Խիտ դրամատիկական հյութ

Եվ այլ ստեղծարար կոկտեյլներ կինոռեժիսոր Վիկտորյա Ալեքսանյանի հետ   

Հունվարի 28, 2018  |  հեղ.` Creative Armenia

Creative Armenia - AGBU Fellow Վիկտորյա Ալեքսանյանը հեղինակել է կարճամետրաժ ֆիլմեր, լուսանկարիչ է և պատմություններ կերտող։ Նրա ֆիլմերը կարևորում են սուբյեկտիվը և փոխանցում սովորական կյանքի անսովոր պատկերներ։ Իր ուսումը Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում ավարտելուց հետո նա վերադարձել է Երևան՝ աշխատելու և ստեղծագործելու։  

CA. Ինչպե՞ս եք ընտրում՝ ինչ տեսակի պատմություններ պատմել կինոյի միջոցով։

ՎԱ. Ինձ գրավում են պատմություններ, որոնք պատմում են նոր, չբացահայտված մանրուքներ մարդկային բնության մասին, պատմություններ, որոնք ունեն խիտ դրամատիկական հյութ և միևնույն ժամանակ ներկայացնում են կյանքը յուրօրինակ ու համարձակ տեսանկյունից։ Ես պետք է զգամ, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան ի վիճակի է իր ուսերին կրել սուբյեկտիվության բեռը ու ինձ ու դիտորդին տանել մոգական ուղևորության` շնորհիվ իր տեսանկյան կամ վստահելով իր ամենամութ գաղտնիքներն ու կրքերը ինձ` կինոռեժիսորին։ Հետո ես կարող եմ խորանալ ինձ համար ամենակարևոր պահերը գտնելու մեջ ու դրանք կապելով` ստանալ պատմություն։ Ինձ թվում է` չնայած աշխարհի գլոբալիզացմանը, այն շարունակում է մնալ անհավասար ամենուրեք, ու ինձ հիացնում են նույն, համընդհանուր գաղափարների տարբերություններն ու մեկնաբանությունները տարբեր մշակույթներում ու հասարակարգերում։ Կարող եմ ասել, որ ինձ գրավում են պատմություններ, որոնց հիմքում սովորական կյանքն է անսովոր միջավայրերում, և որոնք կարող են ապահովել ինչպես հաճելի դիտում, այնպես էլ սովորեցնել` ինչպես լինել ավելի լավը։ Փորձում եմ գտնել նման պատմություններ ուր էլ որ գնամ. փողոցում, թանգարանում, ընկերների հավաքույթներին կամ տանը։

CA. Ինչպե՞ս փոխվեց Ձեր մոտեցումը Հայաստանի հանդեպ, երբ սկսեցիք սովորել ու ապրել ԱՄՆ-ում:

 

ՎԱ. Իմ մոտեցումը Հայաստանի նկատմամբ ընդհանուր առմամբ չի փոխվել։ Ես միշտ սիրել եմ իմ երկիրը ու հպարտ եմ եղել, որ հայ եմ. մի բան, որի կրողը մենք բոլորս ենք ի սկզբանե։ Ամենից շատ ինձ մտահոգում էին մեր չքննադատված ու տաբուներով լի հասարակական կարգերն ու անարդարության համակարգը` որպես առաջխաղացման միջոց։ Մեծանալով մի ընտանիքում, որը հրաժարվում էր ապրել նոր կապիտալիստական արժեքներով ու դաժան կանոններով ու մնում էր իր խորհրդային պղպջակի մեջ, ես զգում էի երկրիս մասին սեփական պատկերացումները գտնելու կարիքը, բայց դեռևս հնարավոր չէր։ Մեկնելուցս հետո ես առիթ ունեցա տեսնելու բազում հասարակական, տնտեսական և կրթական խնդիրներ, որոնք ինձ մտահոգում էին Հայաստանում ապրելիս, բայց չէի կարողանում տարբերակել դրանք ու բարձրաձայնել դրանց մասին։ Ու դա ինձ հնարավորություն տվեց ապրելու այլ կերպ ու բացահայտելու բաներ, որոնք ներսումս շատ խորն էին թաքնված ու ստիպում էին ներքին խառնաշփոթ զգալ։

CA. Իսկ Ձեր մոտեցումը կինոյի՞ հանդեպ:  

 

ՎԱ. Կարծում եմ կինոն արվեստ է, որը կարող է նաև կոմերցիոն հաջողություն ունենալ։

CA. Ո՞վ կամ ի՞նչն է Ձեզ վրա ստեղծարար ազդեցություն ունեցել:

 

ՎԱ. Ես սկսեցի դիտել եվրոպական կինո ու հեղինակային կինոռեժիսորների, ինչպիսիք են Բերգմանը, Ֆելինին, Գոդարը, Կիշլովսկին, ֆոն Թրիերը, Ալմոդովարը, Կուստուրիցան, Տարկովսկին, երբ դեռահասության վերջին շրջանում էի։ Ու սիրահարվեցի։ Հետո երբ տեսա Զվյագինցևի «Վտարումը», որոշեցի, որ պետք է կինոռեժիսոր դառնամ։ Նրա պատմելու ձևն այնքան մշակված էր։ Չնայած բազմաշերտ ու խճճված պատմությանը և նույնիսկ ֆիլմի վիզուալ մռայլությանը, որը նրան առեղծվածային տեսք էր հաղորդում, ես զգում էի, որ ճանաչում եմ ինչ-որ հարազատ արհեստ։ Նստած կինոթատրոնում` զգացի մի անբացատրելի «ահա թե ինչ». կարծես ինչ-որ կերպ կոտրեցի պատումի գաղտնիքը։ Այս պահը վերջնականապես ինձ համարձակություն տվեց տրվելու կինոռեժիսոր դառնալու երազանքիս։

 

Ինձ վրա ստեղծարար ազդեցություն են ունեցել Բախի երաժշտությունը, հայրիկիս լուսանկարչության ամսագրերը, ռուս գրականությունը, որը ընթերցել եմ Հայ-ռուսական համալսարանում սովորելու տարիներին, հունական դիցաբանությունը, դասական պոեզիան, մոդերնիստական արվեստը և մինիմալիստական երաժշտությունը։  

CA. Նշել եք, որ նաև պոեզիա եք գրում։ Կմանրամասնե՞ք:

 

ՎԱ. Սիրում եմ կարդալ դասական արձակ պոեզիա։ Այս պահին ինձ շատ դուր է գալիս աբստրակտ պոեզիան` իբրև ոգեշնչման աղբյուր։ Ես պոեզիա գրել եմ` սկսած 9-10 տարեկանից։ Դրանցից որոշները հրապարակել եմ իմ գրական բլոգում՝ www.quansh.wordpress.com։

CA. Ձեր կարծիքով հայկական ֆիլմարտադրությունն ամենից շատ ինչպիսի՞ փորձի կարիք ունի:

ՎԱ. Մեզ հարկավոր են որակավորված պրոդյուսերներ, ովքեր կօգնեն Հայաստանին ընդլայնելու իր միջազգային կապերը կինոինդուստրիայի մասնագետների հետ աշխարհով մեկ։ Մեզ հարկավոր են նաև սցենարի զարգացման դասընթացներ ու վարպետության դասեր։ Հարկավոր է, որ լավ ֆիլմերը ավելի հասանելի լինեն Հայաստանում, ներառյալ նաև հայկականները։ Պետք է սկսենք աշխատել որոշակի կինոյի օրենքի շրջանակներում։ Կնպաստի նաև ֆինանսական աջակցություն տալը ներկա և ապագա ռեժիսորներին ու պրոդյուսորներին, որ գնան արտասահմանում կրթական վերապատրաստումներ ստանալու, fellowship-երի, գրական լաբերի ու residency-ների մասնակցելու։

CA. Ձեր ֆիլմերը որքանո՞վ են ինքնակենսագրական:

 

ՎԱ. Ամբողջապես։ Որոշ առումով ես փորձում եմ ամեն ինչ դարձնել ինքնակենսագրական։ Ես փնտրում եմ անձնական կապեր և պայքարում եմ, եթե դրանք չեմ գտնում։  

CA. Վերջերս տարվել եք լուսանկարչությամբ։ Ո՞ր պատմություններն ունեն լուսանկաչության կարիք, իսկ որո՞նք կինոյի։  

 

ՎԱ. Ես հիացած եմ լուսանկարչությամբ, քանի որ այն անմիջապես բավարարություն է տալիս. մի բան,  որը կինոարտադրությունում հնարավոր չէ, քանի որ շատ երկարատև է։ Չափից շատ։ Իսկ լուսանկարը հիմնականում շատ ժամանակ կամ գումար չի խլում։ Լուսանկարչության այն տեսակը, որով ես եմ սիրում զբաղվել, չի պահանջում բարդ ու թանկ կարգավորումներ։ Ես սիրում եմ դոկումենտալ լուսանկարչություն, բնատեսարաններ, քաղաքային պատկերներ ու բնական դիմանկարներ։ Ես սիրում եմ դրանց հիման վրա պատմություններ գրել։ Հայրս նախկինում ստուդիայի լուսանկարիչ էր, ու ես մեծացել եմ` հետևելով նրա աշխատանքին տանը։ Ես ժամեր շարունակ դիտում էի, թե ինչպես է մշակում ու տպագրում լուսանկարներն իր մութ սենյակում։ Տարված էի` այդ աշխարհում գտնվելով։ Չնայած սովորելու խնդրանքներիս` այն ժամանակ հայրս ինձ ոչ մի տեխնիկական բան չսովորեցրեց, քանի որ վստահ էր, որ երեխայի համար շատ բարդ արհեստ է. անգամ դեռահասի համար։ Այնպես որ ստիպված էի ինքս սովորել` ինչպես տեսախցիկի կոճակը սեղմել ու ֆոկուսի բերել։ Բազում պատմություններ կան մեր շուրջ, որոնք կարելի է պատմել մեկ լուսանկարով։ Այդ միտքն ինձ ուրախացնում է ու միշտ զգոն պահում։

Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2017-2020 by Creative Armenia