top of page

Չարենցը՝ ընդդեմ Փամուքի

Այս երկու գրողները երբեք չեն հանդիպել։ Բայց նրանք կապված են միեւնույն քաղաքի նկատմամբ տածած հիացմունքով, որը պետք է կապեր նրանց ճակատագրերը ու բացահայտեր տարբերությունները։

Նոյեմբերի 21, 2017  |  հեղ.` Վահրամ Դանիելյան

Screen Shot 2019-01-21 at 5.39.52 PM.png

Թուրք գրող Օրհան Փամուքը 2002թ.-ին արժանացել է Նոբելյան մրցանակի գրականության ասպարեզում եւ հետապնդվել իր իսկ կառավարության կողմից «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար։ Կես դարից ավելի վաղ Եղիշե Չարենցը՝ Հայաստանի ամենանշանավոր բանաստեղծն ու գրողը, ձերբակալվեց ու հետագայում սպանվեց Խորհրդային Հայաստանի՝ իր իսկ կառավարության կողմից։

 

Այս երկու գրողները երբեք չեն հանդիպել։ Բայց նրանք կապված են միեւնույն քաղաքի նկատմամբ տածած հիացմունքով։ Դա այն քաղաքն է, որն այնքան մոտ է տեղակայված նրանց երկրների պետական սահմանին։ Դա այն քաղաքն է, որը պետք է կապեր նրանց ճակատագրերը ու բացահայտեր տարբերությունները։ 

Օրհան Փամուքի «Ձյունը» վեպը լույս է տեսել 2002թ.-ին: Սա պատմություն է մի թուրք գրողի մասին, ով իր հայրենիքից երկար տարիներ հեռու ապրելուց հետո վերադառնում է տուն: Հանգամանքների բերումով նա հայտնվում է մի քաղաքում, ուր հանդիպում է նախկին սիրելիին ու նորից սկսում է բանաստեղծություններ գրել: Բայց հայրենիքում տեղի ունեցող բարդ ներքաղաքական կոնֆլիկտները խափանում են նրա ծրագրերը: Վեպը ավարտվում է գրողի մահով: Սիրային պատմություն, որը սիրավեպ չի դառնում, որովհետև վայրը, ուր այն ծավալվում է, չափազանց քաղաքականացված է:

 

Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը գրքով լույս է տեսել 1926թ.-ին: Սա պատմություն է գրողի ծննդավայրի կորստի մասին: Վեպի իրադարձությունները տեղի են ունենում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Տեղացիները փորձում են ներգրավվել պատերազմին՝ հույս ունենալով, որ կկարողանան վերադարձնել իրենց կորցրած հողերը: Արդյունքը լինում է այն, որ կորցրածը վերադարձնելու փոխարեն կորցնում են նաև այն քաղաքը, որում ապրում էին: Քաղաքական արկածախնդրության պատմություն, որը պատմական անդառնալի հետք է թողնում հայերի ճակատագրի վրա:

 

Ի՞նչ կապ կա այս երկու ստեղծագործությունների միջև: Առաջին հայացքից այս երկու՝ իրարից գրեթե հարյուրամյակ բաժանող գրողների վեպերը ոչ մի ընդհանրություն չունեն: Նրանք միմյանց երբեք չեն հանդիպել, ստեղծագործել են տարբեր լեզուներով, տարբեր լսարանների համար ու երբեք հնարավորություն չեն ունեցել կարդալու միմյանց գործերը:

 

Միակ ընդհանրությունն այն է, որ երկու վեպերի գործողությունները տեղի են ունենում նույն քաղաքում՝ Կարսում: Առաջին հայացքից այս ոչ շատ կարևոր ընդհանրությունը նկատելուց հետո իրարից այդքան տարբեր գրողներն ու նրանց վեպերը սկսում են նորովի հարաբերվել:

 

Վիպական իրադարձությունների բեմ լինելուց առաջ Կարսը աշխարհագրական տարածք է, և հենց այդ աշխարհագրության քարտեզագրումը մեծ չափով պայմանավորել է վեպերի սյուժեները: Թե՛ Եղիշե Չարենցը և թե՛ Օրհան Փամուքը շատ հստակ գիտակցել են դա, և պատահական չէ, որ երկու վեպերի ընթերցումն էլ հնարավորություն է տալիս ուրվագծելու քաղաքը՝ Կարսը՝ որպես տարածություն: Նախ և առաջ երկու վեպերում էլ կարելի է տեսնել քաղաքի երկու հատվածների բաժանարար գիծը: Չարենցի դեպքում դա վերի (հին քաղաք) և վարի (նոր քաղաք) բաժանումն է: Հին քաղաքում գտնվում են Բերդը, Առաքելոց եկեղեցին և Վարդանի կամուրջը, իսկ նորում՝ երկաթուղագիծը, առևտրական հաստատությունները, քաղաքային այգին, ակումբը, վարժարանները և հինգհարկանի շինությունը: Փամուքի վեպում Կարսի մի հատվածը բազմադարյա հնությունների քաղաքն է՝ նույն բերդով և քարե կամրջով, իսկ մյուսում՝ հինգ փողոցներով և մեկ պողոտայով ձգվող նոր քաղաքն է՝ կառուցված ռուսական կայսրության օրոք:

 

Մյուս կարևոր ընդհանրությունն անդրադարձն է քաղաքի փոքր չափերին: Չարենցի համար քաղաքի փոքրությունը բնութագրվում է գավառական փոքր և ոչ բազմամարդ հատկանիշներով, իսկ Փամուքի վեպի գլխավոր կերպարը Կարս ժամանելու հենց առաջին օրը 15 րոպեում անցնում է ողջ քաղաքը՝ լայնքով ու երկայնքով: Այս փոքրությունը վիպականացնելու համար հեղինակները տարբեր մեթոդներ են ընտրել: Չարենցի վեպը ժամանակային ավելի մեծ՝ պատմական ընդգրկում ունի` հիմնականում 1910-ական թվականները: Իսկ Փամուքի վեպի հիմնական գործողությունները տեղի են ունենում 3-4 օրերի ընթացքում. պատմական ժամանակն այստեղ կանգ է առնում, կամ պատմականացվում է վիպական ժամանակը: