top of page

ՕՐ 4. Գիտության արվեստը՝ արվեստ և գիտություն։ Թե՞ արվեստն ընդդեմ գիտության։ Հարմարությունից, կարծրատիպերից, երբեմն էլ ծուլությունից ելնելով՝ մարդկության երկու վիթխարի ուժերը հաճախ են հակադրում միմյանց արհեստական ​​մրցակցության մեջ: Եվ թեպետ երկու ստեղծագործական տիրույթներն անկասկած ունեն իրենց տարբերությունները, նրանց դաշինքից  միայն հրաշք է ստեղծվել և ուրիշ ոչինչ: Երկու գիտնականներ, ինչպես նաև արվեստագետներ՝ դոկտոր Գարիկ Իսրայելյանը և դոկտոր Արուսյակ Գաբրիելյանը, այդ ակնածանք ներշնչող դաշինքի կենդանի ապացույցն են: Իր պատկառելի գիտական ​​կարիերայից բացի, հռչակավոր աստղաֆիզիկոս դոկտոր Իսրայելյանը ուժերը միավորում է աստղաֆիզիկոս և Քուին (անգլ.՝ Queen) ռոք-խմբի լեգենդար կիթառահար դոկտոր Բրայան Մեյի (անգլ.՝ Brian May) հետ և ստեղծում Սթարմուս (անգլ.՝ STARMUS) փառատոնը՝ համախմբելով մեծագույն ուղեղներին, որոնց միավորում է աստղագիտության, տիեզերական հետազոտության, գիտությունների, երաժշտության և արվեստի հանդեպ կիրքը: Ճարտարապետության ոլորտում մասնագիտացած միջավայրի դիզայներ և բիոնկարիչ դոկտոր Գաբրիելյանը նոր կենսամիջավայրեր ու կեցության ձևեր է վերապատկերացնում՝ իր ապշեցուցիչ գաղափարները փոխանցելով ստեղծարար գործերի միջոցով, որոնք կամրջում են արվեստը, գիտությունը, մշակույթն ու տեխնոլոգիան: 

Իբրև վառ երևակայությամբ օժտված և հեղափոխական մտածողներ՝ պանելային քննարկաման երկու մասնակիցներն էլ կատարելության են հասել իրենց ոլորտում՝ ուսումնասիրելով տիեզերքի և կենսաբանության անծայրածիր հնարավորությունները: Գրականության, գիտաֆանտաստիկայի իմացությամբ և երևակայությամբ լեցուն՝ երկու արարողները վերասահմանում են արվեստի և գիտության միջև հարաբերությունները: 2022 թվականի «Քրիեյթիվ Արմենիայի շաբաթ»-ի հանդիսատեսին բախտ է վիճակվել ականատես լինել նրանց մտքի աշխատանքին «Գիտության արվեստը» պանելային քննարկման ժամանակ: Քրիեյթիվ Արմենիայի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանի մոդերատորությամբ դոկտոր Իսրայելյանն ու դոկտոր Գաբրիելյանն անդրադառնում են նրան, թե ինչպես է գեղարվեստական գրականությունը ձևավորել իրենց հայտնագործությունները, ինչ գաղափարներով են վերջին շրջանում տարված և թե գիտությունն ու արվեստը ինչ ապագա ունեն Հայաստանում։ Պատրա՛ստ եղեք սովորել, պատկերացնել և ոգեշնչվել:

 

Լղոզված սահմաններ

«Կարծում եմ՝ տարանջատումը, որը մենք հաճախ դնում ենք մշակույթի, բնության և տեխնոլոգիայի միջև, կեղծ է: Այս սահմաններն արդեն շատ վաղուց են լղոզված: Իմ գործի և այն գործի մեջ, որով ոգեշնչված եմ, հոսունություն ու վայրագություն կա բնական և մեքենայական աշխարհի ոլորտի միջև: Եվ դա գիտակցումն է նրա, որ այս էակներից յուրաքանչյուրն իր զորությունն ունի նախագծման գործընթացում, և որ դու՝ դրանց մեջտեղում գտնվող մարդկային արարածը, ըստ էության, համագործակցում ես այս համակարգերի հետ»:

– Դոկտոր Արուսյակ Գաբրիելյան

 

Հասկանալով հույզերը. բացատրելով բնությունը

«Որոշակի տարանջատում կա դեռ արվեստի և գիտության միջև: Դրանք լրիվ նույնը չեն: Նպատակները տարբեր են։ Պատմականորեն արվեստները ստեղծվել են մարդկային զգացմունքների վրա հիմնված մարդկային հույզերն արտահայտելու համար: Մարդիկ վախենում էին, տպավորվում էին, նրանք պետք է նկարեին, գրեին, ինչ-որ բան ստեղծեին։ Դա մարդկային հույզերից է բխել։ Գիտության ծագումն այլ է։ Մարդիկ փորձում էին հասկանալ ու բացատրել բնությունը: Ահա այդպես էլ  սկսվում է գիտությունը»։

- Դոկտոր Գարիկ Իսրայելյան

 

Գաղափարների խաղ

«Իմ աշխարհում ես անընդհատ մշակում եմ գեղարվեստական գաղափարներս՝ ուսումնասիրելով մեծաքանակ գրականություն՝ գեղարվեստականից մինչև գիտական: Ես գրեթե նախագծողի պես խաղում եմ այս գաղափարների հետ, երբ աշխատում եմ: Փորձում եմ արձագանքել այս ստեղծագործություններին իմ գործերի միջոցով կամ լինել զրույցի ու երկխոսության մեջ նրանց հետ: Իմ աշխատանքում սերտ կապ կա գրավոր գործերի հետ»։

– Դոկտոր Արուսյակ Գաբրիելյան

 

Գիտաֆանտաստիկայի ուժը

«Ես թատրոնում էի աշխատում, քանի որ չէի կարողացել անմիջապես համալսարան ընդունվել: Մաթեմատիկայի և ֆիզիկայի գիտելիքներս տարրական էին: Դա բավարար չէր համալսարանում սովորելու համար։ Այսպիսով, սկզբում գնացի թատրոնում աշխատելու, քանի որ չգիտեի ինչ անել: Դե, ինչ-որ բան պետք է անեի, չէ՞: Գիտաֆանտաստիկան բերեց ինձ դեպի գիտություն: Ու դա շատ պատահական ստացվեց: Գիտաֆանտաստիկ ֆիլմերի և այնուհետև գիտաֆանտաստիկ գրքերի շնորհիվ ես հասկացա, որ ուզում եմ ինչ-որ հետաքրքիր և դժվար ընկալելի բան անել»:

- Դոկտոր Գարիկ Իսրայելյան

 

Գերմարդասիրության սահմանումը

«Հենց հիմա, եթե նայեք սննդի շղթային, մարդն իրեն ամենավերևում է դրել: Մնացած բոլոր տեսակները մարդուց ցածր են համարվում: Վերադառնալով սիմբիոզի այս գաղափարին՝ գերմարդասիրությունն իրականում նշանակում է ապակայունացած ուժային դինամիկայի ջախջախում: Երբ սկսում ես ուսումնասիրել տարբեր էակներ և օրգանիզմներ, ապշում ես, թե ինչ զարմանահրաշ ձևերով են դրանք նպաստում մեր աշխարհին: Անհրաժեշտ է ընդունել, որ յուրաքանչյուր տեսակի էակ և օրգանիզմ ունի զորություն և ուժ, և պետք է նրանց հետ նույն մակարդակում համագործակցել ու զարգանալ»:

– Դոկտոր Արուսյակ Գաբրիելյան

 

Սթարմուս փառատոն. ծագման պատմությունը

«Մարդիկ հաճախ են ինձ հարցնում. «Ինչպե՞ս ես համախմբում նրանց: Բարդ է երաժշտության ու գիտության աստղերին միավորելը: Եվ պատասխանը շատ պարզ է: Աստղագիտության պարզապես ստանդարտ կոնֆերանսը հետաքրքիր չէ Բրայան Ինոյի (անգլ.՝ Brian Eno) նման մարդկանց համար: Այն պետք է բարձր մակարդակի լինի։ Այն պետք է Նոբելյան մրցանակակիրների մակարդակով լինի: Այն պետք է այնպիսի տիեզերագնացների մակարդակով լինի, ինչպիսին Քրիս Հեդֆիլդն (անգլ.՝ Chris Hadfield) է: Այդ դեպքում նրանց հետաքրքիր կլինի։ Նաև, մեր ծրագիրը շատ թեթև է, երբեք չենք սկսում առավոտյան ժամը 8-ին եւ ավարտում երեկոյան 8-ին։ Մենք ավելի շատ ժամանակ ենք տալիս շփման, կոկտեյլների և համերգների համար, որպեսզի բոլորը հաղորդակցվելու և մտքեր փոխանակելու ժամանակ ունենան: Եվ մարդկանց դա դուր է գալիս: Դրա համար էլ Սթարմուսն աշխատում է»։

- Դոկտոր Գարիկ Իսրայելյան

Ուսումնասիրի՛ր.

  • Յոհաննես Կեպլեր, 17-րդ դարի գերմանացի աստղագետ, մաթեմատիկոս և երաժիշտ։

  • Քրիս Հեդֆիլդ, հայտնի կանադացի տիեզերագնաց, ինժեներ, կործանիչի օդաչու և երաժիշտ։

  • Rich Earth Institute, կազմակերպություն, որը զբաղվում է հետազոտական, կրթական և տեխնոլոգիական նորարարություններով` զարգացնելու մարդկային թափոնների օգտագործումը որպես ռեսուրս։

  • «Starsound» նախագիծ, աստղերի մարմիններում արտադրվող ակուստիկ ձայնային ալիքների եզակի գրադարան, որը հրատարակել է դոկտոր Գարիկ Իսրայելյանը։

  • Սթարմուս փառատոն (անգլ.՝ STARMUS Festival), միջազգային համաժողով, որը կենտրոնացած է աստղագիտության, տիեզերական հետազոտության, երաժշտության և արվեստի վրա, հիմնադիր՝ դոկտոր Գարիկ Իսրայելյան։

  • Շիտակե (անգլ.՝ Shiitake), ուտելի սնկի տեսակ, որը դոկտոր Արուսյակ Գաբրիելյանն օգտագործել է իր հետազոտության մեջ։

  • Հետմարդկային կենսամիջավայրեր (անգլ.՝ Posthuman Habitats), սպեկուլյատիվ դիզայն նախագիծ, որը մշակել է դոկտոր Արուսյակ Գաբրիելյանը։

  • Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակ, տիեզերքի ամենամեծ օպտիկական աստղադիտակը։

  • Դոկտոր Յուրի Բատուրին, ռուս տիեզերագնաց և նախկին քաղաքական գործիչ։

 

Լսի՛ր.

 

Կարդա՛. 

 

Դիտի՛ր. 

bottom of page