Լավագույնը «Տիգրան x Տիգրան»-ից
2022 թվականի «Creative Armenia Week» գագաթնաժողովը ունեցավ հզոր սկիզբ՝ մեկնարկվելով տաղանդի, կրթության և ընկերության մասին Տիգրան Ձիթողցյանի հետ մտորումներով լի զրույցով։
Հուլիս 22, 2022թ. | հեղ.` Creative Armenia
ՕՐ 1, «Տիգրան x Տիգրան». այս առեղծվածային բանաձեւը վերաբերում է մեր ժամանակի ամենափայլուն հայ ստեղծագործողներից երկուսի՝ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի և ջազ երաժիշտ Տիգրան Համասյանի անունին։ Այնուամենայնիվ, անունը այս հավասարման միակ գումարելիներից չէ։ Տիգրանները նաև ունեն բացառիկ տաղանդ իրենց բնագավառներում՝ ասես հանճարն ինքնին հյուսված լինի այս հին հայկական անվան երկու վանկերի մեջ։ Լինելով անհերքելի տաղանդներ՝ նրանք կարողացել են հաղթահարել «շնորհալի երեխա» լինելու կոչումը` դառնալով ստեղծարար հսկաներ, որոնց գործերը սահմանում են մեր ժամանակները։
Ու թեև քննարկմանը Տիգրաններից մեկը պակասում էր, անշուշտ իմաստության պակաս չկար։ Տիգրան Ձիթողցյանը և մոդերատոր Կարին Հովհաննիսյանը՝ կինոռեժիսոր, գրող և Creative Armenia-ի հիմնադիրը, քննարկեցին նկարչի ստեղծագործական ճանապարհը։ Նրանք միասին անդրադարձան Համասյանի հետ նկարչի ընկերությանը, վաղ շրջանի հաջողություններին, կրթական համակարգի թերություններին և շատ այլ թեմաներին։ Դիտեք բովանդակալից պանելային քննարկումը, կարդացեք ամենաուշագրավ վառ պահերի մասին և ուսումնասիրեք Ձիթողցյանի եզակի աշխարհը։
Տաղանդը բնածին է։ Այն ոչնչացնելը՝ մարդկային։
«Ինձ երբեք չեն սովորեցրել, թե ինչպես գույներ խառնել, մինչդեռ ես սկսել եմ յուղաներկով նկարել 5 տարեկանից ի վեր։ Երբ նոր էի սկսել, հայրս կարծում էր, որ պետք է բացատրեր, թե ինչպես նկարել և ինձ ծանոթացնել գույների հետ։ Հինգ րոպե անց նա տեսավ, որ ես արդեն գործի եմ անցել։ (...) Տաղանդը անհավանական բան է, բայց եթե չես սնուցում այն, այն կարող է շատ արագ ոչնչանալ։ Դա ամենամեծ վտանգն է։ Երբ գիտես, որ ինչ-որ յուրահատուկ բան ունես, չպետք է կանգ առնես։ Այն օրը, երբ կանգ ես առնում և պարզապես հույսդ դնում տաղանդի վրա, այն ոչնչանում է»։
NFT-ների համայնքի ստեղծում
«Մարդիկ ամբողջովին չեն հասկանում, թե ինչ են NFT-ները։ Մարդիկ կարծում են, որ դա պարզապես թվայնացված պատկեր է, որը դուք կարող եք վաճառել։ Բայց իրականում դա կտրոն է, որը արվեստագետներին հնարավորություն է տալիս մուտք գործել համայնք։ Դա մի համայնք է ձեր աշխատանքի և այն մարդկանց շուրջ, ովքեր հավատում են ձեր կարիերային և սիրում են ձեր արվեստը։ Նրանք դառնում են ձեր համայնքի անդամներ՝ գնելով ձեր NFT-ն։ Այն ավելի շատ դրա մասին է։ Դուք պետք է առանձնացնեք ձեզ NFT-ների տեսողական մասից։ Ես որոշ ժամանակ ինքնակրթվել եմ NFT-ների շուրջ։ Իմ NFT հավաքածուն ոչ միայն թվային ֆայլ է, որը դուք գնում եք, այլ նաև մուտք է դեպի ապագայում հասանելի ստեղծարար շոուների, ստեղծարար կացության, և այլն։ Դա լինելու է անդամակցության մի ամբողջ փաթեթ և երկարատև կապ»։
Արագընթաց հաջողությունը և դրա վտանգները
«Այսօր բոլորն ուզում են ամեն ինչ շատ արագ իրագործել։ Շատ արվեստագետներ արագ են վեր խոյանում սանդուղքով։ Նրանք, ովքեր արագ են բարձրանում, նույնքան արագ էլ իջնում են։ Բայց ես միշտ այլ կերպ եմ մտածել։ Եթե մարդիկ ցանկանում են արագ իրագործել ինչ-որ բաներ, ես նախընտրում եմ դանդաղ առաջընթաց ունենալ։ Ես ուզում եմ մեկուսանալ։ Ես չեմ ուզում շփվել համադրողների, թանգարանների տնօրենների և MoMA-ի խորհրդի անդամների հետ, որպեսզի ի վերջո, ճիշտ մարդկանց հետ ճիշտ տեղում գտնվելով, տեղ զբաղեցնեմ ինչ-որ խմբակային ցուցահանդեսում։ Ես ուզում եմ ինքնուրույն հասնել այնտեղ։ Ես ուզում եմ շարունակել աշխատել և նոր գործերի շարքեր անել, որպեսզի երկարաժամկետ հեռանկարում նրանք այլ ելք չունենան, քան գալ ինձ մոտ և խնդրել, որ ներկայանամ իրենց ցուցասրահներում։ Եվ եթե դա ինձ հաջողվի, հիանալի կլինի։ Եթե ես ընկերական հարաբերություններ հաստատեմ մեկի հետ, ով MoMA-ի խորհրդի անդամ է, ես միշտ կհարցնեմ ինքս ինձ՝ արդյոք իսկապես արժանի էի։ Արդյոք իսկապե՞ս ունեմ իմ տեղը այնտեղ։ Թե՞ դա նրա շնորհիվ էր, որ մենք ուղղակի լավ ժամանակ անցկացրեցինք և հիմա ընկերներ ենք։ Դա իմ գործելակերպը չէ։ Ես ուզում եմ արժանանալ իմ տեղին»։
Լավագույն բանը, որ հայ արվեստագետները կարող են անել
«Ես կասեի՝ ինքնակրթությունն է բանալին։ Հատկապես, եթե դուք հնարավորություն չունեք ճանապարհորդելու աշխարհով մեկ։ Ես օրական մի քանի ժամ կծախսեի միայն ուսումնասիրելու, թե ինչ է կատարվում արվեստի աշխարհում այսօր։ Շատ կարևոր է զգալ այն ժամանակը, որում ապրում ենք։ Իսկ Հայաստանում դա դժվար է զգալ, քանի որ սա այլ իրականություն է։ Այստեղ ուրիշ աշխարհ է։ Նյու Յորքը այլ իրականություն է։ Եթե ապրում ու զգում ես միայն հայաստանյան իրականությունը, չես կարող միջազգային արվեստագետ դառնալ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ես ուզում։ Եթե ցանկանում ես դառնալ միջազգային արվեստագետ, պետք է սկսել մտածել միջազգայնորեն»։
Տիգրանը Տիգրանի մասին
«Նա միանշանակ հանճար է: Անսահման հարգանք ունեմ Տիգրան Համասյանի նկատմամբ։ Կարծում եմ, որ նա այսօր հայ մշակույթի ամենավառ դեսպաններից է։ Նա ներկայացնում է հայկական երաժշտությունն ամբողջ աշխարհում։ Եթե մտնեք YouTube, կտեսնեք, թե որքան ամերիկացի և միջազգային երաժիշտներ են այսօր նվագում նրա երաժշտությունը։ Նա դասական է դառնում։ Նա հրաշալի է։ Ամեն անգամ, երբ գնում եմ նրա համերգին, ինձ թվում է, թե մեծության ներկայության մեջ եմ գտնվում»։
Դիտել.
-
«Տիգրան» (2014թ.), Տիգրան Համասյանի մասին վավերագրական ֆիլմի թրեյլեր
-
«American Mirror: Intimations of Immortality» (2018թ.), մրցանակակիր վավերագրական ֆիլմի թրեյլեր՝ Սյուզան Սարանդոնի մասնակցությամբ և ոգեշնչված Տիգրան Ձիթողցյանի «Հայելիներ» շարքով
-
«Տիգրան» (1987թ.), Տիգրան Ձիթողցյանի մասին վավերագրական ֆիլմ։ Ռեժիսոր՝ Գրիգորի Մելիք-Ավագյան
-
«Protect him Virgin Mary» (1990թ.), Տիգրան Ձիթողցյանի մասին վավերագրական ֆիլմ։ Ռեժիսոր՝ Կարեն Մեսյան։
Բացահայտել.
-
Կաուս (Բրայան Դոնելլի), ամերիկացի ժամանակակից նկարիչ և դիզայներ
-
Դեմիեն Հիրսթ, անգլիացի ժամանակակից նկարիչ, ձեռնարկատեր և արվեստի կոլեկցիոներ
-
Ջեֆ Կունս, ամերիկացի ժամանակակից նկարիչ
-
Art Basel, հեղինակավոր արվեստի միջազգային տոնավաճառ, որը ամեն տարի տեղի է ունենում Շվեյցարիայի Բազել քաղաքում
-
Art Miami, ժամանակակից և արդի արվեստի տոնավաճառ, որը ամեն տարի տեղի է ունենում Մայամիում, ԱՄՆ
-
Սաատչի թանգարան, Լոնդոնի ժամանակակից արվեստի պատկերասրահ և անկախ բարեգործական կազմակերպություն
-
Սոնա Համալյան, բարերար խորհրդատու և Հայաստանի ամերիկյան համալսարանի ընդլայնման ծրագրի նախկին տնօրեն
-
Յան վան Էյք, հոլանդացի նշանավոր նկարիչ
-
Պիտեր Բրեյգել Ավագ, հոլանդական և ֆլամանդական վերածննդի ամենանշանավոր նկարիչներից մեկը
-
Ժամանակակից արվեստի թանգարան (MoMA), ժամանակակից արվեստի ամենամեծ և ամենաազդեցիկ թանգարաններից մեկն աշխարհում
-
Օհան Դուրյան, հայ դիրիժոր և կոմպոզիտոր