային, պիտի հանդիպեինք գերմանացուն… Շատ էր իրոք, և տեղին քննադատություններից մեկն այն է, որ ֆիլմը սկսելու համար

դա չափազանց դանդաղ է: Ես ընդունում եմ, բայց փորձեցինք... Ինքնին պատմությունը պատմելու կարիքից ելնելով՝ երբեմն ստիպված ես հանդիսատեսին խնդրել, որ համբերատար լինի: Ու մեր հանդիսատեսը համբերատար է՝ ի տարբերություն քննադատների: Բայց ես հավատում եմ նոթեր օգտագործելու այդ կառուցվածքին, ինչին հաջորդում է կադրերի շարքը (storyboard) իսկապես խոշոր ձևափոխությունների համար:  

 

13. Դերասանների հետ աշխատանքի վերաբերյալ.

 

Դերասաններն աշխարհի ամենահամարձակ ու ամենախենթ մարդիկ են, քանի որ նրանց դեմքերն այնտեղ՝ վեց մետր բարձրության վրա են լինելու, ու նրանք վստահում են քեզ, քո տված ուղղություններին ու տողերին, որոնց պատճառով իրենք հիմար չեն երևա: Բարձրակարգ դերասաններին, որոնց հետ աշխատել եմ՝ Հելեն Միրենը, Դասթին Հոֆմանը, Դենիել Դեյ-Լյուիսը, Հոաքին Ֆինիքսը, Մարք Ռուֆալոն, Քրիսթիան Բեյլը, Օսքար Այզեքը, Ջեյմս Քրոմուելը… ո՞վ եմ ես, որ ինչ-որ բան ասեմ: Իմ գործը ճանապարհից դուրս գնալն է, նրանց բացատրելը, թե տեսարանում կատարվելիքի վերաբերյալ ինչ հույսեր ունեմ ու թողնելը, որ նրանք դա անեն: Ու եթե նրանք ասում են, որ չեն կարող այդ տողն արտաբերել կամ չեն կարծում՝ տողը տեղին է, թողեք ասեն՝ ինչ ուզում են, որովհետև, ի վերջո, վերադառնալու են դեպի պատումը:  

14. Բազմակի դուբլեր անելու վերաբերյալ.

 

Որևէ մեկին յոթանասուն անգամ նույն բանն ասել տալու այդ ողջ պատմությունը… Երբեք վեց դուբլից անդին անցնելու ճոխություն չեմ ունենում: Եթե արդեն տասներորդ դուբլն ենք նկարում, փորձում եմ հասկանալ՝ ինչն է սխալ այդ տեսարանի հետ, և ինչպես այն փոխարինել իսկույն ևեթ։

Screen Shot 2019-01-21 at 1.15.43 PM.png

15. Գրաֆիկական պատկերումներից խուսափելու վերաբերյալ.  

 

Ինձ համար դա նույն է, ինչ թողնես՝ հանդիսատեսը քեզ համար աշխատի, թողնես՝ դերասանն անի ողջ գործը ու հանդիսատեսին իր հետ տանի, որովհետև ինձ համար միևնույնն է՝ որքան արյուն շաղ կտաս տեսարանում. երբեք չես կարողանալու սարսափին համապատասխան իրականություն ստեղծել:

 

Ո՞րն էր այն միակ բանը, որ կարող էի մահվան այդ քայլերթում անել՝ ջանալով դրանում ընդգրկել մեր կարդացածի սարսափը. խեղվող մարդկանց, կանանց որովայնից դեռ չծնված երեխաներին կտրել-հանե՞լը, գլխատումնե՞րը… Ո՞րն  էր այն միակ բանը, որ վարկանիշների համատեքստում կարող էի անել՝ ընդգրկելով Քրիսին ու գրավելով հանդիսականին: Դա փախչող կնոջն ու փոքրիկ աղջկան նկարելն էր: Թե՛ կինը և թե՛ աղջնակը լրացուցիչ կադր էին: «Թորում» ասելով` ահա այս պահերի մասին էի խոսում. գտնել այն պահը, որ ձեր փոխարեն կպատմի պատմությունը:  

 

16. Իր երբևէ գրած լավագույն տողի վերաբերյալ («Հանուն հոր» ֆիլմից).

 

Ջերրի Քոնլոնը մեղավոր է ճանաչվել գինետան պայթյունի և մարդկանց մահվան պատճառ դառնալու համար: Նա ցմահ բանտարկության է դատապարտվել, գումարած՝ երեսուն տարի: Նրան օգնության հասած հայրն էլ դատապարտվել է տասնութ տարվա ազատազրկման: Նրանք մերժվածներ են՝ «պարիա», բանտի վտարանդիներ… Նրանք նստած են չորրորդ հարկում։ Ավելի տարիքովը գիտի, որ բանտում է մեռնելու, ու ասում է որդուն. «Այս չիփսերը վատը չեն...»

 

Դա Ջուզեպե Քոնլոնի, և ֆիլմի ողջ գաղափարի ամփոփումն է. ձևացնել, թե հույս է տեսնում այնտեղ, որտեղ հույս բոլորովին չկա:

 

17. Կինոստեղծման մեջ ընդգրկվելու լավագույն ձևի վերաբերյալ.  

 

Ընդգրկվեք թատրոնում՝ սիրողական թատրոնում, որովհետև այդ խմբում արդեն իսկ ունեք ձեր կինոընկերությունը: Գնում եք այնտեղ, աշխատում եք. տեսնում եք դերասաններին բեմում և մի օր նրանց ասում եք. «Ի դեպ, ես ահա այս փոքրիկ սցենարն ունեմ, կուզենայի՞ք գալ նկարահանվել»:

 Թերրի Ջորջը՝ կինոստեղծման մեջ ընդգրկվելու լավագույն ձևի մասին

18. Creative Armenia-ի 60 վայրկյան տևողությամբ ֆիլմ մարտահրավերի վերաբերյալ.

 

Արդյունքները ֆանտաստիկ էին: Հիշեք՝ լավագույն և ամենաթանկարժեք գովազդն աշխարհում հեռուստատեսությամբ երեսուն վայրկյան կամ մեկ րոպե տևողությամբ հոլովակն է: Հաճախ լավագույն կինոռեժիսորները՝ Ռիդլի Սքոթը, Փարքերը, գովազդից են սկսել: Այնպես որ մարտահրավերն իսկապես ոգևորիչ էր: Ինքս գլուխ չէի հանի, հաստատ եմ ասում։

 

19. Նորից «Խոստում»-ի վերաբերյալ.

 

Ֆիլմին պակասում է նաև թուրքական մտածողության ըմբռնումը: Ինչո՞ւ ցեղասպանություն իրականացրին։ Մի տեսարան ունեինք Թալեաթ փաշայի, դոկտոր Նազիմի և բանակի որոշ գեներալների հետ, որով բացատրվում էր Օսմանյան կայսրությունը մաքրելու, հայերին երկրի երեսից սրբելու նրանց վճռականությունը: Եվ ես օգտագործում եմ այն բառերը, որ դոկտոր Նազիմը, Թալեաթ փաշան և մյուսներն ասել են: Մենք հետ ու առաջ քննարկում էինք՝ արդյո՞ք այդ տեսարանը պիտի մտնի ֆիլմ, թե՞ ոչ։ Ի վերջո այն ֆիլմում տեղ չգտավ (թեև կա DVD-ում):

 

Եթե իմ կամքը լիներ այսօր, ես կասեի. «Լսե՛ք, եկեք մոռանանք ֆիլմի մասին. եկեք նկարենք ութ ժամ Netflix-ով, և այս պատմությունն իսկապես ճշգրիտ ներկայացնենք: Մեդիան հիմա առաջադիմել է. վեցժամյա, ութժամյա սահմանափակ ֆիլմաշարն ամենակարևոր կրթական գործիքն է թերևս, որ այսօր ունենք:

 

Սրանք հատվածներ էին Թերրի Ջորջի, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի և Creative Armenia -ի տնօրեն Կարին Հովհաննիսյանի զրույցից: Զրույցը տեղի ունեցավ Երևանում (Հայաստան) և հյուրընկալվեց Creative Armenia-ի և ՀԲԸՄ-ի կողմից։

bottom of page