Քանդելով երաժշտական հիմքերը
Կոմպոզիտոր և դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը ներկայացրեց «GROUNDED» փորձարարական երաժշտական կատարումը՝ «Կայծ» դրամաշնորհի աջակցությամբ
Հոկտեմբեր 26, 2021 | հեղ.` Creative Armenia
Պատկերացրեք, որ դուք նստած եք խոտերի վրա՝ շրջապատված բույսերով, ջութակը նվագում է անմիջապես ձեր ականջի ներքո, մինչ դուք խորասուզվում եք երաժշտության մեջ։ Մենք ընտանեկան պիկնիկ չէ, որ նկարագում ենք, այլ «GROUNDED» կատարումը՝ կոմպոզիտոր և դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի հեղինակությամբ։ Ստեղծված իր նոր «Sonoris» նվագախմբի հետ և Creative Armenia-ի «Կայծ» դրամաշնորհի աջակցությամբ՝ եզակի և ինտերակտիվ կատարման պրեմիերան տեղի ունեցավ հոկտեմբերի 23-ին, Բեռլինում։ Մենք զրուցեցինք երաժշտի հետ, որը նաև 2020 թվականի Creative Armenia-AGBU Fellow է, իր ոգեշնչումների, ձգտումների և այն ցատկի մասին, որը պատրաստվում է կատարել դասականից դեպի փորձարարական երաժշտություն։
CA. Պատմեք մեզ, ի՞նչ է «GROUNDED»-ը։
ԱԻ. «GROUNDED»-ը զգայարանների սիմբիոզ է, որտեղ հանդիսատեսն ակտիվորեն մասնակցում է կատարմանը։ Այս նախագծով ես խրախուսում եմ ունկնդիրներին խորասուզվել երաժշտության մեջ։ Կատարման մեջ երաժիշտները երաժշտություն են նվագում ոչ թե բեմի վրա կանգնած, այլ շուրջբոլորը։ Դուք բացարձակ ազատություն ունեք ընտրելու, թե որտեղ եք ուզում նստել։ Դուք նույնիսկ կարող եք կանգնել կամ պառկել: Երաժշտությունը կազմված է, հաշվի առնելով համերգասրահի չափսերը և երաժիշտների դասավորությունը, այդպիսով ստեղծելով յուրահատուկ ակուստիկ փորձառություն յուրաքանչյուր ունկնդրի համար։
Ենթադրում եմ, որ «GROUNDED» անվանումն արդեն հուշում է, որ այս կատարումը բնության հետ կապ ունի։ Բացի երաժիշտների անսովոր դասավորությունից, այն հանրությանը հնարավորություն է տալիս անմիջական կապի մեջ մտնել բնության հետ՝ դահլիճի ողջ մակերեսը ծածկելով իրական բուսածածկույթով, որպեսզի մարդիկ կարողանան զգալ օդի թարմությունը, խոտի շոշափումը իրենց մատների ծայրերին և խորասուզվել ձայնի հյուսվածքի մեջ։
CA. Ի՞նչը ձեզ ոգեշնչեց ստեղծել կատարումը։
Այսօրվա աշխարհում մենք մշտապես զբաղված ենք և շեղվում ենք սոցիալական ցանցերով, էլ. նամակներով, զանգերով։ Մարդկանց բնության հետ վերամիավորվելու, գեթ մեկ պահ բոլոր անհանգստությունները հետին պլանում թողնելու և իրենց հիմնավորված զգալու ցանկությունը դարձավ այս նախագծի ոգեշնչումը։ «GROUNDED»-ը հնարավորություն է տալիս ապրել ներկա պահի մեջ՝ ոչ թե անցյալում կամ ապագայում, ոչ թե սուզվելով մտքերում, այլ մնալով ՀԻՄԱ-ի մեջ և վայելելով ձեր շուրջը հնչող ձայնի կյանքը։
CA. Դուք ստեղծագործել եք շատ փոքր տարիքից և ծանոթ եք ոլորտի բոլոր նրբություններին։ Ինչո՞վ էր «GROUNDED»-ի համար ստեղծագործելը տարբերվում նախորդ փորձառությունններից։
ԱԻ. Այն շատ տարբեր չէր, թեև պետք է խոստովանեմ, որ երկար ժամանակ չէի ստեղծել նմանօրինակ բարդության որևէ երաժշտություն։ Եվ բարդությունը դրա կատարման մեջ չէ, այլ երաժիշտներին ճիշտ ոգեշնչում ու առաջադրանքներ մատուցելու մեջ։ Այս ստեղծագործության մեջ նրանք ոչ միայն կատարողներ են, որոնց առջև նոտաներ կան դրված, այլ նաև ստեղծագործության ակտիվ մասնիկը։
Պարտիտուրը բաղկացած է բազմաթիվ ցուցումներից, ինչպիսիք են՝ «հարվածիր գոնգին և թող ձայնը անհետանա» կամ «հարմոնիկը նվագիր այնպես, որ երաժշտական գիծ առաջանա, օգտագործիր ինտուիցիադ»։ Եվ այստեղ հարց է առաջանում. ԻՆՉՊԵ՞Ս: Որպես դիրիժոր՝ ես պետք է ոչ միայն ցույց տամ երաժշտության հոսքը կամ ուղղորդեմ երաժիշտներին ամբողջ պարտիտուրում, այլև նրանց հասցնեմ մեդիտացիայի վիճակի, որտեղ դիրիժորն այլևս կարևոր չէ։ Դա հավասարակշռություն է ողջ անսամբլի համար խարիսխ լինելու և ընդհանրապես այնտեղ չլինելու միջև։
CA. Դասական կատարումները սովորաբար հիմնվում են մեկ զգայարանի՝ լսողության ներգրավման վրա։ Ինչպե՞ս է այլ զգայարանների ներգրավումը փոխել ստեղծագործության ստեղծման ձեր մոտեցումը։
ԱԻ. Միշտ ցանկացել եմ երաժշտական կատարումներում ներառել այլ զգայարաններ։ Ինձ համար երաժշտությունը նման է հոգու թերապիայի։ Ինչու՞ այն չդարձնել լիարժեք թերապևտիկ փորձառություն՝ ներառելով այլ զգայարաններ։
Իմ կարիերայի ընթացքում ես օգտագործել եմ պրոյեկցիաներ, ստերեո ձայնային էֆեկտներ, վիզուալ էֆեկտներ, հատուկ լուսավորություն և այլն։ Այդ ամենը չի եղել կատարման հիմնական միտքը, այլ օժանդակ տարր, որը թույլ կտար հանրությանը խորանալ երաժշտության գաղափարի մեջ։ Մենք՝ մարդիկս, զգայուն էակներ ենք, և եթե կատարման մեջ ներգրավում ենք այլ զգայարաններ, արդյունքն էլ ավելի հարուստ է դառնում։ Նույնը վերաբերում է «GROUNDED»-ին։ Առաջին անգամ ես կատարման մեջ ներառեցի շոշափելիքի և հոտի զգացարանները ստերեոակուստիկ փորձառության հետ միասին։ Այս զգայարանների համակցությունն օգնեց հանդիսատեսին լիարժեք ներկա զգալ։
CA. «Sonoris Orchestra»-ն ձեր նոր նախաձեռնությունն է։ Պատմեք մեզ ավելին նվագախմբի և նրա անցած ճանապարհի մասին։ Ի՞նչ այլ նախագծեր ունեք հորիզոնում։
ԱԻ. «Sonoris Orchestra»-ն բոլորովին նոր նախագիծ է։ Մենք ձգտում ենք օգտագործել նորարարական մոտեցումներ, զարգացնել նոր փորձառություններ հանրության համար և երաժշտությունը բերել արտասովոր վայրեր։ Մենք ցանկանում ենք շարունակել օգտագործել համերգասրահով մեկ տարածվող անսամբլի ձևաչափը՝ ստեղծելով յուրահատուկ ծրագրեր, նոր երաժշտություն և համագործակցություններ։
2022 թվականի համար նախատեսել ենք ևս մեկ նախագիծ՝ «Ժառանգություն» անվանումով։ Այն ներառում է հայ կոմպոզիտորների երեք սերունդ, որոնք միմյանց ուսուցիչներն ու աշակերտներն են։ Նվագախմբի դասավորությունը նույնն է լինելու՝ տեսողական էֆեկտների համալրմամբ։
CA. «Կայծ» դրամաշնորհը ինչպե՞ս օգնեց ձեզ նախագիծը կյանքի կոչելուն։
ԱԻ. Նախագիծը, որը ներառում է տարբեր տարրեր (տեսողական պատկերներ, պրոյեկցիաներ, լոգիստիկա և այլն) կարող է շատ թանկ արժենալ։Անչափ շնորհակալ եմ Creative Armenia-ին ինձ ֆինանսապես աջակցելու համար։
CA. «GROUNDED»-ի պրեմիերան կայացավ Գերմանիայում։ Ո՞րն էր «GROUNDED»-ի հիմնական միտքը, որը հանդիսատեսը իր հետ տուն տարավ։
ԱԻ. Ես ուզում էի, որ յուրաքանչյուր ունկնդիր լիցքավորվեր այն բարությամբ, ներդաշնակությամբ և սիրով, որը ես զգացի այս ստեղծագործությունը ստեղծելիս։ Ի վերջո, նպատակս հանդիսատեսի համար հոգևոր և ջերմ պահեր ստեղծելն էր։ Ես ուզում էի, որ նրանք ինձ հետ միասին ապրեին ձայնով լի կյանք՝ զգալով ՀԻՄԱ-ն։ Զգայարանների սիմբիոզը ստեղծում է հայտնության իրադարձությունը. հողն ու խոտը որպես մեր սկիզբ և ավարտ, բայց նաև որպես խարիսխ, որը կարող է մեզ պահել ներկա պահի մեջ և պահել մեզ «հիմնավորված»։