top of page

Թաղված գանձ. Վահէ Օշականի երթը դեպի գրականություն

Թարգմանությունը՝ Թալին Ոսկերիչյանի

Մայիսի 10, 2019  |  հեղ.` Անուշ Տեր-Խաչատրյան

1106oshagan1-1024x656.jpg

Արևմտահայ գրող, բանաստեղծ և գրաքննադատ Վահէ Օշականը հայ գրականության ամենանորարար ձայներից է։ Ծնված Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում և մեծացած Եգիպտոսում, Կիպրոսում, ապա Երուսաղեմում՝ նա աշխարհի շրջիկ բնակիչ էր և իր շարժականությունը փառաբանում էր իր կոչում. «Շարժվե՛ք։ Կաթվածահար մի՛ եղեք մի վայրում, փոխե՛ք ձեր շրջակա միջավայրը»։


Սորբոնի համալսարանում համեմատական գրականության դոկտորի գիտական աստիճան ստանալուց հետո Օշականը դասավանդել է փիլիսոփայություն, հոգեբանություն և գրականություն այնպիսի ակնառու համալսարաններում, ինչպիսիք են Կոլումբիայի համալսարանը, Մաքուորիի համալսարանը Սիդնեյում, Կալիֆորնիայի համալսարանը (Բերքլի) և Բեյրութի Ամերիկյան համալսարանը։ Նա նաև հեղինակել է բանաստեղծությունների ութհատորյակ, արձակի վեցհատորյակ, պատմվածքների երկու ժողովածու, բազում պիեսներ, գրական հոդվածներ և էսսեներ։   

Օշականը հեղափոխել է հայ գրականությունը։ Ոգեշնչված ֆրանսիական էքզիստենցիալիզմից և իր իսկ կյանքից՝ աքսորներով և տեղափոխություններով լեցուն, նա կարողացավ օգտագործել նոր ոճեր և հեռանալ դարեր շարունակ հայ պոետների հնացած սահմանափակումներից: Օշականի ստեղծագործությունները լիարժեքորեն հայ գրականությանն են պատկանում, սակայն նաև համամարդկային են։ Նա ազգային տառապանքի մանրամասները վերածում էր հիմնարար մարդկային գոյության պայքարը նկարագրող բառերի և պատկերների։  

Մինչ օրս Օշականը երբևէ չի թարգմանվել անգլալեզու հրատարակության համար։ Սակայն Բոստոնի համալսարանի դասախոս և «Վահէ Օշական. միջնարար» 2016 թ.-ի փաստագրական ֆիլմի համառեժիսոր Թալին Ոսկերիչյանը վարպետորեն թարգմանել է Վահէ Օշականի «Դէպի Կեանք» բանաստեղծությունը։ Օշականի ոչ մի այլ գործ այնպես չի փոխանցում նրա գրական տաղանդի, աշխարհայացքի և անկոտրում երթի ծավալը, ինչպես ստորև ներկայացված բանաստեղծությունը։

                                                                                                                                               

                                                                                                                                       — Անուշ Տեր-Խաչատրյան

Դէպի Կեանք

Վահէ Օշական 

Այս կէսօր ալ

աստուած նստեր մահուան շուքին ճակտի քրտինք կը սրբէ

կլոր ոսկի ժամացոյցը դուրս կը հանէ կը նայի

հազարներով շրջապատեր ծալլապատիկ մտիկ կ՛ընեն հէքեաթները

որ կը ճօճուին կախուած պզտիկ զանգակներու լեզուակներէն —

սա մեր կեանքն է

պատռած ուռկան ուսէն կախ քաշկռտելով փողոցներէն կը քալենք

պոռչտացող խուժանը կը հալածէ տասը ամսու յղի պառաւ պոռնիկ մը

ջրոտ աչքով դատարկապորտ եօթը գինով

քսանչորս ժամ երկվայրկեանի տարեդարձը կը տօնենք

թեւեր նետեր հովուն մէջ բացեր մատներ մերկութեան

կարօտները կտոր կտոր անբուժելի կը կոտտան —

ախ սա կեանքը

օրօրոցէն նարօտ դրին մեզ կարգեցին գաղտագողի մութին մէջ

հիմա տունը ձգեր գացեր գիւղերը՝ եկողին հետ կը բոզանայ

գիշեր ցերեկ մէջտեղ ինկեր սոված անքուն կը փնտռեմ

ո՞վ է ի՞նչ է ոչ ոք գիտէ մարդ չէ տեսած

անթիւ ժահոտ պալարները կը սալարկեն աշխարհը

պիտի ծռիմ համբուրեմ՝

կեանքը փողոց՝ ուր լաճերը զիս ձեռք առեր կը հալածեն կը ծաղրեն

մանրանկար սուրբ անապատ՝ վարձու կու տամ մարդորսներուն

ու կը փախիմ լուսապատճէն նրբանցքներէն խարխափելով։

պարապ  ճերմակ պատերուն աչքը  տնկեր՝  ապուշ ապուշ կը ժպտինք

ի՞նչ գործ ունինք այստեղերը

սա լամբերը որո՞ւ հոգւոյն կը  վառին

սա ի՜նչ վատնում է բախտի՝ որ հազիւ հազ ձեռք ձգեցինք

ալ հոս  հասանք կարպետը խոտին փռեցինք սանտուիչները հանեցինք

ու երկնցանք

եւ արդէն լոյսի  ծածկոյթ մեզ կը գոցէ տայնոսօրի զրահներով 

միջատներու ոտքերով լոյսի անտես մաշկին վրայէն կը սահինք 

հորիզոնէ հորիզոն մեզ փռեր են մեր ոտքին տակ՝ կը կոխկռտենք

կ՛արիւնինք

ու քէֆ կ՛ընենք կեանք կը կոչենք շուքեր հագած կը պտտինք

Կեանքս մութն է

մէջը կ՛իյնամ ամէն քայլի փոսեր կան ու մէջ մէջի վերջ չունին

ոչ ալ սկիզբ սա տաք ցաւին թանձր ասֆալթ թափեր են

մորթիս վրայ մրջիւններու բանակներ աշխարհ շալկեր կը պարեն

որո՞ւ հոգը մարդիկ բոպիկ քայքայումի կր վազվռտեն խելայեղ

յետոյ չկան փախեր գացեր օտարութեան մառանները

ուր զիս պատանդ կը պահեն կամ կը թաղեն կամ կը նետեն անկիւն մը

միս մինակս լուսանկարչի մութ սենեակը ներսէն դուրսէն կղպեր են

ցերեկ գիշեր գործ բան չունիս ֆիլմ լուալ չորցուր փակցուր պատին վրայ

առանց  երրեք ճանչնալու ով է հոնկէ քեզ  կը  նայի

որո՞ւ ձայնն է բերաններու խորերէն քսան չորս ժամ քասէթները

կը դառնան 

եթէ կրնաս հասկցիր՝ կէս գիշերին դուռ զարնող  կա՞յ  աշխարհ  գիտէ՞

թէ ողջ ես 

այդպէս կառչած գիտակցութեան անծայրածիր առագաստին 

պիրկ ու պատրաստ կը սպասէ՝ուր է ուր է հովի փետուր գար զիս տանէր 

սա խաւարէն լոյսէն անդին ոչ հասցէ կայ ոչ անուն —

միայն սէրը

ոսկորներու գառագեղէն ճոռթաններէն երկնքի ու խազերէն ափերուս

պառակն ի վար ժամանակի գլտորելով մինչեւ տաշտը տառապանքի

երջանկութեան բառը երբեք մի գործածեր կը մեռնի

սէրն ալ հետը կ՛անհետի ետ սեղանի բրդուճին բազմութիւնը մեկներ է

ամէն ինչը խնճոյքէն ետք կը պատահի քեղի ոչ ոք լուր կու տայ

մինչեւ գիտնաս՝ ալ շատ ուշ է պիտի կայնիս պատի մը տակ ու գիտես 

ալ պէտք չկայ լեցուն բերնով կատակ ընել ճաշի գլուխ

լուրջ լուրջ խօսիլ Պապին մասին օդակայան աճապարել  վախը  սրտին 

Անգործութեան  Գրասենեակ շարքի անցնիլ ժամերով ու կեանքերով 

ձիւնը  մաքրել  դէպի փողոց ղէպի քաղաք ղէպի աշխարհ՝ որ  հոն չէ 

ձեր աչքերը շատ հասարակ յուլունքներ են առուակներէն ու մայթերէն

հաւաքուած

ծղրիթները օթոները Պարոն Սեդրաք ու Վիվալտի

կոյս լռութեան նոյն կարկահի վրայ  կը բանին խորհրղաւոր ու 

                                                                                                                գաղտնագիր

ի՞նչ պատգամ

որու լեզուն  Ճէնկիզ  Խանի դահիճները  կտրեր  են

ու զիս նետեր ետ մանկութեան պարտէզները ականներով լեցուն են 

հիմա մէկ մէկ կը պայթին պիտի քալես  վազես խաղաս

երգէ՛  պոռա՛   այս է մարմին իմ այսպէս թափուեր մինչեւ ծայրը հորիզոնին 

մատանիին ուրտե՞ղ տանինք  մենք որբացած հիւլէներ  ենք բոլորս

հարս ու փեսայ  զոքանչ  կեսրայր քենեկալ 

տալ աներհայր  կեսուր աներ քեռորդի

ներ ու քենի զոքանչամայր աներորդի քեռայր քեռկին

խնամախօս մակարապետ խաչեղբայր սկեսրանք  ու կնքամայր

թագւորի մէր դուրս արի

տես ամէնքս ու ամէն ինչ ազգական ենք ու խնամի

հին ու տրտում օրոսպիէն  որ  դրանը  նստեր է՝ ծունկերը բաց՝ բերնէն

շողիք  հոսելով 

շուայտ խենէշ  հաշիշամոլ լիրբ  ու լկտի բոզաւագէն 

առաքինի սիրատոչոր անմխիթար  ծեր ու լքուած մայրապետէն 

մթին ու կոյս թաւուտքներէն զիրար լափող գազաններէն

սիրտը պայթող  հրաբուխէն առհաւիրքի ծովերէն լեռնակուտակ տուներէն 

ախտավարակ տիղմին մէջէն  մինչեւ խորան մինչեւ սկիհ միւռոնի՝ 

սէրը մեծղի  մագնիս  հազար  հազար փշրանք կը շողշողայ

կը փալփլայ կը դողդողայ 

քարը ջուրը օդը ծառը պատը լոյսը մարդ ու միջատ՝ 

հսկայ  պարապ գմբէթին տակ  հաւաքուեր ենք

ցերեկ  գիշեր  հարսանիք կայ  տավուլ  զուռնան ամբողջ աշխարհ բռներ  է 

թագւորի մէր հոս նայէ 

մեզի ինչպէ՞ս պիտի  ճանչնաս  ոչ  կը տեսնես  ոչ կը լսես  ոչ  կը  դպնաս

գիրերու մէջ թաքստոցներ շիներ  ենք ու պահուըտեր  վանկերու տակ

կր քնանանք

հիմա խումբ խումբ կայներ ենք սքոչները ձեռքերնիս սարէն ձորէն

կր խօսինք

քիչ ետք անդէմ պաշտօնեաներ մեզմէ տոմսակ պիտի ուզեն

խօսակցութեան թելը կտրեն դուռր բանան մեզ բոլորս դարպաս քշեն

թուրսը մութին մեզի  ոչ  ոք պիտի յիշէ բարեւ մր տայ 

յանկարծ ձայներ պիտի կանչեն հոս հրամմէ ասդին եկուր շուտ ըրէ 

ու հարիւր ձեոք պիտի բռնեն քաշեն հրեն շարքին մէջ 

հին բազմոցն է հանրատան՝ բայց ալ չկայ սպասումը անձկութիւնը 

միջնարարը  վերջ գտաւ քուլիսներր  ուրիշ  մարդիկ կայներ են։

Ի՞նչ հասկցանք եղածէն —

կօշիկներուն կրունկներր դուրսի կողմէն միշտ մաշեցան

գոց  դռներուն կռթնած՝ հայհոյեցինք արտասուեցինք  կարօտցանք

մազերը սեւ ներկեցինք  գաղտագողի բիւր փասումա կլլեցինք

սոխ ու սխտոր չկերանք անութներուն հակաքրտինք քսեցինք

գրել կարդալ սորվեցանք այցետոմս ալ տպել տուինք

բան գիտցողի հովեր առած վստահելի լուրջ մարդու պէս

գլուխը կախ ծանր դանդաղ քայլերով գորգերու վրայ գացի՜նք եկա՜նք

անմահութեան սեւ-շուկայի Գաղտնի Բանակի մասին խօսելով

լուսանկար քաշուեցանք խաչ հանեցինք բարեւ առինք

հեռախօսելով կեանքի մահուայ  սիրոյ  մասին խրատ տուինք

սեւ ակնոցով եւ անժպիտ ՝ մոմեր բռնած պտտեցանք իրար շուրջ՝

սակայն ոչ ոք խաբուեցաւ

ու մնացինք մարդու նման խրտուիլակներ լուռ ամայի դաշտերու մէջ

ցիր ու ցան

եկող  գացող ոչ մէկ թռչուն մեզ նշմարեց

մինչ ալեւոր սերմնացանը հեռուներու մշուշներէն՝ թեւը շարժեց մեր կողմը 

բայց մէկ հատ սերմ գիտակցութեան ակօսները չհասաւ 

ու դեռ  հոս  եմ երեխայի պզտիկ արծաթ դգալ  ձեռքիս 

բերնէս բառեր շուար անպէտ կը կախուին

խամաճիկի գոյն գոյն թելեր թնճուկ եղեր՝ բոլորն իրար անցեր են 

պատմութիւնը որո՞ւ պատմել ինչպէ՞ս պատմել այլեւս ոչ ոք կը հաւատայ

թէ արկած չէր եղածը ու հէքեաթը  վերջ չունէ

կը ծփամ մակերեսին ու յատակին յաւիտեան 

փախուստ չկար սկիզբէն երբ ծուղակը կը լարէին։

Պիտի երթամ դէպի կեանք

ապառնիի սանդուխին  հոն մերկ  կայնած կրկնապատկեր

անկարելի ժամադրութեան ե՞րբ է ո՞ւր է աստուած՜ իմ սրճարանը չգոցուած

կէս գիշերի մայթերուն թափառելու սովալլուկ  ստուեր մը 

կամ ու չկամ գոց շուկայի բազմութեան մէջ՝ պիտի ապրինք
յուշ կը  ծախե՜մ...յուշ կը  ծախե՜մ...ո՞վ կը գնէ...եկէք առէք...

ձրի կու տամ

 

ես բրուտի աթոոին շռւրջ հողին ինկած փշրանքներէն շինուած եմ

հապճեպ կիսատ  ձեւի բերուած մութին մէջ

մէջտեղ դրուած առանց շունչի տոկալու մինչեւ հասնիմ ուր  որ  է

աշխարհ թափուած չորս կողմերր արկածահար բեռնակառքի աւազի  դէզ

յուշ կը ծախե՜մ...ձեր ինչո՞ւն պէտք  ով եմ ինչ եմ

ձեր պատռտած փոխնորդները բերնին  հոտը թուքը քաքը կր  գնեմ

ես եմ միակ յաճախորդը ձեր  կեանքին դուռը  կղպեր  ներսը գոգուեր

 

ի՞նչ կ՚ընէք

ես  եմ միակ ժառանգորդը ձեր գանձերուն ուրտեղե՞րը թաղեր էք

չէ՞ք գիտեր թէ ասկէ անդին անապատը կր սկսի

կրիան ինկեր կռնակին հաշմանդամը ինքզինքին պլլուեր՝ տեղ-քայլ կ՛ընէ

մարդիկ մէկ մէկ  ռումբ-նամակներ՝  հազիւ բացած՝ ձեոքերուս  մէջ

 

կը պայթին 

փշրանքները արձագանգը  կր լեցնեն տարաշխարհիկ պղպջակը 
որ  կը տարուի տանիքներէն կը գլտորի փողոցներէն
 

ե՛ս եմ ե՛ս եմ ատիկա

ինձմէ առաջ հոս եկած՝ աւետելու իմ գալս

ցանկը  ձեռքիս՝  մեծ խնճոյքը պատրաստելու

տիեզերքի կոյր լուսարար կայծոռիկի վերջին յոյս՝

կարելի է այս անգամ երկվայրկեան մը՝ արահետր կը տեսնուի

դէպի  կեանք։ 

       

ՀԵՂԻՆԱԿ

Անուշ Տեր-Խաչատրյանը գրող է, ապրում է Երևանում:

bottom of page