Creative Armenia-ի Fellow-ներն ու շրջանավարտները՝ CYFEST 17-ում
Մարդանման ռոբոտ, որն առաջնորդում է երեք պարողի, լուսանկար, որը փոխվում է յուրաքանչյուր ֆիլտրի կիրառմամբ, և ֆիլմ բառերի մասին՝ որպես վերջին պաշտպանական գիծ. այս աշնանը Creative Armenia-ի երեք արվեստագետ ներկայացնում են այս գործերը Երևանի մեդիա արվեստի միջազգային փառատոնում։
Հոկտեմբերի 26, 2026թ. | հեղ.` Creative Armenia

CYFEST 17-ը մեկնարկեց հոկտեմբերի 15-ին՝ Երևանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։ «Natura Naturans. Մարդիկ, Բնություն, Բնապատկեր» խորագրի ներքո փառատոնն այս տարի Կասկադ համալիրը լցրել է ավելի քան 35 միջազգային արվեստագետի աշխատանքներով, որոնք ուսումնասիրում են, թե ինչպես են տեխնոլոգիան, բնությունն ու ընկալումը ձևավորում միմյանց։ Փառատոնի համադրողներից է Արմեն Եսայանցը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցահանդեսների գծով տնօրենը և 2022 Creative Armenia-AGBU Fellow-ն։ Ծրագրում ընդգրկված Creative Armenia-ի երեք արվեստագետներից յուրաքանչյուրն ուսումնասիրում է կապի տարբեր տեսակներ՝ մարդու և մեքենայի, դիտողի և պատկերի, ինչպես նաև մարդկանց և այն փխրուն աշխարհի միջև, որում նրանք ապրում են։
Ռիմա Պիպոյանը բեմադրում է «Embodied Dialogues»-ը
«Embodied Dialogues»-ը՝ արվեստագետ Էնդի Բարթի նոր համատեղ ներկայացումը, որի պրեմիերան կայացավ հոկտեմբերի 15-ին, սկսվում է Unitree G1 EDU մարդանման ռոբոտի շարժումներով։ Պարողները ռոբոտի ժեստերը վերցնում են որպես ելակետ՝ զարգացնելով, վերաիմաստավորելով և ձևափոխելով դրանք՝ ալգորիթմը վերածելով կենդանի գործողության։ Ներկայացման խորեոգրաֆն է 2021 East West Resident Ռիմա Պիպոյանը։ Նրա ստեղծած շարժումների լեզվում ռոբոտը ո՛չ պարողների հակառակորդն է, ո՛չ էլ նրանց ընդօրինակումը, այլ հավասարազոր գործընկեր միասնական գործընթացում։
Պիպոյանի համար բեմի վրա այս երկխոսության ստեղծումը սկսվեց մի նոր տեսակի՝ իրեն անծանոթ «կատարողի» հետ աշխատելու հմտությունը ձեռք բերելով։ «Սկզբում ռոբոտի կողքին լինելը բավականին վախեցնող էր, — հիշում է նա։ — Սակայն, երբ օրեցօր միասին էինք աշխատում, ինչ-որ բան փոխվեց։ Ես աստիճանաբար սովորեցի դրա ներկայությանը, և այն սկսեց ընկալվել գրեթե որպես մարդ»։
Այնուամենայնիվ, նրա աշխատանքի հիմքերը մնացին նույնը՝ շարժում, կոմպոզիցիա, ռիթմ և կատարողների միջև փոխհարաբերություններ։ «Ինձ համար այս նախագիծը ոչ թե մարդկային մարմինը փոխարինելու, այլ այն բացահայտելու մասին էր, թե ինչ է հնարավոր դառնում, երբ մարդկային ստեղծագործական միտքը հանդիպում է նոր տեխնոլոգիաներին»։
Սուրեն Թադևոսյան․ «Connection Series»
«Connection Series» աշխատանքում լուսանկարը կառուցված է լույսի երեք հիմնական գույների՝ կարմիրի, կանաչի և կապույտի շուրջ։ Այն փոխակերպվում է, երբ այցելուները դիտում են այն տարբեր գույնի ֆիլտրերի միջով։ Կինոօպերատոր, վիզուալ արվեստագետ և 2026 թվականի Creative Innovation Fellow Սուրեն Թադևոսյանն այստեղ վերադառնում է իր ստեղծագործություններում հաճախ հանդիպող թեմային՝ մարդկային կապին։ Աշխատանքն ավարտուն է դառնում միայն այն պահին, երբ դիտողը վերցնում է ֆիլտրն ու նայում դրա միջով։ Յուրաքանչյուր դիտողի ընտրությունը բացահայտում է պատկերի մի նոր շերտ, ուստի դիտելու գործողությունը վերածվում է հպման մի ձևի։ Արդյունքում ստացվում է անընդհատ զարգացող պատկեր, որում միահյուսվում են անցյալը, ներկան և ինչ-որ բաց, անավարտ բան՝ ճիշտ այնպես, ինչպես մարդկանց միջև եղած կապերը։
Գարուշ Մելքոնյան․ «Ubi sunt»
«Ubi sunt» (2019) ֆիլմի գործողությունները ծավալվում են մի ժամանակաշրջանում, երբ լեզուն դեռ ձև չուներ։ Այն պատմում է երկու մարդու մասին, ովքեր փորձում են պահպանել մի շքեղ, բայց փխրուն աշխարհի մնացորդները․ աշխարհ, որտեղ ժեստերն ու բառերը դառնում են ներդաշնակությունը վերականգնելու վերջին միջոցները։ Ֆիլմի հեղինակը Գարուշ Մելքոնյանն է՝ 2026 Creative Armenia-AGBU Fellow։ Նրա ստեղծագործությունն ուսումնասիրում է հաղորդակցման գործընթացը, ինչպես նաև այն չարտահայտված կոդերը, որոնք ձևավորում են մարդկանց միջև փոխհարաբերությունները։
«Ubi sunt»-ի ցուցադրությունը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին, ժամը 19:00-ին՝ Հատուկ միջոցառումների դահլիճում։ Այն «Reimagine the Landscape» խորագրով վիդեոծրագրի մի մասն է, որի հեղինակն է Վիկտորյա Իլյուշկինան՝ CYLAND վիդեոարխիվի և CYFEST-ի միջազգային վիդեոծրագրերի համադրողը։ Ծրագիրը լանդշաֆտին մոտենում է ոչ թե որպես անշարժ ֆոն, այլ որպես ակտիվ և անընդհատ փոփոխվող դաշտ, որը ձևավորվում է բնական գործընթացների, մարդկային հիշողության և հաշվողական համակարգերի միջոցով։
Այս ուսումնասիրության շրջանակներում Իլյուշկինան Գարուշի աշխատանքը դիտարկում է որպես հակակշիռ՝ մի աշխարհ առանց թվային տեխնոլոգիաների, որտեղ մարդկանց և բնության միջև հարաբերությունները հիմնված են հաղորդակցման ամենապարզ ձևերի վրա։ Ինչպես նշում է համադրողը, ֆիլմում հերոսներին ոչինչ չի մնում, բացի «նախալեզվից, ժեստերից և մերկ զգացմունքներից»։ Տեխնոլոգիաների այս բացակայությունն ընդգծում է նրանց աշխարհի փխրունությունը, ինչպես նաև այն պայքարը, որը նրանք մղում են՝ պահպանելու այդ աշխարհն ու վերականգնելու ներդաշնակությունը։
Լինի դա երկխոսություն ռոբոտի հետ, լուսանկար, որը փոխվում է ամեն անգամ, երբ նայում ես դրան, թե բառեր՝ որպես պաշտպանության վերջին պատնեշ, Creative Armenia համայնքի երեք արվեստագետ ուսումնասիրում են այն, ինչ մեզ միավորում է։
CYFEST 17-ը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կշարունակվի մինչև 2027 թվականի հունվարի 17-ը։ Փառատոնը կազմակերպում է CYLAND հիմնադրամը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համագործակցությամբ, իսկ գլխավոր հովանավորը Frants հիմնադրամն է։ Ամբողջական ծրագրին ծանոթանալու համար այցելեք փառատոնի կայքը։








