top of page

Լսողական Քանդակագործ

Ծանոթացե՛ք Էսմերալդա Քոնդե Ռուիզի հետ, միջդիսցիպլինար կոմպոզիտոր, հնչյունային արտիստ և մեր 2022թ.-ի Fellow:

Նոյեմբերի 26, 2022թ. |  հեղ.` Creative Armenia

ca4e0b04d641-ECR_Foto_York_Wegerhoff_waifu2x_photo_noise2_scale.png

Լվացքի մեքենայի բզզոցը, ընթացող մեքենաների սուլոցը, բանալու շղթաների զրնգոցը շատերի մոտ կարող են տհաճ զգացողություն առաջացնել, իսկ Էսմերալդա Քոնդե Ռուիզի համար այս տարատեսակ ձայները ոգեշնչման անսպառ աղբյուր են: Լինելով մրցանակակիր միջդիսցիպլինար կոմպոզիտոր և աուդիովիզուալ արվեստագետ Միացյալ Թագավորությունից՝ Էսմերալդա Քոնդե Ռուիզն աշխատել է բազմաթիվ համաշխարհային արվեստագետների հետ, այդ թվում՝ Յոկո Օնոյի, Օլաֆուր Էլիասոնի, Նիկ Քեյվի և Մեթյու Հերբերտի հետ, ինչպես նաև ղեկավարել է լայնամասշտաբ նախագծեր Լոնդոնի Tate Modern-ի և Dresdner Philharmonie-ի համար: Այդ ամենը հնարավոր չէր լինի առանց նրա սուր ուշադրության հնչյունների, ձայների և աղմուկի նկատմամբ, որոնք մարդկանց մեծամասնության դեպքում անցնում են ականջի կողքով:

 

Էսմերալդա Քոնդե Ռուիզը մեծահոգաբար թույլ տվեց մեզ լսել իր աշխարհը։ Ծանոթացե՛ք մեր 2022 թվականի Creative Armenia-AGBU Fellow-ի, իր ոգեշնչումների և և այն պատմության հետ, թե ինչն է ստիպել նրան ներկայացնել հայերենը իր վերջին ստեղծագործության՝ Cabin Fever-ի մեջ և ոչ միայն:

 

Creative Armenia. Մի փոքր պատմեք միջդիսցիպլինար կոմպոզիտոր և հնչյունային արվեստագետ դառնալու Ձեր ճանապարհի մասին:

 

Իմ ճանապարհն այդքան էլ նպատակաուղղված չի եղել: Թեև միշտ զբաղվել եմ երաժշտությամբ, սակայն ինձնից երկար ժամանակ պահանջվեց գտնելու այն անկյունը, որտեղ իմ ներքին զգամամբ պատկանում եմ: Երաժշտության մեջ ինձ միշտ մի կարևոր բան պակասել է. այն է տեսողական բաղադրիչը, հասկացություններն ու թեմաների ուսումնասիրությունը: Ես հաջողակ եմ եղել, որ իմ կյանքի վաղ շրջանում հանդիպել եմ բազմաթիվ ժամանակակից արվեստագետների, որոնց միջոցով էլ իմացել եմ, որ կա մի տարածություն, որտեղ ես կարող եմ համատեղել երաժշտությունը և այդ պակաս բաղադրիչները:

 

Իմ ճանապարհին եղած միակ հաստատուն բանը ձայնն էր։ Ես միշտ աշխատել եմ մարդկային ձայների և երգչախմբերի հետ, և իմ հիացմունքն առ այս մարդկային բացառիկ գործիքի հանդեպ երբեք ինձ չի հիասթափեցրել: Մինչ այսօր ես չեմ հոգնել այդ գործիքից  և փորձում եմ հնարավորինս շատ բան ուսումնասիրել ձայնի միջոցով՝ այն օգտագործելով որպես նյութ:

 

CA: Կպատմե՞ք մեզ Ձեր ստեղծագործական ոգեշնչումների մասին՝ անկախ նրանից դրանք մարդիկ են, իրեր, թե երևույթներ, և ինչ եք սովորել այդ ոգեշնչման աղբյուրներից:

 

Սովորաբար երեք բան կա, որ ինձ ոգեշնչում է.

 

Առաջինը որոշակի թեման է։ Թեմաները, որոնք ինձ ոգեշնչում են, հաճախ սկսվում են ներքին ուժեղ զգացողությամբ, իսկ հետո շարունակվում են թեմայի լայն հետազոտության փուլով՝ տեսնելու համար, թե արդյոք այնտեղ կա ինչ-որ բան, որի ետևից արժե գնալ: Հետազոտության փուլը բաղկացած է ընթերցանությունից, մարդկանց հետ զրույցներից և թեմայի վերաբերյալ առավել շատ տեղեկատվություն գտնելու փորձերից: Ես այն անվանում եմ գեղարվեստական հետազոտության «մեղրամսի» փուլ: Մի փուլ, որտեղ թեմայի վերաբերյալ ամեն ինչ ոգևորող և ոգեշնչող է: Հետո գալիս է այն տգեղ պահը, որտեղ ոչինչ իմաստ չունի, և մարդը չգիտի, թե հետո ուր պետք է գնա: Թվում է, թե այլևս ոչինչ իմաստ չունի։ Ժամանակի ընթացքում սովորում ես վստահել պրակտիկային: Երբեմն որոշ ժամանակ է պահանջվում, բայց հետո դառնում է պարզից էլ պարզ:

 

Երկրորդը ֆոնային աղմուկի ձայներն են: Ձայնային առումով, ես շատ եմ ոգեշնչվում կենցաղային և մեքենայական հնչյուններից, բզզոցներից և այն միկրոտոնային ֆոնային աղմուկի ձայներից, որոնց մենք ամբողջությամբ ուշադրություն չենք դարձնում, բայց որոնք մեր շուրջն են: Ես միշտ լսում եմ այդ հնչյունները: Երբեք պարզապես լռություն չի լինում, եթե իսկապես լսում ես: Օրինակ հիմա լսում եմ սերվերային պահոցի ձայները, որոնք ձայնագրել ենք Գերմանիայի մի սերվերային պահեստում։ Ես լսում և ուսումնասիրում եմ դրանք, մինչև որ մտքումս լսեմ, թե ինչ եմ ուզում անել նրանց հետ: Ես լսում և ուսումնասիրում եմ այնքան ժամանակ մինչև արդեն իմ գլխում եմ կարողանում լսել և հասկանալ, թե ինչ եմ ուզում անել դրանց հետ։ Դա լսողական քանդակագործության ձև է: Նյութը ոգեշնչում է ինձ, և ես շարունակում եմ ձև տալ նյութին:

 

Վերջինը տեսողական է։ Ես անընդհատ նայում եմ գույների, գրքերի, տարածությունների, ցուցահանդեսների: Հաճախ, երբ արդեն խրված եմ ձայների մեջ, վերադառնում եմ տեսողական գաղափարին: Միշտ սկսում եմ տեսողական ներշնչանքով, որը հետո վերածվում է ձայնի: Ինձ համար մեկն առանց մյուսի երբեք չի կարող գոյություն ունենալ: Իմ պրակտիկայում նրանք հավասար են գործում և միասին էլ զարգանում են։

 

CA: Դուք մրցանակակիր միջդիսցիպլինար կոմպոզիտոր և աուդիովիզուալ արտիստ եք, ով աշխատել է համաշխարհային ոլորտում և ղեկավարել է բազմաթիվ խոշոր արտադրություններ, ստեղծել է մի շարք մրցանակակիր ֆիլմերի սաունդթրեքեր և աշխատել բազմաթիվ ճանաչված երաժիշտների հետ: Ի՞նչ կասեք, ի՞նչն է Ձեզ դրդում աշխատել իրենց մեջ լուրջ մարտահրավեր պարունակող ստեղծագործական նախաձեռնությունների վրա:

 

Ես հաճախ եմ զանգ ստանում, որտեղ ինձ ասում են. «Սա բարդ նախագիծ է, նախկինում երբեք չի արվել, կարո՞ղ եք օգնել մեզ»: Մարտահրավերը շատ ոգևորող է, բայց հաճախ իսկապես էներգիա սպառող: Իմ էներգիան կառավարելը և ճիշտ նախագծերին «այո» ասելը ինձ համար ամենամեծ մարտահրավերն է եղել այս տարիների ընթացքում: Համագործակցությունների մեջ ինձ մոտիվացնում է այլ հեռանկարի ծանոթանալու, մեկ այլ ստեղծագործ աշխարհ բացահայտելու միտքը և փորձը միասին այդ աշխարհների մեջտեղում հայտնվելու ու միասին ինչ-որ բան ստեղծելու։ Սա ճիշտ անելու համար անհրաժեշտ է փոխադարձ հարգանք։ Պետք է իրար մասին հոգ տանել և լսել: Հակառակ դեպքում ոչ մի լավ բան դուրս չի գա, այլ  պարզապես իր հետ կբերի մեծ սթրես և հիասթափության: 

 

CA: Այս պահին, ձեր Fellowship-ի տարում Դուք աշխատում եք Cabin Fever-ի վրա, որը հավակնոտ աուդիովիզուալ առցանց արվեստի գործ է և որը միավորում է երգիչներին՝ ամբողջ աշխարհում և  տարբեր ժամային գոտիներում: Կարո՞ղ եք մեզ մի փոքր պատմել Cabin Fever-ի  մասին: Հայերենի և երաժշտության ո՞ր որակներն են լավագույնս համապատասխանում նախագծին:

 

Տարիներ առաջ՝ 2018 թվականին ես հրավիրված էի մի համերգի, որտեղ նաև ելույթ էր ունենում Հայաստանից ժամանած մանկական երգչախումը։ Համերգից հետո, երբ զրույց ունեցա երգչախմբի դիրիժորի հետ, նա ինձ տվեց պարտիտուրը։ Այնտեղ եղած հայերեն գրություններն այնքան գեղեցիկ էին։ Նախկինում չէի տեսել այդ տառերը և չէի լսել հայերենի մասին։ Մեջս ցանկություն առաջացավ ավելին իմանալ Հայաստանի մասին։ Ելույթ ունեցողը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն էր։ Այդ օրվանից հետո ես շարունակեցի կյանքս և մոռացա այս հանդիպման մասին:

  

Սա մինչև այն պահը, երբ սկսեցի ուսումնասիրություններ անել Cabin Fever ստեղծագործության համար: Ես ուզում էի ստեղծել տևական՝ 24-ժամ տևողությամբ ստեղծագործություն, որը կներկայացնի մարդկանց իրական երազանքները՝ երգված և խոսված տարբեր լեզուներով: Տեսալսողական արվեստի գործ, որն ուսումնասիրում է խոցելիությունը և երազելը, որը կազմված է երգիչներից, կենցաղային հնչյուններից և Zoom-ից: Ես ուզում էի ուսումնասիրել թվային տարածության ձայնային ներուժը՝ ստեղծագործաբար խաղալով տեխնոլոգիայի դանդաղման ու պարամետրերի հետ և զուգահեռաբար ճանապարհորդել աշխարհով մեկ, որտեղ ներկայացվում են ավելի քան 80 տարբեր երկրների երգիչներ: Վիզուալ առումով այն դարձավ գույների մի մեծ խճանկար, որը ստեղծվեց հենց երգիչների կողմից, քանի որ նախապես  յուրաքանչյուր կատարողի խնդրել էի  ձեռքով ծածկել իր տեսախցիկը որոշակի գույն ունեցող ինչ-որ սովորական իրով՝ ստեղծելով կենդանի գունային խճանկար:

 

Քանի որ ստեղծագործությունը թվային տեխնոլոգիայի միջոցով է ստեղծվում, ես ավելի շատ կենտրոնացա ժամային գոտիների վրա, քան քաղաքների և գտա այն երգիչներին, ովքեր կարող են միասին աշխատել տարբեր ժամային գոտիներում կամ երկրներում: Տարբեր ժամային գոտիներ ուսումնասիրելիս հանդիպեցի մի տեսանյութի, որտեղ ինչ-որ մեկը Հայաստանից կատակի ձևով ընդօրինակում էր տարբեր բարբառներ: Չնայած որ չէի հասկանում լեզուն, ես կարողանում էի լսել ձայնային տարբերությունները: Սա գեղեցիկ փորձառություն է լսելու մի լեզու, որը Դուք չեք հասկանում: Հենց այդ ժամանակ է, երբ հասկացա, որ ցանկանում եմ ներկայացնել Հայաստանը: Cabin Fever-ի 21-րդ ժամը մեծապես կներկայացնի հայերենը, և ես շատ ոգևորված եմ կիսել իմ այս փորձառությունը բոլորի հետ:

 

CA:  Ձեր ողջ կարիերայի ընթացքում Դուք հիմնականում կենտրոնացել եք ձայների հետազոտության վրա՝ իրենց բազմաթիվ ձևերով և տեսակներով՝ լինի դա երգչախմբային թե վոկալ ստեղծագործությունների միջոցով: Ի՞նչն է Ձեզ հուզում այդ թեմայում:

 

Միանման ձայներ չկան։ Ամեն ձայն բացարձակապես յուրահատուկ է: Մտածեք դրա մասին. ինչ-որ կերպ կան բոլոր անհավանական գործիքները: Այնուհետև, եթե մշակութային տարրեր ավելացնեք այնպիսի ձայներին, ինչպիսին են երգչախմբերը և լեզուները, այն էլ ավելի յուրահատուկ է դառնում: Այն ամենամարդկային գործիքն է երկրի վրա և միաժամանակ ամենահուզիչը: Այնքան բան կա սովորելու այլ մշակույթներից: Իմ զգացողությամբ, թեման միշտ հետաքրքիր է: Հատկապես հիմա, երբ տեխնոլոգիան այնքան զարգացած է, որ մենք կարող ենք արհեստական ձայներ գեներացնել: Ո՞ւր կտանի մեզ դա: Ինչպե՞ս կհնչենք մենք բոլորս ապագայում:

 

Ինձ նաև շատ հետաքրքրում է ուսումնասիրել, թե ինչ է նշանակում ձայն ունենալ կամ չունենալ: Իսկ ներքին ձայնե՞րը: Ինչպե՞ս է հնչում ներքին ձայների երգչախումբը: Ինձ համար ձայները նյութի պես հարուստ և անսպառ ոգեշնչման աղբյուր են: Ես երբեք չեմ դադարում սովորել, սա իմ՝ ձայների նկատմամբ ունեցած կախարդանքը նկարագրելու լավագույն միջոցն է:

  

CA: Ձեր ո՞ր նախագծով եք առավել հպարտանում: Ինչո՞վ է այն առանձնահատուկ ձեզ համար: 

 

Դժվար է ասել, բայց ետ նայելով, հավանաբար, Փիթեր Լիվերսիջի The Bridge-ը Լոնդոնի տուրբինային սրահում՝ Tate Modern-ում: Այն ժամանակ մեծ չէր թվում, բայց հաջորդիվ արված ամեն նախագիծ պարզապես ցույց տվեց ինձ, թե որքան լավ էինք միասին աշխատել մենք բոլորս՝  երգչախմբերը, հաստատությունը և համահեղինակները։ Շատ բան կարող էր սխալ գնալ, բայց այդպես չեղավ: Tate Modern-ը  իսկապես համոզվեց, որ ես և Փիթերը միասին ստեղծագործելու համար իսկապես բավական ժամանակ ենք հատկացրել: Փիթերի իր ամբողջ էությամբ իսկական համագործակից է։ Ոչ մի էգո և որքան շատ բարություն և ուշադրություն:

 

Շինարարական զանգվածային աշխատանքների ժամանակ մենք միասին ստեղծեցինք տարածքին համապատասխան ստեղծագործություն: Այն ինքնին բավական մարտահրավերային է: Բացի այդ, մենք պետք է համախմբեինք 26 տարբեր երգչախմբեր՝ 40 րոպե տևողությամբ ձայնային ստեղծագործությունը փորձելու համար: Պատկերացրեք, 500 երգիչներից բաղկացած երգչախմբեր, որոնք սովորում են երգել զգալի ուշացումով, շրջապատված տեսախցիկներով, որոնք մտնում և դուրս են գալիս շինհրապարակ: Ես երբեք չեմ մոռանա այդ փորձերը։ Ես չեմ մոռանա նաև այն 8000 մարդկանց, ովքեր դիտում են մեզ բացման օրը։ Տուրբինային սրահը հանկարծ վերածվեց մեկ այլ բանի՝ մարդկային տարածության՝ մարդկային ձայնի միջոցով: Յուրաքանչյուր մասնակցի և հանդիսատեսի համար այդ պահը հավերժ կմնա այնտեղ:

 

CA: Ո՞րն է Ձեր ստեղծագործական կարիերայի երկարաժամկետ տեսլականը: 

 

Հուսով եմ, որ կշարունակեմ ստեղծել բովանդակալից ստեղծագործություններ, որոնք ոգեշնչում են այլ մարդկանց ամբողջ աշխարհում: Ես ուզում եմ շարունակել հնարավորություններ գտնել՝ կիսվելու իմ աշխատանքով փառատոներում և ցուցահանդեսներում, որպեսզի տեսնեմ, թե հաջորդ նախագիծը ուր կարող է ինձ տանել: Որպեսզի ավելի լավ հասկանամ իմ սեփական աշխատանքը և տեսնեմ, թե ինչպես է այն աճում: 

 

Դա նման է այգեգործության: Դուք սերմ եք տնկում, խնամում, ջրում, հետևում եք, մեկ էլ ինչ-որ պահի այն ինքնուրույն կյանք է ստանում: Դիտելը գեղեցիկ բան է։ Այն այլևս ձեր սեփական աշխատանքը  չի թվում: Այն ունի կյանք իր սեփական կյանքում: Ես հույս ունեմ, որ ծնողի նման կողքին կլինեմ տեսնելու իմ ստեղծագործությունների աճն ու ծերանալը:

 

CA: Ի՞նչ եք նախատեսում անել որպես Creative Armenia-AGBU Fellow և հետագայում որպես Հայաստանի համար ստեղծագործ դեսպան:

 

Ինձ համար մեծ պատիվ է, որ այս Fellowship-ի շրջանակում հնարավորություն ունեմ ավելի շատ ուսումնասիրելու հայկական մշակույթը,ստեղծելու հայկական երազանքները Cabin Fever-ի համար և ներկայացնելու հայ երգիչներ և մարդկանց:

 

Քանի որ Cabin Fever-ը հյուրախաղային և երկարաժամկետ աշխատանք է, ես ցանկանում եմ աշխարհին հնարավորություն տալ լսելու երազանքներ և ճանաչելու այլ մշակույթներ:  Fellowship-ի շնորհիվ ես հնարավորություն ունեցա հանդիպելու հրաշալի հայ համադրողների, և մենք հույս ունենք, որ միասին կցուցադրենք աշխատանքը Հայաստանում և արտերկրում:

bottom of page