Կոմիքսների ուխտագնացություն. Շամիրամ Խաչատրյանը ուսումնասիրում է Եվրոպայի էկլեկտիկ մշակույթը
2023 թվականի «East-West Residency» ստեղծարար կացության ծրագրի մասնակից կոմիքսների նկարիչը արդյունավետ ամիս է անցկացրել Բրյուսելի Վիլա Էմպենում՝ կյանքի կոչելով իր նախագծերը և ոգեշնչումներ ստանալով նոր ստեղծագործությունների համար։
Մարտի 21, 2024թ. | հեղ.` Creative Armenia
Շամիրամ Խաչատրյան, 2023թ․ «East-West Residency» ստեղծարար կացության ծրագրի մասնակից
Բրյուսելի Վիլա Էմպենում իր ստեղծագործական կացությունը սկսելիս Շամիրամ Խաչատրյանը հստակ տեսլական ուներ։ Նա ցանկանում էր կյանքի կոչել իր երկու հավակնոտ ծրագրերը՝ ARNALEZ-ը և ARCHIVAKAN-ը: Այժմ երբ կացությունն արդեն ավարտվել է, կոմիքսների նկարիչը գրանցել է ավելին, քան պարզապես առաջընթացը: Ընդլայնելով իր սկզբնական նպատակի սահմանները՝ նա այցելել է խորհրդանշական կոմիքսների խանութներ, թանգարաններ և քաղաքներ: Այս ընթացքում նաև հանդիպել է կոմիքսների ոլորտի ոգեշնչող ստեղծարար առաջնորդների և էներգիայով լցվել շատ ու շատ նոր նախագծերի համար:
Բացահայտեք մեր Արևելք-արևմուտք կացության ծրագրի մասնակից՝ կոմիքսների նկարիչ և Panic Labs-ի հիմնադիր, Շամիրամ Խաչատրյանի արկածները։ Այս բացառիկ հարցազրույցում նա անդրադառնում է խորհրդանշական Վիլա Էմպենում անցկացրած իր մեկամսյա փոխակերպող կացությանը, կիսվում իր ստեղծագործական գործընթացի վրա ունեցած խորը ազդեցությամբ և այն ամենով, ինչ դեռ սպասվում է:
Վերջերս ավարտեցիք ձեր «East-West Residency» ստեղծարար կացությունը Բրյուսելի Վիլա Էմպենում: Պատմեք ձեր փորձառության նշանակալից դրվագների մասին:
Ամենակարևորը սցենար գրելու վրա ամբողջությամբ կենտրոնանալու համար ժամանակ ունենալն էր: Նաև փոքրիկ ուխտագնացություն կատարեցի դեպի մի քանի քաղաքներ, որտեղ հանդիպեցի բազում մարդկանց և ցուցահանդեսներ այցելեցի:
«Բրյուսելի հին գրախանութներ այցելելով նյութեր կլանեցի և հայտնաբերեցի պատկերազարդ զավեշտական ամսագրեր: Այս ամենի հետ մեկտեղ, հնարավորություն ունեցա ևս մեկ անգամ այցելել Անգուլեմի կոմիքսների փառատոնը:»
Վիլա Էմպենում գտնվելու ընթացքում եղե՞լ է որևէ կոնկրետ փորձառություն, գաղափար կամ պահ, որը երկարատև տպավորություն է թողել ձեզ վրա: Ինչպե՞ս է հենց այդ տպավորությունն ազդել ձեր ստեղծագործական գործընթացի կամ նախագծի վրա, որի վրա աշխատում էիք:
Կացության ընթացքում իմ գրաֆիկական վեպի թիզերի երաժշտության վրա Հայկ Գրագյանի հետ աշխատելու կատարսիստական փորձ ունեցա: Մենք ամբողջ օրն անցկացրինք ստուդիայում՝ կատարելագործելով մեղեդին: Երաժշտությունը մշակելիս կարծես պատկերացնում էի ամբողջ գիրքը:
Մեկ այլ կարևոր իրադարձություն էր ամերիկացի-ֆրանսիացի կոմիքսների նկարիչ Սոֆի Քրամբի հետ հանդիպումը և նրա մոր՝ հայտնի ամերիկացի ալտերնատիվ կոմիքսների նկարիչ Ալին Կոմինսկի-Քրամբի հիմնադրած պատկերասրահ այցելությունը:
Կացության ողջ ընթացքում աշխատել եք ձեր գրաֆիկական վեպի վրա՝ ARNALEZ, որը ռաբիզ երաժիշտ վամպիրի մասին է, ինչպես նաև ARCHIVAKAN-ի համար հայկական պատկերազարդ պարբերականներ եք ուսումնասիրել: Ի՞նչ առաջընթաց եք գրանցել այս նախագծերում: Ինչպե՞ս է կացությունը նպաստել դրանց զարգացմանը:
ARNALEZ-ի սցենարի սևագիրը ավարտեցի, թեև վերնագիրը դեռ պայմանական է: Գրաֆիկական վեպը նախատեսվում է հրատարակել ամռանը։
ARCHIVAKAN-ի սցենարը պատրաստել եմ երեք մասից բաղկացած վեբկոմիքսի համար, որը կհրապարակվի իմ կայքում։
Կացությունը ինձ հնարավորություն տվեց լիովին հանգստանալ և խորապես ընկղմվել երկու նախագծերի բարդ ստեղծագործական գործընթացների մեջ:
Պահեր Շամիրամ Խաչատրյանի՝ «East-West Residency» ստեղծարար կացությանից
Որպես արվեստագետ, որը նվիրված է հայկական վիզուալ պատմասացության գրաքննության դիմակայմանը, ինչպե՞ս է East-West Residency ծրագիրը հզորացրել կամ նպաստել ձեր առաքելությանը: Ի՞նչ եք կարծում, այս փորձառությունն ինչպե՞ս կարտահայտվի ձեր հետագա աշխատանքներում:
Հարուստ և խտացված փորձառություն էր։ Բրյուսելի հին գրախանութներ այցելելով նյութեր կլանեցի և հայտնաբերեցի պատկերազարդ զավեշտական ամսագրեր: Այս ամենի հետ մեկտեղ, հնարավորություն ունեցա ևս մեկ անգամ այցելել Անգուլեմի կոմիքսների փառատոնը: Այս փորձառությունները ինձ խիզախությամբ և էներգիայով լի նոր շունչ տվեցին՝ աշխատելու երկու նշանակալից ցուցահանդեսների վրա, որոնք շուտով կհայտարարվեն: Արևելք-արևմուտք կացության ծրագիրը արդեն իսկ տեսանելի ազդեցություն է ունեցել իմ անհատական աշխատանքի վրա: