
Նարե Արիստ, 2025 Creative Innovation Fellow
Գրականության, վիզուալ պատմողականության և նորագույն տեխնոլոգիաների սահմանագծում ստեղծագործող՝ 2025 Creative Innovation Fellow Նարե Արիստն ուսումնասիրում է այն տիրույթը, որտեղ հատվում են գեղարվեստական պատումը, ինքնությունն ու թվային կյանքը։ Մեր զրուցում նա պատմում է «Pautinka»-ի մասին, թե ինչ հնարավորություններ կարող են տեխնոլոգիաների բացել արվեստագետների համար և ինչու կերպարն ու զգացմունքը միշտ պետք է առաջնային լինեն գործիքներից։
Պատմեք մի փոքր ձեր մասին. ինչպե՞ս պատմությունների ստեղծումը մուտք գործեց ձեր կյանք։
Որքան հիշում եմ ինձ, շուրջս միշտ գրքեր են եղել. մեծ տնային գրադարաններ, դարակներ՝ լեփ-լեցուն գրքերով (երբեմն՝ երկու շարքով դասավորված), և հայրս, որի ձեռքին գրեթե միշտ գիրք կար։ Բացի այդ, ես մեծացել եմ՝ լսելով և օգտագործելով տարբեր լեզուներ, ուստի լեզուների և մշակութային տարբեր համատեքստերի միջև տեղաշարժվելն ինձ համար վաղ տարիքից բնական երևույթ էր։
Ստեղծագործական իմ առաջին դրսևորումը պոեզիան էր։ Դպրոց գնալուց առաջ արդեն կարդալ և գրել գիտեի, և բանաստեղծություններ գրելն ինձ համար դարձավ ամենաբնական միջոցը երևակայածս պատկերները ֆիքսելու։
Հետագայում այդ բնազդը վերածվեց պատմողական արվեստի տարբեր ձևաչափերի ավելի համակարգված ուսումնասիրության։ Ես սովորել եմ գեղանկարչություն և վիզուալ արվեստի այլ տեսակներ՝ զուգահեռաբար ծանոթանալով դիցաբանությանը, գրականությանը, ստեղծագործական գրին և կինոյին։ Այս համադրությունը ձևավորեց պատմությունների մասին իմ պատկերացումները՝ թե՛ լեզվի, թե՛ պատկերների միջոցով։ Ժամանակի ընթացքում ինձ համար հավասարապես կարևոր դարձան և՛ այն, թե ինչ կարող է հաղորդել նախադասությունը, և՛ այն, թե ինչ կարող է փոխանցել կադրը։ Այս մոտեցումն առ այսօր մնում է իմ ստեղծագործական գործունեության առանցքում։
Ձեր աշխատանքներում հաճախ են արծարծվում թվային կյանքի և առցանց կառուցվող կապերի թեմաները։ Ի՞նչն է Ձեզ գրավում այս թեմաների մեջ։
Տեխնոլոգիան ինքնին ինձ չի գրավում։ Ինձ հետաքրքրում է այն, թե թվային տարածքներն ինչ են բացահայտում մարդկային էության մասին․ ինչպես ենք մենք կերտում մեր ինքնությունը, ինչպես է փոխվում մտերմությունը, երբ էկրանն է դառնում միջնորդ, թե ինչպես մարդիկ կարող են չափազանց մտերիմ համարել մեկին, ում երբեք ֆիզիկապես չեն հանդիպել, և թե ինչպես են առցանց հարթակները լղոզում սահմանները իրականության, ներկայացման, պրոյեկցիայի և երևակայության միջև։ Կերտված ինքնության և անկեղծ զգացմունքների միջև առկա այդ լարվածությունն ինձ համար պատմություններ պատմելու ամենահետաքրքիր հարթակներից մեկն է։
Ծրագրի ընթացքում դուք աշխատում էիք «Pautinka» նախագծի վրա։ Կպատմե՞ք մեզ այդ նախագծի մասին։
«Pautinka»-ն ֆենտեզի ժանրի պատմողական նախագիծ է, որը կառուցված է թվային կերպարի շուրջ․ վերջինս գոյություն ունի և՛ գեղարվեստական պատումի, և՛ թվային տարածության մեջ։ Այն միավորում է գրականությունը, վիզուալ պատմողականությունը, կերպարի կերտումն ու թվային մեդիան, սակայն պատմությունն ու կերպարը միշտ առաջնային են։ Նախագիծը դեռ զարգացման փուլում է, և ինձ, ի վերջո, հետաքրքրում է, թե որքանով կարող է գեղարվեստական կերպարը մոտենալ մեր աշխարհում իրական ներկայություն ունենալու զգացողությանը։
Ծրագրի ընթացքում «Pautinka»-ն փոխել է իր ուղղությունը։ Ինչպե՞ս է զարգացել նախագիծը, և ի՞նչը դրդեց ձեզ վերանայել դրա սկզբնական գաղափարը։
Ճիշտ է։ Creative Innovation Fellowship-ի ընթացքում «Pautinka»-ն էական փոփոխությունների ենթարկվեց։ Նախագիծն աստիճանաբար ավելի հստակ դարձավ՝ կերպարի, պատմության և ընդհանուր ստեղծագործական ուղղվածության առումով, ինչի արդյունքում ես վերամշակեցի դրա մի քանի հիմնական տարրեր։ Մշակման գործընթացն ինքնին մեծ դեր խաղաց այդ փոփոխության մեջ, սակայն կարևոր էին նաև աշխատարաններն ու մենթորների հետ հանդիպումները․ դրանք ինձ նոր հայացք տվեցին և օգնեցին փորձարկել ու հաստատել տարբեր ուղղություններ՝ նախագծի զարգացմանը զուգընթաց։
Հետադարձ հայացք նետելով Creative Innovation Fellowship ծրագրին՝ ի՞նչ հնարավորություններ այն բացեց ձեր և ձեր նախագծի համար։ Ո՞ր պահերն են ամենից շատ տպավորվել ձեր հիշողության մեջ։
Ամենակարևոր բաներից մեկը, որ ծրագիրն ինձ տվեց, տարածությունն ու կողքից հայացքն էին, որոնք թույլ տվեցին «Pautinka»-ին զարգանալ՝ առանց ստիպելու, որ այն մնա հավատարիմ իր սկզբնական ձևին։
Ծրագրին հրավիրված յուրաքանչյուր ոք իր հետ արժեքավոր բան բերեց, սակայն Դեյվիդ Ջեքսոնի և Լենս Ուայլերի հետ մենթորական հանդիպումները առանձնահատուկ ձևով տպավորեցին։ Երկուսն էլ տեղի ունեցան այնպիսի պահերին, երբ նախագիծը շրջադարձային կետում էր, և այդ զրույցներն օգնեցին ինձ շատ ավելի հստակ տեսնել առջևում բացվող հնարավորությունները։ Հատկապես արժեքավոր էր այն, որ հանդիպմանը գալիս էի դեռևս անորոշ գաղափարով, իսկ հեռանում էի՝ ավելի հստակ պատկերացում ունենալով այն մասին, թե ինչն արժե շարունակել։
Ի՞նչ է սպասվում «Pautinka»-ին, և ո՞ւր եք նախատեսում ուղղորդել ձեր գործունեությունը հետագայում։
«Pautinka»-ի դեպքում հաջորդ քայլը կերպարների մշակումն ու տեխնիկական կողմի կատարելագործումն է, պատմության ընդլայնումը և նախագիծը ավելի լայն հանրությանը ներկայացնելու փուլին նախապատրաստելը։ Նաև փնտրում եմ համագործակցության հարմար տարբերակներ և ֆինանսավորման աղբյուրներ, որոնք կօգնեն նախագիծն ավելի առաջ տանել։
Ընդհանուր առմամբ, ցանկանում եմ շարունակել ստեղծել աշխատանքներ, որոնք գտնվում են գրականության, վիզուալ պատմողականության և նոր տեխնոլոգիաների հատման կետում։ Ինձ հետաքրքրում են այնպիսի ձևաչափեր, որոնք թույլ են տալիս պատմություններին գոյություն ունենալ մի քանի տարբեր հարթակներում կամ միջավայրերում, սակայն կարևորում եմ, որ տեխնոլոգիան ծառայի որպես գործիք՝ այլ ոչ թե դառնա ինքնանպատակ։ Ինձ համար ամենակարևորը միշտ մնալու են կերպարը, պատմությունը և այն հուզական ապրումները, որոնք դրանք առաջացնում են։
Ինչպե՞ս եք պատկերացնում արհեստական բանականության և նորագույն տեխնոլոգիաների ազդեցությունը արվեստի ու պատմողականության ապագայի վրա։ Ո՞ր հնարավորություններն են ձեզ ամենաշատը ոգևորում։
Տեխնոլոգիական փոփոխությունը միշտ վերափոխել է այն, թե ով կարող է զվաղվել արվեստով։ Տպագրությունը ընդլայնեց հրատարակչությանն հասանելիությունը, լուսանկարչությունը վերափոխեց տեսողական մշակույթը, իսկ ավելի ուշ թվային տեսախցիկներն ու մոնտաժի ծրագրերը հնարավոր դարձրին ֆիլմարտադությունը ստուդիական համակարգից դուրս: Արհեստական բանականությանն ես դիտարկում եմ հենց այդ նույն պատմության մի մաս։
Ժողովրդավարացումը երկկողմանի երևույթ է։ Երբ մուտքի խոչընդոտները նվազում են, անխուսափելիորեն ավելանում է նաև միջակ կամ կարճաժամկետ նշանակություն ունեցող աշխատանքների քանակը։ Սակայն ինձ համար ավելի կարևոր է մյուս կողմը. մարդիկ, ովքեր նախկինում գուցե չունեին անհրաժեշտ գումար, ենթակառուցվածքներ կամ տեխնիկական հնարավորություններ՝ իրենց գաղափարները կյանքի կոչելու համար, այժմ կարող են մուտք գործել այդ ոլորտ։ Տաղանդի գնահատման գործընթացն այլևս այնքան էլ խստորեն պայմանավորված չէ թանկարժեք գործիքներին հասանելիություն ունենալու հանգամանքով։
Հենց այս հնարավորությունն է ինձ ամենաշատը ոգևորում։ Ոչ թե այն, որ արհեստական բանականությունը բոլորին արվեստագետ կդարձնի, այլ այն, որ այն կարող է թույլ տալ ավելի շատ արվեստագետների ստեղծել այն, ինչն իրենք արդեն կրում էին իրենց մեջ։
Եվ վերջում՝ որտե՞ղ լսարանը կարող է ծանոթանալ ձեր աշխատանքներին։ Կա՞ն արդյոք առաջիկա նախագծեր, շնորհանդեսներ կամ մեկնարկներ, որոնց սպասում եք։
Մի քանի նախագիծ ունեմ մշակման փուլում, սակայն այն մեկը, որին ընթերցողներն արդեն կարող են ծանոթանալ «Tennis Academy: Changeover»-ն է՝ Հայաստանի առաջին սպորտային սիրավեպը։ Սա սերիալային վեպ է՝ «թշնամիներից սիրահարներ» սյուժեով, որը ես զուգահեռաբար գրում և զարգացնում եմ հայերենով ու անգլերենով՝ թե՛ հայ, թե՛ միջազգային ընթերցողների համար։
Պատմությունը Էյփրիլի մասին է. նա էլիտար թենիսի ակադեմիայի կրթաթոշակառու է և պայքարում է այն միակ շանսի համար, որը կարող է փոխել իր ապագան։ Հետո ակադեմիա է գալիս Աքսելը՝ թենիսի նախկին աստղ, փլուզված կարիերայով և ծանր անցյալով, և, ցավոք Էյփրիլի համար, նրա նոր մարզիչը։ Նրանք իրոք չեն կարողանում միմյանց հետ լեզու գտնել բայց հանգամանքները շարունակում են նրանց մոտեցնել, մինչև թշնամանքի ու համակրանքի միջև սահմանը դառնում է ավելի ու ավելի լղոզված։
«Tennis Academy»-ն հասանելի է LitArchive.com-ում թե՛ հայերեն, թե՛ անգլերեն, և ամեն շաբաթ հրապարակում եմ երկու նոր գլուխ։



