top of page

Հայ-ամերիկյան արջաորսության առանձնահատկությունները

Արջաորսությունը վաղուց դադարել է ապրուստի միջոց լինելուց։ Իսկ ինչպե՞ս է այն արտացոլվել հայկական և ամերիկյան մշակույթներում։

Հունվարի 31, 2018  |  հեղ.` Creative Armenia

Screen Shot 2019-01-18 at 5.11.02 PM.png

Որսորդությունն ընդհանրապես և արջաորսը մասնավորապես նախնադարում ընկալվում էր որպես ապրուստի միջոց. կենդանուն սպանում էին քաղցը բավարարելու նպատակով: Հետագայում որսորդությունը (արջաորսը) վերածվում է մի տեսակ ազնվականների զվարճանքի. արքաներն էին որսի գնում՝ իրենց նշանառությունը փորձելու և լավ ժամանակ անցկացնելու համար: Նրանք որսորդությամբ հացի խնդիր չէին լուծում:

Պատմության արդի դրսևորումները նորովի են իմաստավորում արջաորսը: Հայ և ամերիկյան մի քանի պատումների միջոցով տեսնենք, թե ինչպես են արջաորսերի պատմությունները փոփոխվում՝ ժամանակի նոր մարտահրավերներին ընդառաջ:

Առաջին գործը, որին կանդրադառնանք, Հովհաննես Թումանյանի «Արջաորսն» է (1899): Թումանյանը 19-րդ դարի հայ ամենահետաքրքիր գրողներից մեկն է, ով հայտնի է իր հեքիաթներով, պատմվածքներով ու բանաստեղծություններով: Պատմվածքի սյուժեն շատ պարզ է. երկու ընկեր խոզ են պահում, մի գիշեր հայտնվում է արջն ու վնասում խոզերին: Ընկերներից մեկը որոշում է սպանել արջին: Առաջին փորձը ձախողվում է, և քիչ է մնում խոզապահը զոհ գնա անտառի գազանին, բայց հանգամանքների բերումով հաջողում է փրկվել: Հետո երկրորդ անգամ է որոշում գնալ արջաորսի՝ իր գործունեության տարածքն արջից վերջնական ապահովագրելու համար: Մտնում է անտառ, ուր արջը տանձ է ուտում, կրակում է նրա վրա, որից հետ վիրավոր արջը դեպի ջուրն է վազում, իսկ այնուհետև սատկում: Թումանյանն իր դիտարկումների մեջ հեռուն չի գնում, բայց մի բան հստակ է՝ խոզապահներն ազատագրում ու ապահովագրում են մի նոր տարածք իրենց գործունեության համար:

Կողմերի դիրքավորումը և հանգամանքները մի քիչ այլ են Ակսել Բակունցի «Մթնաձոր» պատմվածքում (1926): Բակունցը 20-րդ դարի առաջին կեսի՝ Խորհրդային շրջանի հայ արձակի կարևոր ներկայացուցիչներից է, ով հայտնի է իր պատմվածքներով: «Մթնաձոր»-ի սյուժեն հետևյալն է. գյուղում որսորդի համբավ ունեցող Ավին գալիս է վայրի ու կուսական Մթնաձոր, ուր սովորաբար միրհավ ու կաքավ էր որսում: Այս անգամ էլ աղվեսի հետք է գտնում, սակայն որսը հաջող չի ստացվում: Որոշում է ձեռնունայն տուն չվերադառնալու համար փայտ հավաքել: Գլխին կանգնում է անտառապահ Պանինը ու երկընտրանք առաջարկում Ավիին՝ կամ քսան ռուբլի տուգանք անտառից փայտ գողանալու համար, կամ էլ Մթնաձորի մի արջ սպանել: Ավին դրամական տուգանքը վճարելու անկարողության պատճառով ընտրում է արջ սպանելը: Գյուղացի որսորդի ու արջի բախումը ողբերգական ավարտ է ունենում: Ավին, ճիշտ է, զոհ չի գնում արջին, բայց հանդիպման արդյունքում, բառի բուն և փոխաբերական իմաստով, կորցնում է որսորդի իր դեմքը: Նրան մահից «փրկում» է անտառապահ Պանինը` ինքն էլ հենց սպանելով արջին:

Screen Shot 2019-01-18 at 5.11.12 PM.png

 Հովհաննես Թումանյանը և Ակսել Բակունցը

Արջի դեպքում երկու պատմվածքներում էլ հանգուցալուծումը նույնն է, սակայն եթե Թումանյանի մոտ գյուղացի խոզապահներն են արջից գրավում իրենց համար անհրաժեշտ նոր տարածքը, ապա Բակունցի մոտ արջի տարածությունն անցնում է բռնակալի վարք ու հավակնություններ ունեցող մեկին, ով ոչ թե ընդլայնելու է տեղացիների գործունեության դաշտը, այլ նոր՝ ավելի բարդ արգելք է հանդիսանալու այդ գործունեության համար: Հաջորդիվ այլևս չի լինելու երկընտրանքի՝ «արջ սպանելու» տարբերակը, և մնալու է «20 ռուբլի տուգանքը»՝ որպես տարածքի գին: Պատահական չէ, որ նախկին որսորդ Ավիին հաջորդ անգամ հանդիպում ենք գյուղում՝ իր տան դիմաց նստած կոշիկ կարելիս. նրա գործունեության տարածությունն արջի հետ հանդիպումից հետո կտրուկ սահմանափակումներ է կրել:

2015թ.-ին մեծ աղմուկ հանեց «The Revenant» ֆիլմը, որը նկարահանեց ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն Մայքլ Փանքի համանուն ստեղծագործության հիման վրա:  Պատումի գործողությունները ծավալվում են 19-րդ դարի առաջին քառորդում Միսսուրի գետի հովիտներից մեկում: Սա մի պատմություն է մարդկային կամքի ու տոկունության մասին, թե ինչպես որսորդ Hugh Glass-ը կարողանում է դիմադրել բազմաթիվ փորձությունների և վրեժ լուծել որդու սպանության և իր կրած տանջանքների համար: Այս պատմության ամենաազդեցիկ դրվագների մեկը Glass-ի և արջի մենամարտն է: Ճիշտ է՝ արջը մի քանի անգամ ուժեղ է, ու մարդը բազմաթիվ ծանր վերքեր է ստանում այս կռվում, բայց այդուհանդերձ կարողանում է սպանել հսկա արջին: Արջին հաղթող սպիտակամորթ հերոսը պատմության վերջում հաղթում և իր ապրելու իրավունքն է հաստատում նաև Միսսուրիի հովտում, ուր ինքը նախապես եկվոր էր: Կարող ենք ասել, որ այս պատմությունը այլաբանորեն խորհրդանշում է եվրոպացիների տիրապետության պատմական հաստատումը Հյուսիսային Ամերիկայում: Նորից արջ սպանելը տարածքում հաստատվելու փաստի սիմվոլիկ ցուցադրությունն է:

Դիտե՛ք «The Revenant» ֆիլմի թրեյլերը

Ամերիկյան մեկ այլ պատում՝ Ուիլյամ Ֆոլքների «Արջը» (1942), պատմում է տարածք վաճառած կարմրամորթների ժառանգների և այդ տարածքը գնած սպիտակամորթների ժառանգների արջաորսի մասին: Ֆոլքների մոտ արջը «կենդանի մարդուն հատուկ իսկական հեղինակություն» և անուն ունի՝ Բեն: Կարմրամորթներն ու սպիտակամորթները գիտեն, որ քանի արջը կա՝ իրենց պապերի գործարքը ոչինչ չի նշանակում, և տարածությունը հենց Բենին է պատկանում: Արջին սպանելու նրանց տարիների փորձը միշտ ձախողվել է, և արջաորսն այդ տարիների ընթացքում ավելի շատ դիմակահանդեսային բնույթ է ստացել: Մարդիկ ստիպված են կիսել տարածությունն արջի հետ. արջն իրենց ունեցվածքին վնաս չի տալիս, իրենք էլ արջին չեն կրակում: Դիմակահանդեսն ավարտվում է այն ժամանակ, երբ արջը խախտում է պայմանավորվածությունը, և արդյունքում կարմրամորթ խառնածին Բուն Հոգենբեքը սպանում է աջին: Դրանից հետո խառնածին կիսաստրուկ Բունը դառնում է Միսթր Բուն, ու այլևս նա է տարածության վերահսկողը, իսկ սպիտակամորթները պետք է հրաժարվեն կարմրամորթներից «գնած» իրենց հողից:

Screen Shot 2019-01-18 at 5.11.21 PM.png

Ուիլյամ Ֆոլքները

Եթե նայենք քննարկված գործերի զարգացման տրամաբանությունը, ապա կտեսնենք խարխլվող Ռուսական կայսրության համատեքստում իրենց ինքնավարության սահմաններն ընդարձակելու փորձերը Թումանյանի «Արջաորսում», կարճ ինքնավարությունից հետո իրենց իշխանությունը զիջած ու սեփական հողի վրա Խորհրդային երկրում կենսագործելու խստացված ու սահմանափակված պայմանները Բակունցի «Մթնաձորում», Ամերիկայում հաստատվող եվրոպացիների (սպիտակամորթների) սիմվոլիկ արջասպանությունը «The Revenant»-ում  և սեփական իրավունքները վերականգնել փորձող սևամորթ-կարմրամորթների ըմբոստության առաջին քայլերը Ֆոլքների «Արջում»:

Ստացվում է, որ արդի գրականության այս օրինակներում արջաորսն արկածից վերածվել է խորհրդանիշի: Արջն անվերջ պարտվում է մարդուն, և յուրաքանչյուր պարտություն նորովի է արձանագրում մարդկանց կոնկրետ խմբի ազդեցության աստիճանի փոփոխությունը կոնկրետ աշխարհագրական տարածքում:

ՀԵՂԻՆԱԿ

Վահրամ Դանիելյանը հայ գրականության մասնագետ է եւ դասախոսում է Երեւանի պետական ու Հայաստանի ամերիկյան համալսարաններում։

bottom of page