top of page

«Country of Dust». Նաիրի Աբրահամյանի ստեղծարար ուղին Հայաստանում

Ծանոթացե՛ք մեր 2023թ. Creative Armenia-AGBU Fellow, գրող և ստեղծագործական պրոդյուսեր Նաիրի Աբրահամյանի հետ:

Հոկտեմբերի 20 2023թ. |  հեղ.` Creative Armenia

CN103872.jpeg

Նաիրի Աբրահամյան, 2023 Creative Armenia-AGBU Fellow

Նաիրի Աբրահամյանը, Creative Armenia-AGBU Fellow, գրող և ստեղծագործական պրոդյուսեր է, ով առաջնորդվում է պատմվածքի փոխակերպող ուժով: Այս հոդվածում անդրադառնում ենք նրա գեղարվեստական ոգեշնչումներին և «նպատակային պատմվածքի» ընդլայնվող ըմբռնումներին: 2020 թվականի Արցախյան պատերազմը շրջադարձ է բերել Նաիրիի կարիերայում, արթնացնելով իր տարերքը մարդկանց կապող պատմությունների հանդեպ, որոնք արձագանք են առաջացնում ուրիշների մոտ: Նա ձեռնամուխ է եղել տարբեր ստեղծագործական նախագծերի, ներառյալ «Country of Dust» պատմողական փոդքաստը, որը ունկնդիրներին ընկղմում է փոփոխվող Հայաստանում ապրող մարդկանց կյանքի պատմությունների մեջ: Նաիրիի աշխատանքը ցույց է տալիս պատմվածքի ներուժը՝ կապեր ստեղծելու և դինամիկ աշխարհում դրական փոփոխություններ ոգեշնչելու հարցում:

Մի փոքր պատմեք, թե ինչպես սկսեցիք ձեր գրող և ստեղծարար պրոդյուսեր դառնալու ճանապարհը։

 

Գրելը մշտապես իմ տարերքն է եղել, բայց երբեք չեմ մտածել արվեստում կարիերա ունենալու մասին: Մեծացել եմ «գործնական» աշխատանք ունեցող մարդկանց շրջապատում և մինչև վերջերս ստեղծագործական էներգիաս կիրառելու հիմնական ձևը այն իմ աշխատանքում որպես ուսուցիչ և խորհրդատու կիրառելն էր: 

 

2020 թվականի Արցախյան պատերազմն ինձ համար բեկումնային էր։ Այն ժամանակ սկսեցի հասկանալ պատմասացության կարևորությունը՝ որպես մեր փորձառությունները ըմբռնելու և ուրիշների հետ հաղորդակցություն հաստատելու միջոց: Այդ ժամանակվանից սկսեցի միտումնավոր ժամանակ հատկացնել՝ որպես գրող և ստեղծագործող պրոդյուսեր զարգանալու համար:

«Ցանկացած պատմություն, որը արձագանք է գտնում, օգնում է մարդուն իրեն ավելի քիչ միայնակ զգալ որոշակի փորձառության մեջ, կամ ավելի շատ կապված զգալ իրենից ավելի մեծ բանի հետ, ծառայում է կարևոր նպատակի:»

 

Պատմեք ձեր ստեղծագործական ոգեշնչումների և դրանցից քաղած դասերի մասին:

Ինձ ոգեշնչում է հայաստանյան առօրյան՝ իր վերելքներով, անկումներով, և այդ երկուսի միջակայքի բոլոր այլ դրսևորումներով: Այն կարող է լարված լինել, այնուամենայնիվ այստեղ ինձ կենդանի եմ զգում այնպես, որ այդ զգացումն ինձ ստիպում է ստեղծագործել: 

Ես ոգեշնչվում եմ իմ երեխաներով։ Ծնող լինելը պահանջում է, որ ձիգ լինեմ, կարեկցեմ և ուշադրություն դարձնեմ ինչպես ամենափոքր դետալներին, այնպես էլ իրականության ամբողջական պատկերին: Սա անխուսափելիորեն իր տեղը գտնում է իմ արվեստում: 

 

Նաև ոգեշնչվում եմ իմ կարդացած գրքերից, փոդքասթերից, որոնք լսում եմ և տարատեսակ արվեստի դրսևորումներից, որոնց հետ առնչվում եմ: Ինձ դուր է գալիս, երբ զգում եմ, որ իմ գաղափարները հաղորդակցվում են ուրիշների հետ, առանց ուղղակիորեն որևէ մեկի հետ խոսելու:

Նախկինում նշել եք, որ «նպատակային պատմասացության» գաղափարն է, որ առաջնորդել է ձեզ կարիերայի ընտրության հարցում: Ներկայացրեք «նպատակայինի» ձեր սահմանումը պատմասացության համատեքստում։ Ինչպե՞ս է այն զարգացել կամ ընդլայնվել ժամանակի ընթացքում։
 

Ցանկացած պատմություն, որը արձագանք է գտնում, օգնում է մարդուն իրեն ավելի քիչ միայնակ զգալ որոշակի փորձառության մեջ, կամ ավելի շատ կապված զգալ իրենից ավելի մեծ բանի հետ, ծառայում է կարևոր նպատակի: Այս մտքին ժամանակի ընթացքում եմ հանգել: 

 

Ես միշտ նպատակայնորեն առաջնորդվող եմ եղել, բայց ավելի վաղ կարիերայում, ավելի շատ ձգտում էի դեպի չափելի արդյունքներով նախագծերը, քանի որ կարևորում էի ունենալ ուղղակի և շոշափելի ազդեցության ապացույց: 

 

Փորձի շնորհիվ վստահությունս աճել է, և ավելի շատ եմ վստահում իմ ստեղծածի արժեքին: Այսպիսով, կարող եմ ասել, որ «նպատակային պատմասացության» իմ սահմանումն ընդլայնվել է:

Ձեր ստեղծագործական գործունեությունը տպավորիչ և բազմազան է՝ փոդքասթ, բանաստեղծությունների ժողովածու, միջազգային փառատոնի համահիմնադիր և այլն: Պատմարվեստում ո՞ր ստեղծագործական կամ գեղարվեստական միջոցն է ձեզ ամենաշատը գրավում: Որո՞նք են ձեզ ավելի հոգեհարազատ և բնականորեն հեշտ տրվող, և որո՞նք են դժվար աշխատելու համար:

 

Դա կախված է նախագծից և նրանից, թե ինչ եմ փորձում հաղորդակցել: 

"Ամեն շաբաթ ներկայացնում ենք մեկ մարդու պատմություն և նրանց հատուկ փորձառությունների միջոցով հույս ունենք բացահայտել համատարած իրողություններ, որոնց միջով Հայաստանն ու հայերը միասնականորեն անցնում են:"

2020թ.-ի վերջին, Արցախում որոշ ժամանակ անցկացնելուց հետո, փորձում էի երկար հոդված գրել, որը կարտահայտեր պատերազմից անմիջապես հետո տիրող անորոշության բազմակի շերտերը։ Սակայն կոկիկ պատմության փոխարեն, չկարգավորված ու մասնատված պատկերների շարք ստացվեց: Ակամայից, պոեզիան ներկայացավ որպես լավագույն միջոց՝ արտահայտելու իրողության տրամադրությունն ու բնույթը:

«Country of Dust»-ի պարագայում  ես և իմ համարտադրողները ցանկանում էինք բացահայտել հայաստանյան կյանքի նրբերանգ ու բազմաշերտ ժամանակակից փորձառության էությունը, և հասկացանք, որ դա պետք է զրույցի ձևաչափով անել: Այսպիսով, նպատակային էր այն ստեղծել որպես աուդիո վավերագրական շարք:

Որպես Creative Armenia-AGBU-ի Fellow՝ աշխատում եք ձեր նոր «Country of Dust» փոդքասթի վրա: Մի փոքր պատմեք փոդքասթի մասին և թե ինչպե կարելի է լսել այն: 

 

«Country of Dust»-ը պատմողական փոդքասթ է, որը ներկայացնում է կյանքի պատմությունները փոփոխվող Հայաստանում: Իմ համարտադրողներ Ջերեմի Դալմասի և Գոհար Խաչատրյանի հետ ձեռնամուխ եղանք Հայաստանի մասին այն փոդքասթը ստեղծել, որը կցանկանայինք լսել: Ձևաչափ, որը փաստարկներից ավելին է և ձեզ՝ որպես ունկնդիր ընկղմում է պատմության մեջ, անկախ նրանից՝ ապրում եք Հայաստանում, հեռվից եք հետևում երկրին, թե առաջին անգամ եք լսում Հայաստանի մասին։ 

 

Ամեն շաբաթ ներկայացնում ենք մեկ մարդու պատմություն և նրանց հատուկ փորձառությունների միջոցով հույս ունենք բացահայտել համատարած իրողություններ, որոնց միջով Հայաստանն ու հայերը միասնականորեն անցնում են։ Թեմաները բազմազան են ներառելով հեղափոխության վերելքներից, անկումներից և դրա հետևանքներից մինչև արցախյան պատերազմ, ուկրաինական պատերազմի հետևանքով ռուսների ներհոսքից մինչև ավելի թեթև թեմաներ, ինչպիսին է գինու մշակույթի ծաղկումը։ Փոդքասթի առաջին եթերաշրջանը արդեն թողարկվել է, որը ներառում է ներածություն և ութ էպիզոդ: Կարող եք լսել՝ որոնելով «Country of Dust» ցանկացած փոդքասթի հարթակում կամ անցնելով այս հղումով: Եվ մենք հենց նոր թողարկել ենք հատուկ էպիզոդ՝ ի պատասխան մեր ապրած աներևակայելի պահի՝ Արցախի էթնիկ զտումների։

bottom of page