top of page

Արցախի երեխաները. Սարին Հայրապետյանի՝ կոնֆլիկտային ժամանակների պատմությունը

Ծանոթացե՛ք մեր 2023թ. Creative Armenia-AGBU Fellow, վավերագրող կինոռեժիսոր Սարին Հայրապետյանի հետ:

Հոկտեմբերի 13 2023թ. |  հեղ.` Creative Armenia

Headshot_Sareen_2022.jpg

Սարին Հայրապետյան, 2023 Creative Armenia-AGBU Fellow

Ծանոթացեք Սարին Հայրապետյանին՝ AGBU Fellow և վավերագրող կինոռեժիսոր: Նա Հորդանանում ծնված և մեծացած մի ընտանիքից է, որտեղ արվեստը մեծարվում էր որպես արտահայտչամիջոց՝ միահյուսված իր ինքնության հետ՝ որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ: Նրա անցած ճանապարհը վկայում է պատումի և արվեստի փոխակերպող ուժի և իր արմատների հետ խորը կապի մասին:

 

Այս հոդվածում կբացահայտենք Սարինի գեղարվեստական ոգեշնչումները և ուշագրավ բազմամասնագիտական նախագծերը, որոնք մարտահրավեր են նետում առկա տեսակետներին: Նրա հայտնի ռեժիսորական դեբյուտից՝ «We Are Not Done Yet» մինչև իր ներկայիս լիամետրաժ վավերագրական ֆիլմը, որը հետևում է պատերազմից տուժած Արցախում տասնմեկամյա պատանու պատմությանը:

Մի փոքր պատմեք, թե ինչպես սկսեցիք վավերագրական կինոռեժիսոր դառնալու ուղին:

Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ արվեստը մեծարվում էր որպես արտահայտչամիջոց: Այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես էր մայրս իր ընկերներին և ուսանողներին հյուրընկալում մեր բնակարանում, և ժամերով բեմադրություններ և փորձեր էին անում՝ լցնելով մեր հյուրասենյակը արցունքներով, ծիծաղով և ուրախությամբ՝ վերածելով այն մի կախարդական վայրի, որը զարմանալիորեն տարբերվում էր արտաքին աշխարհից: Իրենց հերթին հայրս ու երկու եղբայրներս ամեն հաջորդող օր լցնում էին այդ տարածքը կենդանի երաժշտությամբ։ Պատմարվեստը անխափան կերպով միահյուսված է մեր առօրյա կյանքին: Հաշվի առնելով, որ մենք Հորդանանում ծնված և մեծացած էթնիկ հայերի փոքրամասնություն էինք, ցեղասպանությունը վերապրածների թոռներ, արվեստը դարձավ մեր ինքնության էական մասը և միջոց, որով մենք կարող էինք կիսվել մեր պատմությամբ: Իմ հետաքրքրասիրությունն ու հասարակության մեջ հասկացվելու կարիքը ինձ տարան դեպի կինոարտադրության աշխարհ: Պարզորեն հիշում եմ Վարուժ պապիս, ով ինձ ցույց էր տալիս իր 8մմ-ոց կադրերը՝ պատմելով իր պաղեստինյան, լիբանանյան և հորդանանյան կյանքից, որոնց բոլորի ժամանակ էլ եղել են պատերազներ և աքսոր: Այդ արխիվներն ինձ լցրեցին ավելին իմանալու ցանկությամբ… Այսպիսով սկսեցի նկարահանել պապիս: 


Ֆիլմարտադրության ոլորտում իմ ստեղծագործական ուղով շարժվելիս՝ անցնելով արհեստի ուսումնասիրությունից ընկերների, արվեստագետների և տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության, անընդհատ վերադառնում էի իմ աշխատանքի առանցքային հարցին. Անցյալի ո՞ր տարրերն են, որ կերտում են մեր ներկան, մեզ առաջ տանում, և զորեղ դարձնում այս կյանքում: Այս հարցը շարունակաբար առկա է իմ գեղարվեստական ուսումնասիրություններում, և դա է հիմնական պատճառը, թե ինչու ձեռնամուխ եղա այս ճանապարհին:

«Համայնքների վրա մնայուն ազդեցություն թողնելու, կրթելու և փոփոխություններ բերելու արվեստի ուժը, ինձ դրդում է շարունակել սովորել և զարգանալ այս ստեղծագործական ոլորտում:»

Պատմեք ձեր ստեղծագործական ոգեշնչումների և դրանցից քաղած դասերի մասին:

Պարի և շարժման արվեստը իմ ստեղծագործական ոգեշնչման հիմնական աղբյուրներից մեկն է: Խորեոգրաֆիան, որը նման է ֆիլմի մոնտաժին, ներառում է պատմությունը պատմելը հատվածների միջոցով, որոնք ավարտվում են զգացմունքների կամ կեցության որոշակի վիճակի մեծ գոբելենով: Ե՛վ պարը, և՛ կինոն սովորել եմ քոլեջի տարիներին, և արվեստի դրսևորումների այս երկու ձևերի բարդ փոխազդեցությունն ինձ համար չափազանց գրավիչ է: 

Պարն օգտագործում է ժամանակի և տարածության կտավը՝ մարդու կերպարանքը շրջանակելու և հաղորդակցելու համար: Ես այս նույն սկզբունքները կիրառում եմ իմ՝ որպես դիտորդ-վավերագրող կինոռեժիսորի աշխատանքում, որտեղ այս տարրերը ներդաշնակվում են էմոցիաներով լի տեսարան ստեղծելու և ճշմարտությունը վերհանելու համար, որը հակառակ դեպքում կարող է կորչել տարածության մեջ: 

 

Ես նաև ոգեշնչվում եմ արվեստում բազմամասնագիտական մոտեցմամբ, որտեղ արվեստի տարբեր ձևեր միահյուսվում են ուղերձ փոխանցելու, ազդեցություն թողնելու և առկա տեսակետերին մարտահրավեր նետելու համար: Նման ստեղծագործության օրինակ է «Pōhaku» պարային թատրոնի պիեսը, որի շուրջ համագործակցել եմ ժամանակակից պարերի Christopher K. Morgan and Artists խմբի հետ: Այն համակցում էր պատմվածքը, հուլան, ժամանակակից պարը, դասական երաժշտությունը, վավերագրականը և պրոյեկցիոն ձևավորումը՝ բացահայտելու Հավայան կղզիների բնիկ ժողովրդի պատմության համընդհանուր թեմաները, ներառյալ հողի կորուստը և ինքնության խզումը: «Pōhaku»-ով ամբողջ ԱՄՆ-ում ավելի քան 12 վայրերով շրջագայեցինք: Այս բազմամասնագիտական աշխատանքը միավորեց բազում հանդիսատեսների, ովքեր միասին ընկղմվեցին ստեղծագործության ուժի մեջ՝ խորհելով իրենց կոտրված պատմությունների շուրջ: Ինչը նաև թույլ տվեց նրանց իմանալ ավելին այն մշակույթի մասին, որին նախկինում միայն մակերեսորեն էին անդրադարձել: Համայնքների վրա մնայուն ազդեցություն թողնելու, կրթելու և փոփոխություններ բերելու արվեստի ուժը, ինձ դրդում է շարունակել սովորել և զարգանալ այս ստեղծագործական ոլորտում:

Ձեր ռեժիսորական դեբյուտը` «We Are Not Done Yet»-ը, HBO-ի վավերագրական ֆիլմ է, որն ուսումնասիրում է արվեստի և գրելու փոխակերպող ուժը՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարում ունեցող ԱՄՆ վետերանների առողջացման գործում, արժանացավ քննադատների լայն գնահատականին: Ի՞նչ մարդկային և մասնագիտական դասեր եք քաղել ֆիլմի վրա աշխատելիս:

«We Are Not Done Yet»-ը հաջողեց վետերանների վստահության շնորհիվ, ովքեր պատրաստակամ էին բացահայտել իրենց ամենախոցելի փորձառությունները՝ լի անցյալից եկող մեղքի և ամոթի զգացումներով: Նկարահանումների ընթացքում ավելի ուշադիր դարձա իրենց պատմությունները ներկայացնելու մոտեցմանը՝հաշվի առնելով յուրաքանչյուր կադրի և փոխազդեցության նպատակը: Սրանք սկզբունքներ են, որոնցով առաջնորդվում եմ, երբ սկսում եմ այլ պատմություններ ստեղծել՝ գիտակցելով, որ վստահությունը գործի հիմնաքարն է: 

 

Անձնական մակարդակով, ես այս անհատներից սովորեցի այն, որ ապաքինումը պահանջում է համայնք, և սեփական թիմի հետ կապի ստեղծումը կարևոր բաղադրիչ է մեր բարդ կյանքի մեջ հյուսված վնասվածքներից առողջանալու գործընթացում: Քանի որ ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ-ի փառատոներում, մեր թիմը ընդարձակվեց անհատներով, ովքեր իրենց վերջապես տեսանելի և լսելի զգացին ֆիլմում ներկայացված վետերանների պատմվածքների միջոցով։ Սա վկայում է այն մասին, որ հում և ազնիվ աշխատանքը կարող է իր ճանապարհը գտնել այսօրվա մեդիայի աղմուկի միջով:

Այժմ աշխատում եք լիամետրաժ վավերագրական ֆիլմի վրա՝ հետևելով տասնմեկամյա Վրեժի վերադարձը Արցախում պատերազմից ավերված իր տուն: Ի՞նչ ազդեցություն եք ցանկանում, որ այն ունենա հեռուստադիտողների վրա: Թե՛ հայ, թե՛ միջազգային հանդիսատեսին ուղղված ի՞նչ թեմաներ եք ցանկանում բացահայտել ֆիլմի միջոցով:

Լիամետրաժ վավերագրական ֆիլմը, որը այժմ ստեղծում և արտադրում եմ, նպատակ ունի խթանել Արցախի մասին իրազեկվածությանը՝ մի երկիր, որը աշխարհը դժվարանում է գտնել քարտեզի վրա: Պատերազմի, խաղաղության և քաոտիկ օրերի ընթացքում տասնմեկամյա տղային իր փոքրիկ դրախտում հետևելով՝ ֆիլմը ցույց է տալիս պատերազմի հետևանքները մեր հասարակության ամենախոցելի անդամների վրա՝ բացահայտելով այն բեռը, որը կրում են հակամարտություններով լի գոտիներում մեծացող երեխաները, որոնք բախվում են իրենց վերահսկողությունից դուրս գտնվող մարտահրավերների: Ֆիլմը վկայում է իր հայրենիքի հետ կապված ժողովրդի տոկունության մասին, որը միշտ ձգտում է դեպի հողը, որը սնուցում է իրեն: Ֆիլմում իմ ուսումնասիրած թեմաներից են առնականությունն և զինվորականությունը, հողի և մշակույթի անբաժանելի կապը և երիտասարդության նրբությունը:  

"Վերջին հինգ տարիների ընթացքում Արցախը եղել է իմ աշխատանքի սիրտը, հոգին և շունչը և ես նվիրված եմ նրա պատմությունների պահպանմանը այս ֆիլմի միջոցով և դրանից դուրս:"

Հաշվի առնելով իրադարձությունների վերջին ողբերգական շրջադարձը՝ սկսած Լաչինի միջանցքի շրջափակումից մինչև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական հարձակումը Արցախի վրա, որը ստիպեց ավելի քան 100,000 էթնիկ հայերի բռնի կերպով լքել իրենց հայրենական հողերը, կարևոր է, որ մենք՝ որպես հայ կինոգործիչներ, վավերագրողներ, և արվեստագետներ, շարունակենք ստեղծել և պատկերել տարածաշրջանային պատումներ համաշխարհային լսարանի համար:

Մեր վավերագրած պատմությունները ներառում են մի ճշմարտություն, որն աշխարհը որոշել էր անտեսել։ Սա ներառում է մարդկանց առօրյա ճշմարտությունը, նրանց ընտանեկան ժառանգությունը, ինչպես նաև երեխաների հիմնարար մարդու իրավունքները, բոլորն էլ բռնի կերպով խլված նրանցից պարզապես այն պատճառով, որ նրանք ընտրել են ապրել իրենց հայրենական հողի վրա: 

 

Վերջին հինգ տարիների ընթացքում Արցախը եղել է իմ աշխատանքի սիրտը, հոգին և շունչը և ես նվիրված եմ նրա պատմությունների պահպանմանը այս ֆիլմի միջոցով և դրանից դուրս:

Ի՞նչ եք նախատեսում անել որպես Creative Armenia-AGBU Fellow, իսկ հետագայում՝ որպես Հայաստանի ստեղծագործ դեսպան:

Որպես Creative Armenia-AGBU Fellow, նախատեսում եմ իմ վավերագրական ֆիլմի միջոցով ազդեցության արշավ սկսել: Այս ծրագիրը նպատակ ունի օգնել Արցախի և Հայաստանի երեխաներին, ովքեր ողբերգական իրադարձություններ են ապրել 2020 թվականի սեպտեմբերից՝ նրանց տրամադրելով ստեղծագործական միջավայր՝ առողջացնելու իրենց վերքերը։ Կհամագործակցենք տեղի արվեստագետների և հոգեբանների հետ՝ երեխաներին ուղղորդելու իրենց պատմությունները վերակերտելու հարցում: 

 

Մեր պատմության այս կրիտիկական պահին այս աշխատանքը կենսական նշանակություն ունի հաջորդ սերնդի համար: Այս երեխաները շատ վաղ են ականատես եղել կյանքի սարսափներին և ստիպված են եղել լքել իրենց հողերն ու տները: Ճիշտ թիմեր հավաքելով՝ կստեղծենք միջավայր նրանց վերականգնման համար: 

 

Արվեստը ամենահզոր գործիքներից է։ Այն հարմարվում է երեխաների մտավոր և ֆիզիկական վիճակներին՝ թույլ տալով նրանց աշխատել իրենց վերքերի վրա տարբեր արտահայտչամիջոցներով: Creative Armenia-AGBU Fellowship-ի անսասան աջակցությամբ այս արշավը երեխաներին կտա միջավայր՝ երազելու ավելի պայծառ ապագայի մասին՝ չնայած նրանց ներկայիս մութ իրականությանը:

bottom of page