Կուրատորություն՝ առաքելությամբ
Սեպտեմբերի 7, 2022թ. | հեղ.` Creative Armenia
Ժամանակակից և հայկական արվեստի հանդեպ համատեղ կրքից ծնված՝ Աթամյան Հովսեփյան կուրատորական պրակտիկան պարզապես կուրատորական գործակալություն չէ: Այն ավելին է։ Հիմնադրված նյույորքաբնակ քննադատ և բազմահարթակ պատմասաց Քրիսթոֆեր Աթամյանից և գրող ու համադրող Թամար Հովսեփյանից կազմված «ուժային կայանի» կողմից՝ նախաձեռնությունը հավակնոտ առաքելություն է ստեղծում՝ ցուցադրել թերներկայացված ձայների կողմից կերտված արտասովոր ժամանակակից արվեստը՝ համաշխարհային դիսկուրս բերելով կանանց, ԼԳԲՏՔ+ և գունավոր մաշկ ունեցող արվեստագետների արվեստը: Առանձին-առանձին ուսումնասիրելով նախագծերը՝ իմացե՛ք ավելին այն փոքր ու մեծ քայլերի մասին, որոնք ձեռնարկում են համադրողներ ՝ իրենց տեսլականը կյանքի կոչելու համար:
Քրիեյթիվ Արմենիա. – Քրիս, Թամար, ինչպե՞ս ծնվեց Աթամյան Հովսեփյան կուրատորական պրակտիկան:
Քրիսթոֆեր և Թամար. – Մենք իրար երկար տարիներ ենք ճանաչում և յուրաքանչյուրս բազմիցս գրել ենք արվեստի մասին և համադրել ցուցահանդեսներ ու խոր հարգանքով ենք վերաբերվում միմյանց մասնագիտորեն և անձնապես: Միավորվելը լիովին խելամիտ էր, այնպես որ մենք հենց դա էլ արեցինք: Աթամյան Հովսեփյան կուրատորական պրակտիկան հիմնադրվեց 2022-ի սկիզբին, և մեր առաջին ու հաջող ցուցահանդեսը` «Անցած բաների ապագան» (անգլ.՝ The Future of Things Passed), կայացավ մայիսին Մանհեթնի Չելսի թաղամասում, որտեղ ներկայացված էին չորս նշանավոր ամերիկահայ կին արվեստագետների՝ Իոժեն Ագոփյանի, Մելիսա Դադուրյանի, Լինդա Գանջյանի և Ջուդիթ Սիմոնյանի գործերը։
ՔԱ. – Ինչո՞վ է կուրատորական պրակտիկան տարբերվում սովորական պատկերասրահից:
Քրիսթոֆեր և Թամար. – Իբրև համադրողներ՝ մենք ցուցահանդեսներ ենք կազմակերպում տարբեր վայրերում՝ պատկերասրահներում, թանգարաններում, հանրային վայրերում և այլն:
Այդպես փորձառությունն ավելի հարուստ է լինում, քան առանձին պատկերասրահի դեպքում. այն մեզ հնարավորություն է տալիս ավելի ճկուն լինել և՛ արվեստագետների, և՛ ցուցահանդեսի թեմաների ընտրության հարցում: Սովորական ցուցասրահների նման մենք նույնպես վաճառում ենք մեր ցուցադրած գործերը, բայց մենք ավելի ակադեմիական, քննադատական մոտեցում ունենք, քան հասարակ դիլերները, որոնց խնդիրը սովորաբար գործը հնարավոր ամենաբարձր գնով վաճառելն է պարզապես:
ՔԱ. – Ինչպե՞ս եք ընտրում ձեր արվեստագետներին:
Քրիսթոֆեր և Թամար. – Մենք ընտրում ենք արվեստագետների, որոնք, ըստ մեզ, կարևոր բան ունեն ասելու աշխարհի կամ ստեղծագործական/արարման գործընթացի մասին, որը հոմանիշ է կենդանի լինելուն՝ մի բան, որ մենք հաճախ մոռանում ենք հակամարտությունների և խնդիրների պատճառով, որոնց ականատես ենք այսօր աշխարհում։ Մենք կենտրոնանում ենք թերներկայացված արվեստագետների՝ գունավոր մաշկ ունեցող արվեստագետների, կանանց, հայ արվեստագետների, ԼԳԲՏՔ+ համայնքի ներկայացուցիչների վրա: Բազմաթիվ արվեստանոցներ ենք այցելում և արդեն արվեստագետների մեծ ցանց ունենք ԱՄՆ-ում, Եվրոպայում ու Հայաստանում և նախատեսում ենք ցուցադրել ու ներկայացնել նրանց բոլորին:
ՔԱ. – Այսպիսով, դուք, ինչ-որ առումով, «նպատակ հետապնդող համադրողներ» եք:
Քրիսթոֆեր և Թամար. – Նախ և առաջ, մեր մտադրությունը կարևոր ու գեղեցիկ արվեստն աշխարհին ի ցույց դնելն է, իսկ նպատակներներ ունենալը, որոնց մենք աջակցում և հավատում ենք, դրա մի մասն է:
ՔԱ. – Կանայք և ԼԳԲՏՔ+ արվեստագետները դեռևս թերներկայացվա՞ծ են հիմնական հավաքածուներում:
Քրիստոֆեր և Թամար. – Անկասկած: Թանգարանների հիմնական հավաքածուներում դեռ շատ քիչ կանայք կան: Հաճախ արվեստի այն տեսակը, որը հասարակության մեջ թույլատրվում էր կանանց ստեղծել, ինչպիսին են, օրինակ, «տնային արհեստները», նսեմացվել կամ ինչ-որ կերպ ստորադասվել են «գեղարվեստին»: Իրականում, նրանց աշխատանքը նույնքան ուշագրավ էր՝ մանածագործություն, ասեղնագործություն և այլն... Բոլոր մեծագույն կին գեղանկարիչների մասին էլ չասած, ինչպիսիք են Մերի Կասատն ու Արտեմիսիա Ջենտիլեսկին, ցանկը երկար է: Այցելեք այսօր ցանկացած արվեստանոցային դասընթացների ծրագիր և կտեսնեք, որ ուսանողների կեսը կանայք են: Ուրեմն ինչո՞ւ են այնպիսի անունները, ինչպիսիք են Բենքսին (անգլ.՝ Banksy), Դեմիեն Հըրսթը (անգլ.՝ Damien Hirst) և Անսելմ Քիֆերը (անգլ.՝ Anselm Kiefer), դեռ հնչում մեր շուրթերից, իսկ նրանց կին գործընկերներինը՝ ոչ:
Ինչ վերաբերում է ԼԳԲՏՔ+ մարդկանց, նրանք միշտ էլ հսկայական տեղ են զբաղեցրել արվեստի բոլոր ձևերում՝ այդ թվում գեղարվեստում, տեսողական արվեստում և կինոյում: Մենք փորձում ենք նրանց ԼԳԲՏՔ+ ինքնությունը հանրության ուշադրությանը ներկայացնել և օգնել նրանց ոչ թե թաքցնել այն ու ամաչելը դրանից, այլ հպարտանալ դրանով: Մեծ է միասեռական արվեստագետների թիվը, որոնք ներդրում են ունեցել հասարակության զարգացման գործում, սակայն մեծ է նաև ՁԻԱՀ-ի ճգնաժամի ժամանակ մահացածների թիվը: Պարի բնագավառում հայտնի էր Նուրեևը (անգլ.՝ Nureyev), Ալվին Էյլին (անգլ.՝ Alvin Ailey), Ջոֆրին (անգլ.՝ Joffrey). արվեստում՝ Քիթ Հարինգը (անգլ.՝ Keith Haring), Դեյվիդ Վոյնարովիչը (անգլ.՝ David Wojnarowicz), Փիթեր Հյուջարը (անգլ.՝ Peter Hujar) և այլն: Դա ամենաքիչն է, որ մենք կարող ենք ի շնորհակալություն նրանց անել:
ՔԱ. – Ինչու՞ հիմնական հավաքածուներում ավելի շատ հայ արվեստագետների չենք տեսնում: Օրինակ՝ Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում (անգլ.՝ Met) կամ Ժամանակակից արվեստի թանգարանում (անգլ.՝MoMA):
Քրիսթոֆեր և Թամար. – Այդ թանգարանների հավաքածուներում կան մի քանի հայ արվեստագետներ, մի քանիսը կան նաև այլ թանգարաններում: Սակայն կրիտիկական զանգված չեն կազմում։ Քննարկվող արվեստագետներից շատերը սփյուռքահայ արվեստագետներ են և, հետևաբար, ինստիտուցիոնալ առումով, որպես հայ չեն նույնականանում: Նրանք «ֆրանսիացի» են, «գերմանացի», կամ՝ «ամերիկացի»։
Դա նորմալ է, իհարկե, բայց հենց այստեղ ենք մենք՝ համադրողներս, անհրաժեշտ: Թամարը ծնվել է Հայաստանում, իսկ Քրիթոֆերը մոր կողմից իտալացի է, հոր կողմից՝ ամերիկահայ: Մենք պետք է ընդգրկենք սփյուռքահայ արվեստագետներին հայկական համատեքստում. դա այն է, ինչ արեցինք «Անցած բաների ապագան»՝ մեր առաջին Չելսիի ցուցահանդեսում: Մարդիկ դրականորեն արձագանքեցին ցուցադրությանը մասամբ այն պատճառով, որ վերջինս շատ առումներով նրանց հոգեհարազատ էր։
Մենք նաև փորձում ենք ձևավորել հայ նմուշահավաքների խումբ, որոնք հավաքում են ինչպես հայկական, այնպես էլ ոչ հայկական արվեստի նմուշներ: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ որոշակի գաղափարներ և միտումներ յուրացնեն, ինչպես նաև ընտելանան այն գաղափարին, որ արվեստի մեջ արժե ներդրում կատարել ճիշտ այնպես, ինչպես անշարժ գույքի, բաժնետոմսերի, պարտատոմսերի և կրիպտոարժույթի մեջ: Հնարավոր է՝ ստիպված լինեն ավելի երկար սպասել, բայց շահույթը կարող է էլ ավելի մեծ լինել: Իսկ արվեստը, թերևս, կյանքի գերագույն հաճույքն է. այն գոյություն է ունեցել դեռևս նեանդերթալցիների ժամանակներից, երբ մեր առաջին նախնիները նկարում էին քարանձավի պատերին:
ՔԱ. – Որո՞նք են ձեր հաջորդ նախագծերը, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել:
Քրիսթոֆեր և Թամար. – Աշխատում ենք մի քանի ցուցահանդեսների և նախագծերի վրա՝ համագործակցելով ԱՄՆ-ի և Հայաստանի հաստատությունների հետ։ Մեր հաջորդ ցուցահանդեսը Նյու Յորքի Ամերիկայի լիբանանյան համալսարանում է (անգլ.՝ the Lebanese University of America in New York), 2022 թվականի սեպտեմբերի 6-ից 19-ը: «Արվեստ սովորելու համար, արվեստ ապրելու համար»-ը լիբանանյան և միջազգային առաջատար ժամանակակից նկարիչների, լուսանկարիչների, քանդակագործների և մուլտիմեդիա արվեստագետների ստեղծագործությունների խմբակային ցուցահանդես է: Ցուցահանդեսը կուղեկցվի առցանց աճուրդով։ Աճուրդից ստացված հասույթը ուղղվելու է Լիբանանյան ամերիկյան համալսարանի ուսանողների ֆինանսական օգնությանը և քաղցկեղի բուժմանը: Ապագա ցուցահանդեսներ են նախատեսվում Մասաչուսեթսում Մոսեսյան արվեստի կենտրոնում (անգլ.՝ the Mosesian Center for the Arts in Massachusetts) և Ժամանակակից փորձարարական արվեստի կենտրոնում (անգլ.՝ the Contemporary Experimental Art Center)։ Շուտով մենք նաև կհայտարարենք կացության ծրագիր Երևանի Աշոտ Յոհաննիսյանի անվան հումանիտար գիտահետազոտական ինստիտուտի հետ համագործակցությամբ։
ՔԱ. – Որտեղի՞ց կարող ենք ավելին իմանալ Աթամյան Հովսեփյանի մասին:
Քրիսթոֆեր և Թամար. – Մենք ունենք համապարփակ կայք, որտեղ կարող եք տեղեկանալ մեր նկարիչների և ցուցահանդեսներին՝ www.atamianhovsepian.art։ Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին, որպեսզի կարողանանք ձեզ իրազեկել Աթամյան Հովսեփյան կուրատորական պրակտիկայի բոլոր հետաքրքիր իրադարձությունների մասին: