top of page

Եթե կյանքը կիտրոններ է քեզ տալիս

Գրող Նարեկ Մարգարյանը գիտի` ինչ անել դրանց հետ

Հունվարի 28, 2018  |  հեղ.` Creative Armenia

Նարեկ.png

Creative Armenia - AGBU Fellow Նարեկ Մարգարյանը ցնցեց Հայաստանը «ArmComedy» հեռուստաշոուի միջոցով, բայց նրա սթենդ-ափ շոուներն ու սցենարներն իր համար նույնքան նշանակալի են։ Իր եզակի մտահորիզոնով Նարեկն ընկալում ու իր գործերով ներկայացնում է կյանքի բացառիկ տեսանկյուններ։

 

CA. Դուք գրում և կատարում եք հայաստանյան հանդիսատեսի համար, բայց կոմեդիա սովորել եք Հայաստանից դուրս։ Նկատե՞լ եք նշանակալի տարբերություններ Հայաստանի և այլ մշակույթների հանդիսատեսի հումորի ըմբռնման մեջ:

ՆՄ. Կարծում եմ միակ նշանակալի տարբերությունը Հայաստանի և այլ (օրինակ, արևմտյան) հանդիսատեսի միջև այն է, որ մենք ունենք կոմիկների համար ավելի շատ փակ թեմաներ: Երբ սկսեցի սթենդափներ անել 2007թ.-ին, հումորի թեմաների թիվն ավելի սահմանափակ էր, քան հիմա։ Իհարկե իմ կատակներն ավելի հաճախ քաղաքականության մասին էին, և որքան էլ թեման լայն էր` այն ժամանակ մի փոքր ռիսկային էր, փոքր-քիչ վտանգավոր։ Բայց իմ կոլեգան և ես անգամ քաղաքական կոմեդիայի հեռուստաշոու սկսեցինք: Կարծում եմ` իրավիճակը հիմա այլ է։

 

Ինչ վերաբերվում է արևմտյան ավելի ազատ հանդիսատեսին, ես տեսնում եմ, թե ինչպես են այսօրվա ծայրահեղ քաղաքական ճշգրտությունն ու սոցիալական մեդիայի անդադար վրդովմունքները սկսում վնասել կոմեդիային. կոմեդիան սահմաններ չպետք է ունենա։ Արևմուտքում հիմա որևէ մեկը չի կարող կատակել` առանց որևէ փոքր խմբի վիրավորելու։ Ուստի այս առումով կարելի է համարել, որ Հայաստանում մենք կոմեդիայի համար ավելի մեծ ազատություններ ունենք։

 

Կոմեդիաների հեղինակն է սահմանները որոշում, ի՛նքն է որոշում` ինչի մասին կատակել, ինչին չդիպչել։ Այն պահից, երբ հանդիսատեսն է այդ դերը ստանձնում, դա դառնում է գրաքննության մի տեսակ։ Գրաքննությունը կոմդիայի բնական թշնամին է:

 

CA. Կպատմե՞ք «ArmComedy»-ի համար էսքիզներ ու դրվագներ գրելու ընթացքի մասին:

ՆՄ. Մի դրվագ գրելը ենթադրում է ժամերով լուրեր դիտել։ Իսկապես, չափից շատ։ Երբեմն նույն դրվագը դիտում եմ տարբեր անկյուններից ավելի ծիծաղելի ու ասելիքով տեսանկյուն գտնելու նպատակով։ Հետո գալիս է գրելու, ջնջելու ու կառուցելու ծավալուն ընթացքը։ Կոմեդիան միշտ ավելի ծիծաղելի է, երբ կառուցվածք ունի։ Հենց որ սևագիրը պատրաստ է լինում, գործընկերս ու ես սրում ենք կատակները, վերընթերցում դրանք ու սկսում ձայնագրել։ Հաճախ ձայնագրման ընթացքում նոր կատակների իմպրովիզներ են ստացվում։

 

CA: Ո՞րն է տարբերությունը հեռուստատեսության համար էսքիզային կոմեդիաներ գրելու և գեղարվեստական ֆիլմի համար սցենար գրելու միջև, որում Դուք նույնպես փորձ ունեք:  

ՆՄ. Գեղարվեստական ֆիլմի պարագայում սցենարի բարելավման համար ավելի շատ ժամանակ կա։ Իսկ հեռուստատեսայինի համար ընդամենը մի քանի օր ունես մինչև հաջորդ էպիզոդին անցնելը։ Եթե որևէ բան բավարար լավ չի ստացվում, կարող ես հաջորդում բարելավել։ Սցենարների դեպքում այլ կերպ է. երեք ամիս ունես գրելու համար, որի ընթացքում իսկապես ճանաչում ես կերպարներին, փորձում ես խառնել ամեն ինչ նրանց համար, ավելի դժվարին դարձնել իրենց նպատակներին հասնելը։ Այնուհետև ունես բավարար ժամանակ երկխոսությունները մաքրագրելու ու անհատական կատակներ ներառելու համար։ Ես սիրում եմ սցենարների վրա աշխատել, որովհետև այդքան հապճեպ չեն արվում։ Նաև ավելի մեծ ձեռքբերման զգացողություն են տալիս, քան հեռուստաէպիզոդը։

CA. Պատմե՛ք Ձեր առօրյա ստեղծագործական ռեժիմի մասին:

ՆՄ. Բավականին ձանձրալի է իրականում։ Կարդում եմ, ապրում եմ, քայլում եմ ու տարբեր բաների ականատես լինում։ Թույլ եմ տալիս, որ նստվածք տան ներսումս, մշակում եմ դրանք և այն, ինչ համարում եմ ծիծաղաշարժ, փորձում եմ գրի առնել։ Աշխատում եմ տարբեր ֆորմատներով։ Մեր կայքի համար երգիծական հոդվածներ եմ գրում. հեռուստաշոուն. մտքեր կան, որ միայն սթենդափներում կաշխատեն կամ միայն կինոյում կամ գրքում։ Նստում եմ ու գրում, հետո ընդմիջում անում։ Ընդմիջելն ամենաահավոր մասն է, իրականում, քանի որ հետո ժամանակ է պետք վերսկսելու համար։ Բայց երբեմն կարճ ուղիներ են լինում. օրինակ, քնիս մեջ կամ լոգարանում առաջացած մտքեր, որոնք այնքան լավ են ձևակերպված. մնում է միայն գրի առնել։

CA. Ո՞վ կամ ի՞նչն է Ձեզ վրա ստեղծարար ազդեցություն ունեցել:

ՆՄ. Կարծում եմ` առաջին բանը, որ մտածեցի ծիծաղելի է, շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի «Կառլսոնը» եռագրությունն էր։ Երևի յոթ տարեկան էի, ու անընդհատ վերընթերցում էի գրքերը` բարձրաձայն ծիծաղելով, որոշ նախադասություններ վայելելով ու տեսարանները մտքումս պատկերացնելով։ Դրանք լավ հումորով լի ուղղակի ժամանակակից հեքիաթներ չէին։ Կարծում եմ` Աստրիդ Լինդգրենը երեխաներին երազելու, ստեղծագործ լինելու, հրաշալի ու խելագար բաներ փորձել սովորեցնելու կարճ ուղին էր գտել։ Թեև քողարկված` երևակայությունն ու ստեղծարարություն նրա պատմվածքների հիմքն ու իմաստն են։

 

Մեծանալով սիրահարվեցի անգլիացի գրող Պ. Գ. Վուդհաուսի գործերին, ում «Ջիվս և Վուսթեր» շարքը կոմեդիայի հավերժական գանձերից է։ Այն սովորեցնում է զգալ հումորի համը։ Այն ինձ ուղղորդեց բացահայտելու Հյու Լորիի և Սթեֆն Ֆլայի հրաշալի կատարումով հեռուստաէկրանավորումը: Վերջիննեռրս նաև նաև գրել ու խաղացել էին իրենց հեղինակած ու հավերժական դարձած դասական կոմեդիայի` BBC-ի «A Bit of Fry and Laurie» էսքիզային շոուի մեջ։   

 

Մեծ ոգեշնչում եմ գտել նաև Ռուսաստանում։ Իլֆը և Պետրովը` «Տասներկու աթոռ» և «Ոսկե հորթը» գործերի հեղինակները, երևի միակ գրողներն են, որոնց գործերից վերցված ցանկացած նախադասություն, իր համատեքստից դուրս, նույնքան ծիծաղելի ու սրամիտ է։ Շատ եմ կարդացել Զոշչենկոյի, Չեխովի և Զադոռնովի ռուսական  երգիծանքները։ Եվ տեսնելը` ինչպես է Գարիկ Մարտիրոսյանն ուղղակի վերստեղծում սթենդափ կոմեդիան Ռուսաստանում,՝ շատ ոգեշնչող էր։

 

Բայց մեծապես ազդվել եմ ամերիկյան հումորից։ Հսկայական է ծավալն ու ժառանգությունը` սկսած Մարկ Տվենից մինչև «The Onion»-ը, որոնցից հավասարապես հաճույք էի ստանում։ Ամերիկյան հումորն իր հերթին ունի մեծ ազդեցություն բրիտանական հումորից` սկսած Ուայլդից մինչև Փայթոնները։ Ես ահռելի քանակի ամերիկյան հեռուստաշոուներ եմ դիտում։ Բայց ի սկզբանե ինձ գրավել են սթենդափ կոմեդիայի հեղինակներ Ջորջ Քարլինը, Ջերի Սինֆիլդն ու Քրիս Ռոքը։ Դրանք այնքան էին տարբերվում այն ամենից, ինչ տեսել էի Ռուսաստանում և Հայաստանում, այնքան ազատ ու հեշտ էին թվում, որ մտածում էի` ինքս էլ կարող եմ փորձել։ Եվ առաջին անգամ, երբ դիտեցի «Daily Show with Jon Stewart» հաղորդումը, հիշում եմ` այնքան էի ափսոսում, որ Հայաստանում նման բան չունենք։ Ինձ թվում էր` Ամերիկան կոմեդիայի առումով լուսատարիներով առաջ է մեզնից։

 

CA. Ի՞նչ տեսլական ունեք Ձեր կարիերայի ապագայի համար:

ՆՄ. Ուզում եմ շարունակել «ArmComedy» շոուն այնքան ժամանակ, քանի դեռ կարիքը կա. վստահ եմ, որ կոմեդիան ու քաղաքականությունը իրար համար են ստեղծված։ Ուզում եմ շարունակել գրական կարիերա կինոյում և գրականության մեջ ու չեմ ուզում ստեղծագործական առումով կառչած մնալ Հայաստանից։ Հիմա ամենալավ շրջանում եմ, երբ ունեմ ավելի շատ գաղափարներ, քան դրանք իրագործելու ժամանակ։ Մատներս խաչում  եմ, որ այս համաչափությունը չխախտվի։ Ուզում եմ սթենդափներով ավելի շատ շրջագայել։ Արդեն մի շրջագայություն ունեցել եմ ԱՄՆ-ում` անգլերեն գրված նյութով։ Կուզեմ կրկնել, ավելի շատ քաղաքներ ու երկրներ այցելել։

CA. Ձեր մանկությունն անցել է երեք տարբեր երկրներում` Ռուսաստանում, Լեհաստանում և Հայաստանում։ Ի՞նչ եք կարծում` ի՞նչ ազդեցություն է թողնում դա Հայաստանի Ձեր ընկալման վրա:

ՆՄ. Ռուսաստանում ապրածս բավականին երկար տարիներն ինձ օգնեցին նոր տեսանկյունից ճանաչելու Հայաստանը։ Վերադառնալուս առաջին տարվա ընթացքում ինձ, իրոք, օտար էի զգում։ Երկար ժամանակ պահանջվեց ու լավ ընկերներ, որ կարողանամ սեփական տանն ինձ տանը զգալ։ Տարօրինակ զգացողություն է, բայց հենց դա էլ կայծ տվեց «An Alien’s Guide to Armenia» գրքին։ Լեհաստանում ապրելուս տարիներին բացահայտեցի կոմիկ գրքեր։ «Superman»-ն ու «Spider-Man»-ն ինձ, իրոք, ցնցեցին, իսկ ԱՄՆ-ում ապրելուս ընթացքում բացահայտեցի հրաշալի ամերիկյան երաժշտություն, որը երբեք ինքնուրույն չէի բացահայտի։

CA. Որպես կոմեդիայի հեղինակ` ի՞նչն է Ձեզ ոգեշնչում Հայաստանում:

ՆՄ Մենք շատ փոքր երկիր ենք, ու ամեն ինչ արագ է արձագանք գտնում։ Մի քանի դեպքեր են եղել, երբ զգացել եմ, որ աշխատանքս էական ազդեցություն է թողնում երկրում կայացվող որոշումների վրա։ Ամենից շատ դրանով եմ հպարտ։

CA. Որպես կոմեդիաների հեղինակ` ամենից շատ ի՞նչն է Ձեզ զայրացնում Հայաստանում։ Եթե կարողանայիք ազգի երգիծական մթնոլորտում որևէ հատկանիշ փոխել, ի՞նչը կլիներ դա:

ՆՄ. Ամեն ինչ շատ լավ է իրականում։ Որպես ազգ` հումորի հրաշալի զգացում ունենք։ Այնքան գունագեղ ու առանձնահատուկ ենք, որ կոմեդիաների հեղինակն ունի տարիների նյութ զարգացնելու համար։ Բազմաժանր հումոր կա ամենքի համար. այնպես որ ոչինչ չէի փոխի։    

CA. Մի անեկդոտ պատմեք:

ՆՄ. Եթե կյանքը կիտրոններ է տալիս, պիտի լահմաջո պատվիրես։

bottom of page