top of page

Արվեստ և պատերազմ. ստեղծել ֆիլմեր մարդու իրավունքների թեմայով

Ազատության համար պայքարո՞ղ, թե՞ պատմություն պատմող։ Կոծկե՞լ բռնությունը, թե՞ ամենուր արյուն շաղ տալ։ Քաղաքացիական իրավունքների համար պայքարի կոնտեքստից կատակերգության, ցեղասպանությունից՝ ժամանցի առանձնացումը։ Բացահայտենք «Django Unchained», «Hotel Rwanda», «The Promise», «Marshall», «Cries from Syria» ֆիլմերի ստեղծագործական պրոցեսը և շատ ավելին «Lights. Camera. Reaction.»-ի վերջին քննարկմանը

Ապրիլի 26, 2018  |  հեղ.` Creative Armenia

Screen Shot 2019-01-17 at 2.16.06 PM.png

«Lights. Camera. Reaction.»-ը մարդու իրավունքների մասին ժամանցի վերաբերյալ նորարարական գագաթաժողով էր, որը տեղի ունեցավ Լոս Անջելեսի «Hammer» թանգարանում մարտի 16-ին։ Creative Armenia-ի, «The Promise» ինստիտուտի և UCLA-ի՝ Սոցիալական ազդեցության ժամանցի «Skoll» կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառումը միավորել էր աշխարհի ճանաչված ռեժիսորների, պրոդյուսերների և իրավունքի փորձագետների։ Երեկոն ամփոփվեց մարդու իրավունքների բնագավառում ունեցած ավանդի համար առաջին՝ «Promise Institute» մրցանակով, որը ստացավ օսկարակիր դերասանուհի Միրա Սորվինոն։

«Արվեստ և պատերազմ» գագաթաժողովի վերջին քննարկումը վարում էր Creative Armenia-ն: Աշխույժ, սրամիտ և կտրուկ զրույցը նույնքան կլանող էր, որքան քննարկված ֆիլմերը։ Մեծանուն սցենարիստ-ռեժիսորներ Թերրի Ջորջը («The Promise», «Hotel Rwanda») և Ռեջինալդ Հադլինը («Marshall», «House Party»), վավերագրող ռեժիսոր Եվգենի Աֆինեևսկին («Cries from Syria», «Winter on Fire») և դերասանուհի Անժելա Սարաֆյանը («Westworld», «1915»)  վերլուծեցին իրենց գործերը ու խորությամբ անդրադարձան պատմությունը ներկայացնելու իրենց տարբեր մոտեցումներին։ Նրանք ուսումնասիրեցին դժվարագույն որոշումները, որ ստիպված էին հանձն առնելու ստեղծագործական պրոցեսի ընթացքում՝ սցենարից մինչև մոնտաժային սեղան, ու հատկապես այն դեպքերում, երբ գործ ունեին իրական կյանքից վերցրած թեժ, պոտենցիալ վտանգ և հետևանքներ ենթադրող թեմաների հետ։ Ինչպե՞ս հասնել արդարության պատմական խրթին թեմաների հարցում՝ միևնույն ժամանակ զբաղեցնելով դիտորդին։ Ռեջինալդ Հադլինըմ թեման եզրափակելով, ասաց. «Եթե վաճառքիդ մասնագետները նախագիծդ ներկայացնում են իբրև կարևոր ֆիլմ, ձախողումն ապահովված է»։

Քննարկումը համակարգում էր Ալեք Մուհիբյանը («1915» ֆիլմի համասցենարիստ, համառեժիսոր)՝ Creative Armenia-ի փոխտնօրենը։ Ստորև դիտեք առանձնացված դրվագներ, իսկ վերջում՝ քննարկումն ամբողջությամբ։

Ռեջինալդ Հադլինը՝ «Marshall» ֆիլմում իր ընտրած ոճի և լավ պատմություն պատմելու կարևորության մասին։

Թերրի Ջորջը՝ այն մասին, թե ինչու «The Promise» ֆիլմում ուղղորդեց Օսքար Այզեքին կամերայից թաքցնելու ամենաարյունալի տեսարանները։

Եվգենի Աֆինեևսկին՝ այն մասին՝ ինչպես կարողացավ այդքան նյութ ձեռք բերել սիրիացիներից իր «Cries from Syria» վավերագրական ֆիլմի համար։

Անժելա Սարաֆյանը` սեփական պատմության մասին իր անձնական բացահայտումների վերաբերյալ։

«Արվեստ և պատերազմ»-ի ամբողջական տեսագրությունը.

bottom of page