top of page

Վերստեղծելով անուրջը 

Հարցազրույց «Ինքնամեկուսացում» ստեղծարար մարտահրավերի հաղթող Վան Սարգսյանի հետ

Հուլիսի 16, 2020 |  հեղ.` Creative Armenia

$2,000 self-quarantine creative challeng

Բարոկկոից մինչև ռոք և հիփ-հոփ` ոչ մի երաժշտական ժանր դուրս չի մնացել Վան Սարգսյանի ստեղծագործական մտահորիզոնից: Իսկ նրա հաղթող աշխատանքը` «Անուրջը» ցույց տվեց, որ ռեժիսորի և խմբագրողի աշխատանքները նույնպես մտահորիզոնից դուրս չեն։ Երաժշտի հետ մեր հարցազրույցում զրուցեցինք իր նոր կարանտինային սովորության, մեդիտացիայի վտանգների և նրա գալիք երաժշտական ալբոմի` «2%-ի» մասին։ Մարտահրավերի հաղթողի մասին ավելին իմանալու համար ընթերցեք մեր բացառիկ հարցազրույցը։ 

 

CA. Պատմեք Ձեր երաժշտական ստեղծագործության մասին։ Ինչպե՞ս գաղափարը ծնվեց։ 

 

ՎՍ. Վերջերս անրջելը իմ ռեժիմի մաս է դարձել, և դա հենց ստեղծագործության սերմը հանդիսացավ։ Կորոնան, ինքնամեկուսացումը, Սպրի գետի մերձակայքում գտնվող իմ փոքրիկ ստուդիան և նոր, տարօրինակ անրջելու արարողությունը ներշնչման աղբյուր էին։ Մինչ ես դանդաղ ընկնում էի անուրջի մեջ, գաղափարի մի մասնիկ ինձ մոտ եկավ։ Սկզբում թվաց, թե թաքնված է ամպերի հետևում։ Հետո, մեկ առ մեկ, զգացի տրամադրությունը, բառերը, մեղեդին, և հետո այն ՝ լիարժեք ձևավորված։ Գաղափարն այնքան ուժեղ էր, որ այլևս չէի կարողանում քնել։ Ես բացեցի աչքերս և սկսեցի գրել։

 

Դուք կարող եք հրաշքներ ստեղծել `պարզապես անրջելով։ Դուք կարող եք լինել ձեր սենյակի պատերի սահմաններում, բայց ձեր ներսում կրել մի ամբողջ տիեզերք։ Ձեզ անհրաժեշտ է միայն վստահություն։ Ձեր երևակայությանը ուժ տալուց հետո, այն կարող է ձեզ այնպիսի տեղեր տանել, որտեղ ձեր գիտակցությունը չէր էլ կարող երազել։ Այսպիսով, դուք կարող եք թույլ տալ, որ ձեր միտքը ներխուժի ներդաշնակությունների, նոտաների և գույների մեջ, ապա զգա և գրավի դրանք։

 

CA. Որո՞նք էին ինքնամեկուսացման վայրից ստեղծագործությունն իրականացնելու մարտահրավերներն ու առավելությունները։  

 

ՎՍ. Կարանտինն ինձ ժամանակ տվեց ինքնաբացահայտման համար։ Բայց ես այդ բացահայտմանը չէի հանգի միայն մեդիտացիայի և լուսավորման միջոցով։ Ես իրականում կարծում եմ, որ միայն մեդիտացիայի միջոցով ինքներդ ձեզ հասկանալը կարող է կործանարար լինել: Արվեստը և ստեղծագործելու արարքը կարող են լինել ավելի հզոր գործիքներ ինքներդ ձեզ ճանաչելու համար: Միայն այդ դեպքում դուք կարող եք լինել առավել փխրուն և բաց, ինչպես օրինակ նկարիչը՝ կանգնած դատարկ կտավի դիմաց։ 

 

Իր հարցազրույցներից մեկում, ռուս կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկին խորհուրդ տվեց երիտասարդ ռեժիսորներին սովորել, թե ինչպես լինել միայնակ: Դա ուժեղ խորհուրդ է: Իրականում, բոլորը պետք է իմանան, թե ինչպես դա անել: Այսօր հեշտ կարելի է շեղվել: Սոցիալական լրատվամիջոցները, Netflix-ը, ԶԼՄ-ները և տեղեկատվության անսպառ հոսքը, որը ենթադրաբար մեզ խելացի է դարձնում, իրականում հակառակն է անում: Կենտրոնանալու և ստեղծարար հոսքի մեջ ընկնելու համար ձեզ հարկավոր է ավելի քիչ տեղեկատվություն: Հակառակ դեպքում, դա նման է համակարգիչը ծանրաբեռնելուն:

 

CA. Դուք ոչ միայն գրել եք երաժշտական ստեղծագործությունը մարտահրավերների համար, այլև ստեղծել եք տեսահոլովակը։ Ավելի մանրամասն կպատմե՞ք տեսահոլովակի մասին։ Սա առաջի՞ն փորձն էր լինելու ոչ միայն երաժիշտը, այլ նաև օպերատորը։ 

 

ՎՍ. Ես իմ կյանքում ունեցել եմ ժամանակաշրջաններ, երբ ուղղակի նկարահանում էի այն, ինչ տեսնում էի և հետո կադրերը վերածում երաժշտական տեսահոլովակների: Ես սիրում եմ կինոխմբագրումը: Ինձ հեշտությամբ է տրվում: Երևի թե, շատ լուրջ չեմ վերաբերվում:

 

«Անուրջը» յուրօրինակ է այնքանով, որ ես որոշեցի միաժամանակ աշխատել ինչպես երաժշտական տեսահոլովակի, այնպես էլ երաժշտության վրա։ Սակայն չէի սպասում, որ երկուսը կսկսեին ազդել միմյանց վրա։ Ես ոգեշնչված աշխատում էի հոլովակի որոշ հատվածների վրա և արտացոլում այն երգի մեջ, և հակառակը։ Ինձ թվում էր, թե կինոնկարի երաժշտություն եմ գրում, և դա մի բան է, որից ես իսկապես հաճույք եմ ստանում։ 

 

Երբեմն ես դնում էի իմ նախընտրած կինոնկարներից մեկը, ինչպես Տարկովսկու «Ստալկերը», և ես պարզապես հետևում էի երաժշտությանը։ Կարծում եմ՝ դա լավ տեխնիկա է: Հակառակը նույնպես լավ է ստացվում: Գիտեմ, որ նկարիչների շրջանում ընդունված է նկարելիս երաժշտություն լսելը:

 

 CA. Ձեր անձնական ինքնամեկուսացումը և «Ինքնամեկուսացում» ստեղծարար մարտահրավերը ազդեցություն ունեցա՞ն ստեղծագործելու մեթոդների, տեխնիկաների և գործիքների վրա։ 
 

ՎՍ. Այն փաստը, որ վերջնաժամկետը մոտ էր, ինձ առաջ մղեց և կենտրոնացրեց։ Անկեղծ ասած, ես երբեք այսքան լարված կերպով չէի աշխատել ոչ մի ստեղծագործության վրա՝ կենտրոնացած լինելով մինչև վերջ։ 

 

Այս տեսակի մարտահրավերները մեծ ուժ են արվեստագետների համար։ Անհնարինը ստեղծելու համար մեզ պետք է որոշակի ճնշում: Պատահական չէ, որ որքան զարգացած է երկիրը, այնքան արդյունավետ է արտադրում արվեստ։ Արվեստագետին կայծ է հարկավոր գաղափարի վրա կենտրոնանալու, ինչ-որ բան ասելու համար, որը ոչ ոք չի ասում։

 

Կցանկանայի, որ նոր Հայաստանը հասկանար դա և իսկապես մարտահրավեր նետեր իր արվեստագետներին։ Մենք միշտ ունեցել ենք մեծ տաղանդներ։ Մեզ պակասը մոտիվացիան է։ Ես լավատես եմ, բայց, անկեղծ ասած, չեմ կարծում, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։ Ահա՛ թե ինչու այդքան հայ արվեստագետներ իրենց կայծը գտնում են միայն դրսում:

 

CA. Որո՞նք են Ձեր ստեղծարար նպատակները ՔՈՎԻԴ-19-ին հաջորդող աշխարհում։ 

 

ՎՍ. Իդեալական ստեղծարար նպատակը կլինի ստեղծարար նպատակներ չունենալը։ Ես կփորձեմ բացահայտել իմ ներքին երեխային և այն, ինչ նա ի վիճակի է անել։ Խաղեր պլանավորելու փոխարեն պարզապես խաղալ է պետք։ 

 

Ես կցանկանայի նաև թողարկել մի քանի երաժշտական ալբոմներ և դրանցից յուրաքանչյուրի համար ստեղծել տեսահոլովակներ։ Ես շատ կցանկանայի սովորել լինել ավելի համբերատար, ավելի շատ երգել, սիրահարվել նորից ու նորից, գրել ավելի շատ երաժշտություն խառը ոճերով, փորձարարությամբ զբաղվել և ճանապարհորդել ՝ չմտածելով տուն վերադառնալու ճանապարհի մասին:

 

CA: Մի քանի օրից դուք կթողարկեք նաև ձեր նոր ալբոմը` «2%-ը», որը հովանավորված է Creative Armenia-ի կողմից։ Մարտահրավերների ստեղծագործությունը նույնպես ներառված կլինի ալբոմում: Մի փոքր պատմեք ալբոմի մասին։ 

 

ՎՍ. Ուրախ եմ տեղեկացնել իմ գալիք ալբոմի՝ «2%-ի» մասին, որի հովանավորն է Creative Armenia-ն։ Այն կթողարկվի հուլիսի 24-ին, բայց մարդիկ կարող են նախնական պատվերներ կատարել` սկսած հուլիսի 17-ից։ Լոս Անջելեսում գտնվող Թուֆենկյան գեղարվեստի կենտրոնի հետ մեկտեղ կկայանա առցանց թողարկման երեկույթ ՝ Արթուր Սարգսյանի վիրտուալ անհատական ցուցահանդեսի հետ համատեղելով։ 

 

Ինչո՞ւ «2%»։ Դա տոկոսային տարբերությունն է մարդու և կապիկների ԴՆԹ-ի միջև։ Նաև ժարգոնային տերմին է, որը նկարագրում է կանոնները կամ սոցիալական սահմանները խախտողներին։ Կարգախոսի տերմինը բխում է այն մտքից, որ պահպանակները միայն 98%-ով են արդյունավետ, իսկ 2%-ը կանոնների խախտման միջադեպներ են։ Ալբոմի գաղափարը տարբեր երաժշտական ոճերի խառնուրդ ստանալն է ՝ դասականից մինչև տեխնո, ռոքից մինչև հիփ-հոփ և ցեղային:

bottom of page