top of page

Գրքի հետևում

Տասը հարց «The Weekly Standard»-ի գրական խմբագիր Ֆիլիփ Թերզյանին:

Հուլիսի 11, 2017  |  հեղ.` Creative Armenia

Screen Shot 2019-01-22 at 8.38.56 PM.png

Ֆիլիփ Թերզյան

Ֆիլիփ Թերզյանը շուրջ կես դար աշխատել է որպես լրագրող, մեկնաբան և խմբագիր: Այս ամիս նա հեռանում է «The Weekly Standard»-ի` գրական խմբագրի պաշտոնից, որը զբաղեցնում էր՝ 2005 թ.-ից սկսած, և այդ ընթացքում ամսագրի «Գրքեր և արվեստ» բաժինը դարձել էր Ամերիկայի ամենաաշխույժ, բազմազան, անկախ և խորը մշակութային քննադատության օրրաններից մեկը։ Մինչ «TWS»-ում աշխատելը, Թերզյանը քսան տարի շարունակ լայն թեմաներ լուսաբանող սյունակագիր էր։ Իր աշխատանքների շնորհիվ նա հասել է Պուլիցերյան մրցանակի եզրափակիչ փուլ, եղել է Պուլիցերյան մրցանակաբաշխության ժյուրիում։ Նա թղթակցում է մի շարք հրատարակչությունների, որոնց թվում են «Harper’s»-ը, «The Wall Street Journal»-ը և «Sewanee Review»-ն։ Թերզյանը նաև «Architects of Power: Roosevelt, Eisenhower, and the American Century» («Իշխանության ճարտարապետները. Ռուզվելտ, Էյզենհաուեր և ամերիկյան դարաշրջանը», 2010)-ի հեղինակն է։

Նրա կարիերան նշելու համար պատրաստեցինք տասը հարց ամսագրի խմբագրման հետաքրքիր արհեստի և նրա՝ որպես գրողի և ընթերցողի փորձի մասին։

1. Դուք հիշո՞ւմ եք, թե երբ եք «բացահայտվել» որպես գրող։ 

Երևի այն ժամանակ, երբ ավագ դպրոցի պատմության ուսուցչուհին ինձ մեղադրեց մի գրքի մասին (Ֆրանցիսկ Դոնալդսոնի «Էդվարդ VIII-ը») զեկույցի գրագողության մեջ։ Ես ապշել ու զայրացել էի նրա արձագանքից, բայց նաև հիշում եմ, որ մտածեցի, թե դա լավ քողարկված հաճոյախոսություն է։ Երբ վաղ քսան տարեկանում «The New Republi»c-ում մի գրքի վերաբերյալ իմ գրախոսությունից մի քանի նախադասություն հայտնվեց նույն գրքի նոր տարբերակի կազմի վրա՝ որպես մեջբերում, ես հասկացա, որ արդեն հասել եմ...

2. Ինչպե՞ս է ամեն ինչ փոխվել դրանից հետո։

 

Մոտ կես դար աշխատել եմ որպես լրագրող, բայց այն գոհունակությունը, երբ տեսնում եմ՝ իմ նյութերը տպագրված, հատկապես որոշակի տեղերում, երբեք չի սպառվում։ Ես չգիտեմ՝ կիսո՞ւմ են արդյոք այս զգացողությունը մյուս գրողները առցանց այս դարաշրջանում. դա հնարավոր է հենց տպագրված էջի ներգործությո՞ւնը լինի։ Բայց ես նաև հաճույքով և անակնկալի զգացումով եմ հիշում, թե ինչպես առաջին անգամ իմ սյունակը հայտնվեց Los Angeles Times-ում, և իմ հայկական ազգանունը գրավեց ընթերցողների ուշադրությունը։ Նախկինում նման բան տեղի չէր ունեցել։

 

3. Ո՞րն է Ձեր սիրելի պատմությունը այն մասին, թե ինչպես է բացահայտվել գրողը։

 

Գրողի բացահայտման իմ սիրած կամ ամեն դեպքում ուսուցողական պատմությունը Ջոն Քենեդի Թուլի և «A Confederacy of Dunces» (1980)-ի սագան է։ Թուլին չհաջողվեց հրատարակիչ գտնել իր վեպի համար, ու նա ինքնասպանություն գործեց։ Բայց դրան հաջորդող տարիներին նրա սգավոր մայրը փորձեց վաճառել ձեռագրերը և մի կարեկցող ընթերցողի գտավ «Walker Percy»-ում (գիրքը ստացել է Պուլիցերյան մրցանակ)։ Սա ցույց է տալիս, որ շուկայում համբերատարությունն ու հավատը գրեթե նույնքան կարևոր են, որքան տաղանդը, բայց հաջողությունը սովորաբար տրվում է անսպասելի բարձր գնով։

Screen Shot 2019-01-22 at 8.39.05 PM.png

Թերզյանը` իր գրասենյակում

4. Ո՞ր գործի (գործերի) տպագրվելն է «TWS»-ում Ձեզ մոտ հատուկ հպարտություն առաջացնում և ինչո՞ւ։

 

Հանպատրաստից դժվար է մի հատուկ գործ նշելը։ Բայց կարծում եմ՝ ամենահպարտն եմ, որ հավաքագրել եմ որոշ հեղինակավոր գրողների՝ Գորդոն Ս. Վուդից մինչև Մերջորի Փերլոֆ, Էնդրյու Ռոբերթս, Ջեյ. Ջեյ. Սքարիսբրիք, և սկսնակ քննադատներին տվել եմ հնարավորություն՝ ձեռք բերելու ավելի լայն լսարան։ Ես «Գրքեր և արվեստ» բաժինը միշտ խմբագրել եմ՝ նպատակ ունենալով այն ծառայեցնելու ընթերցողներին, և ինձ համար հաճելի էր գիտակցելը, որ մինչ նրանք գալիս են «The Weekly Standard» քաղաքականության համար, նրանք նույնչափ հետաքրքրված են պատմությամբ, երաժշտությամբ, պոեզիայով, պարարվեստով, կրթությամբ, արվեստով, կրոնով և մի շարք այլ բաներով, որոնք կյանք են տալիս քաղաքականությանն ու մշակույթին վերաբերող ամսագրին։

 

5. Ովքե՞ր են Ձեր գրական ոգեշնչողները, և նրանց աշխատանքի ո՞ր տարրերն եք ձգտել վերցնել։

 

Ես բացահայտեցի Ֆ. Սքոթ Ֆիցջերալդին մոտ 12 տարեկանում մի օրինակով, որ պետք է կրկնվեր հետագա տարիներին։ Ես ամիսներով ներխուժեցի նրա կյանքի ու գործերի մեջ, մինչև ինչ-որ ներքին հարկադրանքի արդյունքում անցա մի շարք այլ գրողների՝ Թ.Ս. Էլիոթ, Մաքս Բիրբոմ, Էնթընի Փաուել, Ուիլյամ Ֆոլքներ։ Ֆիցջերալդը լավ գրող էր երազկոտ դեռահասին տպավորելու համար և, բացի այդ, ուներ մի առավելություն՝ իր ընտանիքով կապված էր այն վայրին, որտեղ ես մեծացել եմ՝ Վաշինգտոնից անմիջապես դուրս գալիս, որտեղ հետագայում ապրում էր նրա դուստր Սքոթին։ Լրագրության մեջ ինձ առաջ մղեց նորությունների և պատմության նկատմամբ հետաքրքրությունը՝ միաձուլված այն գիտակցմամբ, որ ես այդքան էլ պատմություններ պատմող չեմ։ Այն ժամանակ և ընդհուպ մինչև հիմա ես տպավորված էի արձակի ոճով և երիտասարդ տարիներին ինձ վրա ազդեցություն են ունեցել բրիտանացի լրագրող Մալքոլմ Մագերիջը և Ջորջ Օրուելի ու (բոլորից առավել) դատավոր Օլիվեր Վենդել Հոլմսի սակավ և հակիրճ խոսքերը։ Ես մինչև հիմա սկսնակ լրագրողներին խորհուրդ եմ տալիս այս երեքին։

 

6. Ենթադրենք՝ այսօր մի երիտասարդ ցանկանում է դառնալ պրոֆեսիոնալ արձակագիր։ Դուք նրան ինչպե՞ս խորհուրդ կտաք առաջ շարժվել։

 

Կարդալ բրիտանական և ամերիկյան գրականություն և մեծ պատմաբանների ու բանաստեղծների ու էսսեիստների, հատկապես այնպիսի ձայներ, որոնք ժամանակի բովով խոսում են պարզ և հզոր մինչև օրս։ Սեմուել Ջոնսոնը նույնքան վառ է այսօր, ամեն դեպքում ինձ համար, որքան որ հրաշալի էր երկու դար առաջ։ Որոշակի պահի պիտի որոշես՝ արդյոք գրելը մասնագիտություն է, թե զբաղմունք, և հասկանաս, որ իմաստն անպայմանորեն եկամուտը կամ հայտնի դառնալը չէ, այլ տվյալ արհեստից ստացվող բավարարվածությունը։

Screen Shot 2019-01-22 at 8.39.14 PM.png

 Թերզյանի գրասենյակը

7. Ձեզ համար հնարավո՞ր է առանձնացնել որևէ հատկանիշ առաջին անգամ սկսնակ գրողի դիմումը (կամ ցանկացած այլ բան) կարդալիս, որը Ձեզ ստիպել է մտածել, որ այս մեկը տաղանդ ունի։

 

Պարզ, պատմողական արձակ ոճ, տարբերվող ձայն և պատմողական հմտություն, ինչպես նաև առարկան ներկայացնելու և բուն թեմային առանց (ինչպես մենք՝ լրագրողներս ենք ասում) շատ կոկորդ մաքրելու հասնելու հմտություն, ինչը հիմնարար է թվում, բայց համեմատաբար հազվադեպ է հանդիպում։ Լավ էսսե գրելու կառուցվածքային պահանջներ կան, որոնք լավ էսսեի համար նույնքան կարևոր են, որքան ինժեներությունը ճարտարապետության համար, և նման բան կարդալը միշտ հաճույք ու բացահայտում է։

 

8. Այն տարիքում, երբ բոլորը պատրաստ են ամեն ինչի, երբևէ զգացե՞լ եք, որ հուսահատեցնելը նորմալ է։

 

Իհարկե. ու բացի այդ ավելի շատ են այն մարդիկ, ովքեր ցանկանում են գրող դառնալ, քան այն մարդիկ, ովքեր կարողանում են գրել։ Որպես խմբագիր՝ պետք է լինես անկեղծ՝ առանց լինելու դաժան. և որպես գրող՝ պետք է ակնկալես մերժում և զարմանաս հաջողությունից։ Հասարակության համար գրելու դեպքում որոշակի ինքնավստահություն է անհրաժեշտ, բայց շուկան տաղանդի իրավասու դատավոր է։

 

9. Որո՞նք են այլ մարդկանց գործերը խմբագրելու որոշակի հաճույքները։

 

Գաղափարը հմտորեն և քթածակով իրականացված տեսնելու գոհունակությունը և իրական տաղանդի խրախուսանքը։ Համբավը միշտ չէ, որ որակի երաշխիք է, և լավ գրողը չպետք է մտածի իր լսարանի չափի մասին։

 

10. Դուք հայտարարել եք, որ այս ամիսը վերջինը կլինի Ձեզ համար՝ որպես «TWS»-ի գրական խմբագրի (որտեղ Դուք կշարունակեք մնալ՝ իբրև ավագ գրող)։ Ինչի՞ն եք հիմա սպասում ամենից շատ։

 

Ես կշարունակեմ գրել «TWS»-ի և այլ թերթերի համար, ինչը մեծ արտոնություն և հաճույք է։ Ես մինչև հիմա անհանգստանում եմ՝ արդյո՞ք խմբագիրները հավանում են իմ գործերը, և տպագրվելու հուզմունքը հիմա նույնքան ուժեղ է, որքան կես դար առաջ, երբ սկսում էի գրել հրատարակության համար։ Մեխանիկական և վարչական որոշ պարտականություններ կան, որոնք առաջնորդում են ամսագիր կամ թերթ խմբագրելու գործը, ինչպես նաև իհարկե վրա հասնող վերջնաժամկետները, որոնք հաստատ չեմ կարոտի։

bottom of page