top of page

Բամբիռից մինչև Վիշապ

Արիկ Գրիգորյանի երաժշտական կյանքն ու ուղևորությունը

Հունվարի 28, 2018  |  հեղ.` Creative Armenia

Արիկ.png

Creative Armenia - AGBU Fellow Արիկ Գրիգորյանը իր կարիերան սկսել է շատ վաղ տարիքում՝ գրավելով Հայաստանի և արտերկրի բեմերը։ Այժմ, երբ արդեն հիմնադրել է երեք խումբ և հաստատվել որպես երաժիշտ, ուսուցիչ և երգչախմբի դիրիժոր, նա ձգտում է հայկական երաժշտության մեջ նոր նորարարությունների։

CA. Երաժշտական կարիերան սկսել եք վաղ տարիքում։ Ինչպե՞ս պատահեց։

ԱԳ. Իմ երաժշտական կարիերան սկսվեց ութ տարեկանում, երբ հանդիպեցի Նարեկին ու Արմանին։ Միասին մենք ստեղծեցինք այն, ինչ հիմա համարվում է Բամբիռի երկրորդ սերունդը։ Մենք սկսեցինք միասին փորձեր անել, երգեր գրել, համերգներով ներկայանալ Հայաստանում և դրանից դուրս։ Հայաստանից դուրս մեր առաջին համերգը տեղի ունեցավ Նյու Յորքում 1999թ.-ին։  

 

CA. Երաժշտություն ստեղծելուց բացի ի՞նչ եք սովորել այն դասավանդելիս։

ԱԳ. Ամենակարևոր բանը, որ սովորել եմ, գիտելիքներս ու փորձս դրանց կարիքն ունեցող մարդկանց հետ կիսելու կարողությունն է։ Դա մի էներգիա է, որ տալիս ու վերցնում ես։ Սովորում ես լինել ավելի պատասխանատու ու կազմակերպված, ինչն իրոք կարևոր է ցանկացած աշխատանքում։

 

CA. Վիշապը, որը Դուք եք հիմնել, ուսումնասիրում ու կատարում է հին հայկական ժողովրդական երգեր: Կարո՞ղ եք պատմել` ինչպես եք հայտնաբերում և վերակենդանացնում այդ երգերը։

ԱԳ. Գործընթացը շատ նման է հնագետների աշխատանքին, ովքեր հետազոտում ու հայտնաբերում են հնություններ։ Իմ պարագայում նյութերն արդեն իսկ բացահայտվել ու հրապարակվել են ֆոլկլորիստների կողմից, բայց անտեսված են. այսպիսով վերահայտնաբերվելու ու ամենակարևորը վերամշակվելու կարիք ունեն, որպեսզի նորից ապրեն։

 

CA. Միջնադարի հոգևոր և ժողովրդական երգերը վերամշակելիս ինչպե՞ս եք ստեղծում հավասարակշռություն հինը պահպանելու և նոր շերտեր հաղորդելու միջև։

ԱԳ. Ամեն ինչ կախված է նրանից` ինչքան ես ուսումնասիրում և հասկանում նյութը։ Օրինակ, երբ ընտրում ես միջնադարյան երգ, պետք է պատկերացում ունենաս այդ ժամանակաշրջանի կյանքի և տեղանքի ծագման մասին. ինչով էին զբաղվում մարդիկ, ինչ հարաբերություններ ունեին հարևան երկրների հետ, համընդհանուր մթնոլորտն ինչպիսին էր։ Յուրաքանչյուր պատմական մանրուք օգնում է։ Ավելացրու անձնական գաղափարներդ ու զգացողություններդ, որոնք մեր ժամանակի պտուղներն են, և արդյուքում կստանաս հնի ու նորի հավասարակշիռ խառնուրդ։  

 

CA. Դուք հիմնադրել կամ համահիմնադրել եք երեք երաժշտական խմբեր։ Դրանք իրարի՞ց են բխում, թե՞ տարբեր նախագծեր են։

ԱԳ. Դրանք միանգամայն տարբեր խմբեր են ինձ համար, քանի որ ամեն մեկն ունի իր ոճը, փիլիսոփայությունը, պրակտիկան և հնչողությունը։ Բամբիռը, որտեղ ես ֆլեյտա եմ նվագում ու երգեր գրում, կարծես ընտանիքս լինի։ ԹմբաԹան, որը ստեղծվել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կրթական մտադրությամբ, ավելի փորձարարական բնույթ ունի ինձ համար. այստեղ աշխատում եմ երիտասարդների հետ, ու միասին մենք սովորում ենք հայկական երաժշտության և դրա յուրօրինակության մասին։ Դասավանդելիս ես սովորում և շատ բացահայտումներ եմ անում։ Երրորդ խումբը Վիշապն է, որն ավելի շատ հետազոտական նախագիծ է` բացահայտելու ժողովրդական և հոգևոր երաժշտությունը և ներկայացնելու այն տարբեր երաժիշտների հետ։   

 

CA. Ո՞ր ազգերի ժողովրդական երաժշտությունն է Ձեզ ոգեշնչում։

ԱԳ. Չափազանց շատ են թվարկելու համար, բայց հատկապես ոգեշնչվում եմ սկանդինավյան, պարսկական, աֆրիկական և արևելյան երաժշտությունից։

 

CA. Ո՞րն է Ձեր կարիերայի ապագայի տեսլականը:

ԱԳ. Այս աշխատանքն ինձ համար գիտական է. անվերջ կարելի է բացահայտել։

 

CA. Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ստեղծարար ոգեշնչման աղբյուրը:

ԱԳ. Աշխատանքային ընթացքը ինքնին ոգեշնչող է ինձ համար։ Մեր հարուստ ժառանգությունը, նյութերը, բնությունը, եզակիությունն ու պատմությունը։ Մարդիկ, որոնց հետ աշխատում եմ, որոնցից սովորում եմ։ Այդ բոլորը ոգեշնչում են ինձ։

 

CA. Ի՞նչ այլ արվեստներով եք հետաքրքրված երաժշտությունից բացի։

ԱԳ. Սիրում եմ նկարչությունը։ Ես արվեստի դպրոցում եմ սովորել բավականին երկար ժամանակ։ Գայթակղված եմ գույով և ձևով։ Իմ նկարիչ ընկերներն են ինձ ոգեշնչում։

Նաև գրականությունը, պոեզիան, թատրոնը։ Ես միշտ կարծել եմ, որ թատրոնն ու երաժշտությունը մասին լավ են աշխատում։ Մի օր ես կստեղծեմ հին օրերի ժամանակակից մյուզիքլային թատրոն։

bottom of page