top of page

Մշակութային ամենակեր

Ծանոթացե՛ք՝ Արմեն Յեսայանց՝ համակարգող, պատմաբան և 2022թ.-ի Creative Armenia-AGBU Fellow։

Հոկտեմբերի 26, 2022թ. |  հեղ.` Creative Armenia

85250a429fc0-Armen_Yesayants_edited_edited.jpg

Համադրող և արվեստի պատմաբան Արմեն Եսայանցը գլուխկոտրուկի պես հավաքում է հայ արվեստի կորած, մոռացված, անտեսված և լքված գործերը։ Նա մեկ առ մեկ խնամքով ու հոգատարությամբ միացնում է ցրված կտորները, որպեսզի աշխարհին բանա մեր գեղարվեստական ժառանգության զարմանալի բազմազանությունը: Նրա տեսանկյունը, ներըմբռնումներն ու բացահայտումներն աննկատ և չգնահատված չեն մնացել. հանգրվան են գտել Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, որտեղ Արմենը, որպես ցուցահանդեսների գծով տնօրեն, ձևավորում է ժամանակակից արվեստի ուղղությունը:

 

Մեր թիմի հետ հարցազրույցում Արմենը կիսվել է իր ձեռք բերած իմաստնության մի մասով։ Պատրա՛ստ եղեք խորը ընկղմվել հայկական արվեստի աշխարհի մեջ՝ 2022թ.-ի Creative Armenia-AGBU Fellow-ի ներըմբռնումների և պատմությունների միջոցով:

 

Creative Armenia. Պատմե՛ք մեզ մի փոքր այն մասին, թե ինչպես սկսեցիք համադրողի և արվեստի պատմաբանի ձեր ուղին։

 

Արմեն Եսայանց. Չէի ասի, թե մանկուց էի պլանավորել։ Ինչ խոսք, միշտ տարված եմ եղել արվեստով։ Սիրում էի նկարել, հաճախում էի երաժշտական դպրոց, մասնակցել եմ դպրոցի բոլոր ներկայացումներին։ Բայցևայնպես, ես հստակ չէի պատկերացնում իմ հետագա կարիերան: Ի վերջո, ընդունվեցի Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոն։ Բակալավրիատը, մագիստրատուրան և ասպիրանտուրան ավարտել եմ մայր բուհում: ԵՊՀ-ի տարիներին աշխատել եմ արվեստի հետ կապ չունեցող տարբեր վայրերում։ Բայց նաև աշխատել եմ մի քանի ցուցահանդեսների վրա և, Կալենցի ժառանգների հետ միասին, եղել եմ Կալենցի թանգարանը ստեղծող թիմի անդամ, որտեղ ներկայացված էին Հարություն և Արմինե Կալենցի գործերը (թեկնածուական ատենախոսությունս նվիրված էր տեսողական արվեստում Հ. Կալենցի գունային ընկալմանը):

 

Այն բաժինը, ուր սովորել եմ, հիմնականում կենտրոնացած էր միջնադարյան հայկական արվեստի վրա, սակայն ինձ միշտ առավել գրավել է արդի և  ժամանակակից արվեստը: 2012 թվականին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) թափուր աշխատատեղի հայտարարություն աչքովս ընկավ. միշտ երզում էի այնտեղ աշխատել, ուստի պարբերաբար ստուգում էի աշխատանքի հայտարարություններն այդ հաստատությունում: Դիմեցի և բարեբախտաբար անցա աշխատանքի կուրատորի օգնականի պաշտոնում։ Ինձ համար դա հետաքրքիր նոր մարտահրավեր էր, և ես ուրախ էի գործնական կիրառություն տալ տեսական գիտելիքներիս։ 2016 թվականին մեր հոգաբարձուների խորհուրդը որոշում է պաշտոնս բարձրացնել և նշանակում է ինձ ցուցահանդեսների գծով տնօրեն: ԳԱԿ-ում իմ գործունեությանը զուգահեռ դասախոսել եմ նաև ԵՊՀ-ում և Հայ-ռուսական համալսարանում, ներգրավված եմ եղել կերպարվեստին առընչվող տարբեր պետական և մասնավոր նախաձեռնություններում, աշխատել եմ արվեստագետների հետ և միջազգային ճանաչում ապահովել նրանց:

 

2016 և 2017 թվականներին Լոնդոնում մասնակցել եմ երկու կարևորագույն ծրագրի. առաջինը կազմակերպվել էր Բրիտանական խորհրդի կողմից Ուայթչապել  պատկերասրահում (անգլ.՝ Whitechapel Gallery) և վերաբերում էր ժամանակակից արվեստի ցուցահանդեսների ստեղծմանը, իսկ երկրորդը «Թեյթ ինթենսիվ» կոնֆերանսն էր (անգլ.՝ Tate Intensive)՝ Թեյթ Մոդեռն թանգարանում (անգլ.՝ Tate Modern): 2018 թվականին, երբ իմ միջազգային կապերն արդեն թափ էին առել, Չիվնինգ կրթաթոշակ (Chevening Scholarship) եմ ստանում և տեղափոխվում Լոնդոն։ Լոնդոնի Քինգս քոլեջում սովորում եմ Արվեստների և մշակութային կառավարում բաժնում (ստանում եմ մագիստրոսի կոչում). կյանքիս այս նոր էջն ամբողջովին ֆինանսավորվում էր ԳԱԿ-ի կողմից: Սա զարմանալի ճամփորդություն էր, որը ոչ միայն նոր գիտելիք ու փորձ տվեց, այլև՝ կապեր և հետաքրքիր համագործակցություններ, որոնց թվում են Sotheby’s աճուրդի տունն (անգլ.՝ Sotheby’s Auction House) ու Հայկական ինստիտուտը:  2019 թվականին, վերադառնալով, կրկին զբաղեցնում եմ իմ պաշտոնը ԳԱԿ-ում և շարունակում հայ ժամանակակից արվեստին համաշխարհային ճանաչում տալու իմ ջանքերը։

 

CA.- Կպատմե՞ք Ձեր ստեղծագործական ներշնչումների մասին և թե ինչ եք սովորել դրանցից:

 

ԱՅ.- Դժվար է ընտրել  կոնկրետ մեկ ներշնչում, քանի որ ես ինձ մշակութային ամենակեր եմ համարում: Այսպիսով՝ ինձ կարող է ոգեշնչել ինչպես  Անրի Մատիսը, այնպես էլ՝ Ժան Միշել Բասկիան, և՛ Քանյե Ուեսթը, և՛ Արվո Պարտը: Այնուամենայնիվ, երբ ստեղծագործական արդյունաբերությանը նայում ենք  կառավարման տեսանկյունից, ինձ համար հեղինակություն են հանդիսանում այնպիսի մասնագետներ, ինչպիսին է Նիկոլաս Սերոտան՝ երկար տարիներ Թեյթ գեղարվեստի թանգարանի տնօրենը, որը հիմնադրել է Թեյթ Մոդեռն թանգարանը՝ արդի և ժամանակակից արվեստի լավագույն հաստատություններից մեկն աշխարհում:

 

Ինձ համար մեկ այլ մեծ ներշնչանքի աղբյուր է Հանս Ուլրիխ Օբրիստը, որը ոչ միայն աշխարհի ամենահայտնի համադրողներից մեկն է, այլև՝ բազմաթիվ գրքերի հեղինակ, որոնք այժմ համարվում են անկյունաքարային հրատարակություններ:

 

Բայցևայնպես, ինձ ոգեշնչում են ոչ միայն միջազգային համադրողներն ու կառավարիչները, այլ նաև իմ գործընկերները/արհեստակիցները Հայաստանում: Օրինակ, ես շատ բան եմ սովորել՝ Նազարեթ Կարոյանի, Ռուբեն Արևշատյանի, Վիգեն Գալստյանի, Նաիրի Խաչադուրյանի և Սուսաննա Գյուլամիրյանի հետ աշխատելով։

 

CA.- Իբրև Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցահանդեսների գծով տնօրեն՝ Դուք մեկ տասնյակից ավելի ցուցահանդեսներ եք համադրել ու կազմակերպել: Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում ցուցահանդեսը կյանքի կոչելիս: Ո՞րն է այդ գործընթացում Ձեզ համար ամենակարևորը:

 

Ա.Յ.- Կարևոր է հասկանալ, որ ես ինստիտուցիոնալ համադրող եմ, ուստի պետք է հետևեմ սկզբունքներին, որոնք կարևոր են ոչ թե անձամբ ինձ, այլ այն հաստատության համար, որտեղ աշխատում եմ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է Հայաստան բերել ժամանակակից արվեստի լավագույնն ու աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: Ոգեշնչված մեր հանգուցյալ հիմնադիր Ջերարդ Լ. Գաֆէսճյանի տեսլականով՝ մենք առաջարկում ենք բազմապիսի ցուցահանդեսներ, այդ թվում՝ կարևոր ստեղծագործությունների ընտրանի Գաֆէսճյանի ժամանակակից արվեստի հավաքածուից:

 

Այնուամենայնիվ, իմ մոտեցման մեջ կան էական կետեր, որոնք փորձում եմ կիրառել ցուցահանդեսի վրա աշխատելիս: Նախևառաջ դա պետք է նորություն լինի։ Անգամ երբ հայ անվանի արվեստագետների ցուցադրություններ ենք կազմակերպել, դրանք նախկինում չներկայացված շերտերի բացահայտում են եղել: Լոնդոնի Քինգս քոլեջում մագիստրոսական ատենախոսությանս կենտրոնական թեման Հայաստանում ԳԱԿ-ի դերն էր, ինչն ինձ օգնեց ավելին իմանալ և նոր տեսանկյունից բացահայտել այն հաստատությունը, որտեղ աշխատել էի վեց տարի: Այսպիսով, նպատակ ունենալով մեր հաստատությունն առավել բաց, առաջադեմ և ժողովրդավարական դարձնել, վերջին մի քանի տարիներին ուշադրությանս կենտրոնում են երիտասարդ արվեստագետները, նոր ստեղծագործամիջոցներն (անգլ.՝ media) ու արդիական և հրատապ թեմաները:

 

Գործընթացում ինձ համար ամենակարևորը հենց գործընթացն է։ Ես սիրում եմ ցուցադրության գաղափարը ստեղծել,  միացնել կետերը, նոր շերտեր բացահայտել ցուցահանդեսի վրա աշխատելիս և մինչև բացման օրը որևէ նոր բան հայտնաբերել։ Անգամ երբ ցուցահանդեսն արդեն բաց է հանրության համար, այն կարող է անակնկալներով լի լինել:

 

CA.- Նախագծերից մեկը, որ Դուք այժմ մշակում եք, Հայ արվեստի ցանցի թվային հարթակն է: Որտեղի՞ց է հայտնվել դրա տեսլականը և ի՞նչ խնդիրներ հույս ունեք, որ այն կլուծի:

 

Ա.Յ.- Հանուն արդարության ասեմ, որ խնդիրը մակերեսային է և շատ ակնհայտ։ Հայաստանում արդի և ժամանակակից արվեստի թանգարան չկա։ Այն, ինչ ունենք, հնաոճ հաստատություն է, որը 1972 թվականին ԽՍՀՄ-ում արդի արվեստի միակ թանգարանն էր: Սակայն թանգարանն այսօր կարծես թե շատ չի փոխվել 1980-ականներից ի վեր: Այստեղ է բացը:

 

Մեր ժամանակակից արվեստագետները հասարակության լայն շրջանակներին ներկայացված չեն։ Արվեստի հիմնական հաստատությունները զբաղված են ազգային մոդեռնիզմի ժամանակաշրջանի և նույնիսկ ավելի վաղ տասնամյակների միևնույն անունները շրջանառելով։ Հույս ունեմ ստեղծել առցանց հարթակ, ուր կներկայացվեն ժամանակակից հայ արվեստագետները և որը կաճի ու կդառնա ավելին, քան պարզապես տեղական ժամանակակից արվեստի ցուցադրում: Կարծում եմ՝ այս նոր նախաձեռնությունն արվեստագետներին հնարավորություն կտա ներկայացնել իրենց ստեղծագործություններն ու մուտք գործել արվեստի ոչ միայն հայկական, այլև միջազգային համայնք: Բացի այդ, ցանկանում եմ հիմնել արվեստի կարևոր միջազգային հաստատություններում գործունեություն ծավալող հայկական ծագմամբ արվեստի մասնագետների ցանց, որը կօգնի տարատեսակ համատեղ նախագծեր ու գաղափարներ մշակել:

 

CA.- Իբրև մեկն, ով այսօր ակտիվորեն ղեկավարում է հայկական տեսողական արվեստը, ի՞նչ աճող միտումներ, մոտիվներ և հետաքրքրական օրինաչափություններ եք նկատել: Դեպի ու՞ր է գնում հայ ժամանակակից տեսողական արվեստը։

 

ԱՅ.- Դժվար է ասել, թե տեսողական արվեստի հետ Հայաստանում ինչ է կատարվում այսօր և թե ինչ սպասել վաղը։ Արդյո՞ք Հայաստանում ժամանակակից կերպարվեստը հետևում է համաշխարհային միտումներին, թեմաներին, ոճերին, մեթոդներին, իսկ ստեղծագործամիջոցների առումո՞վ: Անհնար է այս հարցերին մեկ պարբերությամբ պատասխանել։ Սակայն Հայաստանում կարելի է ներկայացնել ժամանակակից արվեստի որոշ շերտեր, որոնց հանրության լայն շրջանակներն այնքան էլ ծանոթ չեն։

 

Հայաստանում խնդիրներից մեկը նոր ստեղծագործամիջոցների բացակայությունն է։ Արվեստագետների մեծ մասը հիմնականում աշխատում է երկչափ ավանդական ստեղծագործամիջոցներով ու մեթոդներով. թեև, երբ խոսքը վերաբերում է թեմաներին և մոտեցումներին, դրանք կարող են տեղին, իսկ երբեմն էլ անգամ նորարարական լինել: Պատմականորեն գեղանկարչությունն ու կերպարի հետ աշխատելը եղել են արվեստի ամենագերակշիռ և կայացած ոլորտները Հայաստանում։ Իմ վերջին ցուցահանդեսը, ուր ներկայացված էին տասնյոթ երիտասարդ արվեստագետներ, լակմուսի թուղթ էր, որն ընդգծեց, որ ավանդույթը դեռ կայուն է:

 

Գրավիչ է նաև հետևել, թե ինչպիսի ընդհանուր թեմաներ, գեղարվեստական ​​մոտեցումներ ու ոճեր են բաժանում ու միավորում տարբեր արվեստագետների: Ինչ վերաբերում է մեթոդին և ստեղծագործամիջոցներին, շրջանակն իսկապես լայն է, թեև՝ ավանդական, ինչպես նախկինում նշել էի. սկասած յուղաներկ կտավի վրայից, մինչև փորագրություն, լուսանկարչություն, կոլաժ, ասեղնագործություն, խճանկար և պատրաստի աշխատանքներ: Կան որոշ թեմաներ և դիսկուրսներ, որոնք առանձնանում են. առօրյա և կենցաղային կյանքի պատումներ, ինտիմ և կենսագրական շերտեր, դասական արվեստի կամ մշակութային-պատմական ժառանգության հետմոդեռնիստական ​​վերաիմաստավորում, փոփ արվեստի և կոնցեպտուալ արվեստի վերամեկնաբանում, բնապատկերի ու վերացական արվեստի նոր ներկայացում, արվեստագետների ինքնարտացոլում և նոր գեղագիտություն՝ ոչ միայն կտավի վրա, այլև՝ քանդակում։

 

Վերջերս ուրախությամբ հետևում էի, թե ինչպես են երիտասարդ արվեստագետները նոր նախագծեր նախաձեռնում  և փորձում իրենց անունները հայտնի դարձնել՝ չսպասելով, որ կուրատորները, դիլերները, հաստատությունները կամ պետությունն անի դա: Այդ առումով այնպիսի կազմակերպությունները, ինչպիսին Creative Armenia-ն է, կարող են ունենալ և ունեն կենսական դերակատարում:

 

CA.- Ձեր ո՞ր նախագծով եք առավել հպարտանում: Ինչո՞վ է այն առանձնահատուկ ձեզ համար:

 

ԱՅ. Դժվար է ընտրել այն բոլոր ցուցադրումներից, որոնց վրա աշխատել եմ, քանզի հաճախ ամենաշատը հպարտանում ես այն նախագծով, որի վրա հենց այդ պահին աշխատում ես:

 

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ինստիտուցիոնալ տեսանկյունից առանձնանում է «ՎԱՂԸ» (անգլ.՝ TOMORROW) ցուցահանդեսը, ուր ներկայացված էին տասնյոթ  ժամանակակից հայ արվեստագետներ։ Խմբային նախագծերը հնարավորություն են տալիս ոչ միայն ավելի շատ հեղինակներ ցուցադրել, այլև ավելի լայն ու համապարփակ տեսանկյունից ավելի շատ թեմաներ, ժանրեր ու շերտեր շոշափել: Սա ԳԱԿ-ում իրականացված արդեն երրորդ նմանատիպ ցուցադրումն է։ Այնուամենայնիվ,  նախորդ ցուցահանդեսների համեմատ, ինչպիսիք են «Վերանայելով բնություն»-ը (անգլ.՝ Reconsidering Nature) և «11՝ Հայ ժամանակակից վերացական արվեստի ընտրանի»-ն (անգլ.՝ 11: Selections of Armenian Contemporary Abstract Art), «ՎԱՂԸ» ցուցահանդեսի շրջանակը շատ ավելի մեծ էր: Այն կենտրոնացած չէր միայն մեկ թեմայի վրա, այլ փորձում էր բացահայտել ժամանակակից տեսողական արվեստի ներկա վիճակը Հայաստանում:

 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում առաջին անգամ ներկայացվելուց հետո այս արվեստագետները հարթակ են ստեղծել ապագա անհատական և խմբակային նախագծերի իրականացման համար: Դրա միջոցով մենք շարունակելու ենք բացահայտել դեռ գալիք ժամանակակից հայ արվեստը՝ համագործակցելով ոչ միայն այս, այլև այլ արվեստագետների հետ։ Սա նաև հիանալի հնարավորություն էր արվեստագետների համար ցուցահանդես ունենալ ԳԱԿ-ում, մի հաստատություն, որը նրանք թերևս կարող էին էլիտար ու այնտեղ հայտնվելու համար չափազանց դժվար ու բարդ համարել: Այն եղել և մնում է ամենամեծ ցուցահանդեսը, որի վրա աշխատել եմ, և կարծում եմ, որ արվեստի պատմության համար դրա կարևորությունը դեռ կբացահայտվի:
 

CA.- Ո՞րն է Ձեր ստեղծագործական կարիերայի երկարաժամկետ տեսլականը:

 

Ա.Յ.- Այս պահին ես կենտրոնացած եմ միայն համադրողի իմ ստեղծագործական կարիերայի վրա և աջակցում եմ Հայաստանի ժամանակակից արվեստին: Այնուամենայնիվ, իմ սեփական պատկերասրահ ունենալը, որը ժամանակակից հայ արվեստագետների ընտրանի կներկայացնի, կարող է մի օր իրականություն դառնալ: Բայց ես դա չեմ դիտարկում միայն իբրև կարիերա. դա երկարաժամկետ տեսլական է:

 

CA.- Ի՞նչ եք պլանավորում անել որպես Creative Armenia-AGBU Fellow:

 

ԱՅ.- Իմ հիմնական նպատակն է օգտագործել ՀԲԸՄ-ի և Creative Armenia-ի աջակցությունը՝ հայ ժամանակակից արվեստագետների համար հարթակ ստեղծելու համար: Այնուամենայնիվ, սա նաև նոր ցանց ստեղծելու և վերջին տարիներին Creative Armenia-ի կողմից ստեղծված համայնքի հետ այլ նախագծեր խթանելու հիանալի հնարավորություն է։

 

Ավելին՝ պատրաստ եմ իմ գիտելիքներն ու փորձը կիսել այս նոր ցանցի միջոցով: Ուզում եմ այս հրաշալի նախաձեռնության դեսպանը դառնալ ու Creative Armenia-ի և ՀԲԸՄ-ի շրջանակներում մշակութային գաղափարներ ու նախագծեր խթանել: Վստահ եմ՝ այս կապը կբերի այնպիսի համագործակցությունների, որոնք այս պահին չենք էլ կարող պատկերացնել: Այն անպայման դուրս կգա այս դրամաշնորհի սահմաններից: Եվ հուսով եմ, որ մի օր ես նույնքան օգտակար կդառնամ Creative Armenia-ի համար, որքան այն է հիմա ինձ համար։ Նման համագործակցությունները փոխշահեկան եմ համարում և նախատեսում եմ անել առավելագույնն իմ դերը կատարելու համար:

bottom of page