top of page

Լավագույնը «A Producer's Life»-ից

Օգոստոս 19, 2022թ. |  հեղ.` Creative Armenia

Մեզնից քանի՞սը կարող են  զրույցների ժամանակ անմիջականորեն նշել, որ աշխատել են Ջորջ Լուկասի և Սթիվեն Սփիլբերգի հետ կամ ամեն օր սուրճի և ճաշի ընդմիջումներ են ունեցել Ալֆրեդ Հիչքոքի հետ։ Թեև այս հռչակավոր կինոգործիչների անունները արմատացած են կինոյի մեր հավաքական պատկերացման մեջ, շատերի համար նրանց գոյությունը գրեթե առասպելական է թվում։ Սակայն ոչ Հովարդ Ղազանջյանի համար՝ հոլիվուդյան հզոր պրոդյուսերի, ով աջակցել է այս կինոգործիչներին և նրանց ֆիլմերին ձեռք բերել իրենց փառքը։ Անհավատալի նվիրվածության և ստեղծագործ մտածողության տեր մարդ՝ նա իր կյանքն անց է կացրել իր սերնդի մեծագույն ստեղծագործողների կողքին՝ արտադրելով այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս» և «Աստղային պատերազմները»։ Նրա ֆիլմարտադրությունները ձևավորել են սերունդներ և սահմանել այսօրվա կինոարդյունաբերությունը՝ ձեռք բերելով Էմմի մրցականներ, հավաքելով մեկ տասնյակից ավելի Օսկարի առաջադրումներ և շահելով տասը։

 

Կարելի է միայն պատկերացնել, թե ինչպիսի լի կյանք է նա ապրել։ Ուստի զարմանալի չէ, որ Հովարդ Ղազանջյանն ունեցել է պատմությունների անսահմանափակ պահեստ՝ կիսելու համար։ Դրանցից մի քանիսը նա ընգրկել է իր «A Producer’s Life» կենսագրության մեջ, իսկ մի քանիսը նա կիսեց 2022թ.-ի Creative Armenia Week-ի իր պանելային զրույցում։ Լսեք Creative Armenia-ի փոխնախագահ Ալեք Մուհիբյանի հետ զրույցը, որում նա պատմում է, թե ինչպես է դարձել Հիչքոքի «որդեգրված որդին», առնչվել դժվարին արվեստագետների հետ և աշխատել Հոլիվուդում։

 

Աշխատելով ցածր աստիճանից դեպի բարձունքներ

«Դուք պետք է սկսեք ներքևից։ Ոչ այնքան ցածր աստիճանից, որքան ես, բայց դուք պետք է սովորեք լինել ռեժիսորի օգնական, որպեսզի բարձրանալով վեր և դառնալով պրոդյուսեր, ռեժիսոր կամ ղեկավար, հասկանաք, թե ինչպես են մարդիկ գործում։ Հասկանաք, թե ինչ անել, երբ ռեժիսորի օգնականը գալիս է ձեզ մոտ և ասում, որ իրենք խնդիր ունեն որոշակի դերասանի հետ։ Եթե դուք սկսեք բարձր աստիճանից, կարող եք մեկ կամ երկու անգամ հաջող ֆիլմ ունենալ, բայց եթե ծանոթ չեք ձեր անձնակազմին, եթե չգիտեք, թե իրենց աշխատանքն ինչում է կայանում, եթե ծանոթ չեք միության և ստուդիաների կանոնակարգերին, դուք ի վերջո ձախողվելու եք»։

 

Հոլիվուդն առաջ և հիմա

«Այն ժամանակ ֆիլմերն այլ էին։ Եթե ունեինք սցենարը և այն նկարահանելու կանաչ լույսը, մեկ տարուց այն կլիներ թատրոններում։ Հիմա ես մի սցենար կարող եմ տանել ստուդիա, և եթե նրանց դուր գա, կասեն, որ այն հավանաբար կլինի կինոթատրոններում 2024թ.-ի հուլիսին կամ 2025 թվականին։ Խենթություն է։ Եվ մինչ բոլորը կարդան սցենարը, համաշխարհային դիստրիբյուտորը աչքի անցկացնի, DVD-ի մասնագետը և մերչենդայզինգի փորձագետը կարդան, դուք դժվար երբևէ նկարահանեք ձեր ֆիլմը։ Չափազանց շատ է վերլուծությունների շարքը և շատ մարդիկ են վճարվում ֆիլմերի ղեկավարման պատասխանատու լինելու համար։ Իմ կարծիքով այսօր հաջողված ֆիլմերը Սթիվեն Սփիլբերգինն ու Ջորջ Լուկասինն են, քանի որ հանձնաժողով չկա դրանց շուրջ։ Որոշում կայացնողները ընդամենը մեկ-երկու հոգի են»։ 

 

Հիչքոքի տեսլականով 

«Հիչքոքի կինը այդ ժամանակ լավ չէր։ Երբեմն Հիչքոքը տուն էր գնում կեսօրին, իսկ մենք դեռ ունենում էինք 4-5 ժամ նկարահանում։ Նա ասում էր. «Ֆիլմը ղեկավարի՛ր, Հովարդ»։ Դե, Հովարդ Ղազանջյանը չէր ղեկավարում ֆիլմը։ Հիչքոքն էր իմ միջոցով ղեկավարում։ Ես գիտեի, թե նա ինչ էր ուզում»։ 

Գտնելով լուծումներ

«Չկա պատասխան, թե ինչպես լուծում գտնել։ Դուք պետք է հայտնվեք հստակ իրավիճակում և փորձեք լուծումներ գտնել։ Միգուցե ինչ-որ տեսարան տեղի է ունենում ինքնաթիռում։ Իսկ այդ տեսարանը ձեզ կարժենա 3 միլիոն դոլալ։ Իսկ դուք չունեք այդ 3 միլիոն դոլարը, քանի որ այն ծախսել եք այլ տեղ, կամ գերազանցել եք 4 օրվա բյուջեն։ Բայց միգուցե եթե ինքնաթիռից հանեք և դնեք բեռնատարի, մեքենայի, գնացքի մեջ, դա ձեզ շատ ավելի քիչ կարժենա ու գուցե ավելի լավ աշխատի»։

 

Ինչպես վաճառել պատմությունը 

«Ինձ համար առանցքայինը միշտ պատմությունն է, պատմությունը, պատմությունը։ Մի բան, որը ուշ սովորեցի կյանքում, այն է, որ չարժեւորեմ, թե որքան է ինձ դուր գալիս պատմությունը, այլ թե կկարողանամ պատմությունը վաճառել դիստրիբյուտորին, ստուդիային, ֆինանսիստին, և արդյոք այն հաջողակ կլինի։ Ուշ հասկացա դա։ Կարևորն այն չէ, թե ինչ եմ ես սիրում, այլ այն, թե ինչն է վաճառվում։ Ինչ կգնի հանրությունը։ Էական չէ, այն հայկական պատմություն է, թե ոչ»։


 

Ընթերցել. 

Դիտել.

Ուսումնասիրել

  • Ուոլթեր Հիլ, ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, որը հայտնի է վեսթերն ժանրի ֆիլմերով 

  • Բիլլի Ուայլդեր, ավստրիական ծագմամբ ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ

  • Ռոբերտ Ուայզ, ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և խմբագիր

  • Հալ Հոլբրուկ, ամերիկացի դերասան, հեռուստատեսային ռեժիսոր և սցենարիստ

  • Ջեք Ուորներ, կանադացի-ամերիկյան կինոյի ղեկավար, ով եղել է Warner Bros. ստուդիայի նախագահը և շարժիչ ուժը։

  • Ջոն Միլիուս, ամերիկացի սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր

  • Ջոն Ուիլյամս, ամերիկացի կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար, ով ստեղծել է «Աստղային պատերազմներ»-ի երաժշտությունը 

  • Բեն Բերթ, ամերիկացի ձայնային դիզայներ, ով աշխատել է «Աստղային պատերազմներ» և «Ինդիանա Ջոնս» ֆիլմերի վրա

  • Մել Բրուքս, ամերիկացի դերասան, կատակերգու և կինոռեժիսոր

  • Հենրի Բամսթեդ, ամերիկյան արտադրության դիզայներ, ով աշխատել է Ալֆրեդ Հիչքոկի մի շարք ֆիլմերի վրա

  • Բաք Քարթալյան, ամերիկահայ պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ և դերասան

  • Քրեյգ Դարյան, ամերիկահայ պրոդյուսեր

  • Ջեֆրի Կատցենբերգ, ամերիկացի կինոպրոդյուսեր և մեդիա սեփականատեր, ով հիմնել է DreamWorks Animation

  • Ջեյն Ռասել, ամերիկացի դերասանուհի, երգչուհի և մոդել

bottom of page