Ծանոթացե՛ք մեր 2023թ. Creative Armenia-AGBU Fellow, ամերիկահայ ջազ վոկալիստ Լյուսի Եղիազարյանի հետ:
Նոյեմբերի 10 2023թ. | հեղ.` Creative Armenia
Լյուսի Եղիազարյան, 2023 Creative Armenia-AGBU Fellow
Ծանոթացեք Լյուսի Եղիազարյանին՝ ճանաչված ջազ վոկալիստ, ով միաձուլում է հայկական երաժշտական ժառանգությունը Նյու Յորքյան ջազի հետ: Հայաստանում Լյուսիի մանկության տարիները հագեցած են եղել ամերիկյան ջազի մեղեդիներով, որոնք նշանակալի դեր են ունեցել նրա երաժշտական կարիերայի ձևավորման գործում: Այս հարցազրույցում Լյուսին պատմում է իր ոգեշնչումների և իր գալիք «Beside the Golden Door» ալբոմի մասին, որում նա միաձուլում է հայկական ժողովրդական երգերը ամերիկյան ջազի դասականների հետ: Որպես 2023թ. Creative Armenia-AGBU Fellow, նա նպատակ ունի ջազի համընդհանուր լեզվի միջոցով նպաստել միասնականության խթանմանը: Կարդացեք ամբողջական հոդվածը՝ բացահայտելու Լյուսի Եղիազարյանի ներդաշնակ աշխարհը։
Մի փոքր պատմեք, թե ինչպես սկսեցիք ձեր ջազ վոկալիստ դառնալու ճանապարհը։
Հայաստանը շատ երկար ժամանակ եղել է տարածաշրջանի ջազի էպիկենտրոն: Խորհրդային տարիներին հայրս ամերիկյան ջազի շատ սահմանափակ թվով ձայնագրությունների հասանելիություն ուներ: 90-ականների ընթացքում այս ձայներիզները մշտապես հնչում էին մեր տանը, երբ լինում էր էլեկտրականություն: Արդյունքում, մեծացա այս երգերը լսելով և դրանք Ամերիկայի հետ այնքան նույնացնելով, որ երբ 2001 թվականին ներգաղթեցինք, նախքան անգլերեն խոսելը, երգում էի այդ մեղեդիները որպես նոր աշխարհում Ամերիկային ինձ ծանոթ միակ բանը:
«Անկախ նրանից, թե դուք բնիկ Նյու Յորքցի եք Հարլեմից կամ հայաստանցի Լոռիից, միշտ կան համընդհանուր մարդկային պատմություններ, բարքեր, ուրախություններ և ցավեր, որոնք պարզ և հոգեհարազատ են բոլորի համար:»
Ջազ վոկալիստ դառնալը ոչ այնքան ուղղակի ընտրություն էր, որքան այն, ինչին ինքնաբերաբար հանգեցի: Քանի որ մեծացել էի շրջապատված երաժշտությամբ, հայաստանյան դասական ջութակի կրթության արդյունքում լավ լսողություն ունեի և մեր ընտանիքը տեղափոխվել էր Նյու Յորք, որը ջազի համաշխարհային էպիկենտրոնն է, արդյունքում հայտնվեցի այս ընտրության առջև: Շատ տքնաջան եմ աշխատել իմ պատանեկության և քսանականների ընթացքում՝ ապացուցելու, որ «արժանի եմ» ներկայանալու ամերիկյան երաժշտության այս գեղեցիկ ժանրում: Այս վաղ ներդրումներս արդյունավետ եղան, քանի որ հաճույք եմ ստանում երգելուց և այժմ ապրում եմ որպես ջազային համայնքի շատ ակտիվ անդամ այստեղ՝ Նյու Յորքում և արտերկրում:
Պատմեք ձեր ստեղծագործական ոգեշնչումների և դրանցից քաղած դասերի մասին:
Որպես ներգաղթյալ, ինձ ամենից շատ ոգեշնչում է բոլոր ժողովուրդների միջև ընդհանրություններ գտնելը: Անկախ նրանից, թե դուք բնիկ Նյու Յորքցի եք Հարլեմից կամ հայաստանցի Լոռիից, միշտ կան համընդհանուր մարդկային պատմություններ, բարքեր, ուրախություններ և ցավեր, որոնք պարզ և հոգեհարազատ են բոլորի համար: Իմ արվեստով մշտապես ձգտում եմ մարդկանց միավորել այս երբեմն երգիծական, երբեմն էլ լուրջ պատմությունների միջոցով: Ես պառակտող արվեստի կողմնակից չեմ, քանի որ արվեստի մեծագույն նպատակը պետք է լինի բոլոր մարդկանց միավորելը, և կարծում եմ, որ ժողովրդական երաժշտությունն ու ջազը այս գործում հատկապես լավ են:
Շնորհավորում ենք այս տարվա սկզբին ձեր նոր «Lonely House» ալբոմի թողարկման կապակցությամբ: Ընթացքի մեջ է նաև մեկ այլ ալբոմ՝ «Beside the Golden Door»-ը, որը թեմատիկորեն համադրում է հայկական ժողովրդական երգերը ամերիկյան ջազային դասականների հետ։ Ինչպե՞ս եք զուգակցել դրանք՝ առաջին տեղում հայկական երգն է, թե՞ ամերիկյանը:
«Beside the Golden Door»-ի աշխատանքներն արդեն երկար ժամանակ է ինչ ընթացքի մեջ են: Որպես երգչուհի՝ իմ արմատները հայկական ժողովրդական երաժշտությունից են սկիզբ առնում, և այս նախագիծը, անշուշտ, ընդգծում է դա։ Ցանկությունս է հայկական երաժշտությունը ներկայացնել ամերիկյան հանդիսատեսին շատ պարզ և անմիջական ձևով, և այս ալբոմը հենց այդ նպատակին կծառայի: Անգլախոսներին հայկական ժողովրդական երգերի թարգմանությունները տրամադրելու փոխարեն՝ մեր երգերը համադրել ենք ջազային չափանիշների հետ, որոնք պատմում են նույն կամ իրար շատ նման պատմությունները: Սա ընդգծում է համամարդկային տարրերը բոլոր մշակույթներում և ներկայացնում հայկական երաժշտությունը շատ հստակ և ժամանակակից համատեքստում:
Երգացանկը լայնածավալ է և ներառում է 40-ականների դասականներից, կատարված և ձայնագրված Հայաստանի ազգային ժողովրդական անսամբլի կողմից, որոնք ես հավաքել եմ հայաստանյան ռադիոյի արխիվներից, մինչև 90-ականների էստրադային մեղեդիներ, ինչպիսիք են Էլվինա Մակարյանի և Ռուբեն Հախվերդյանի ստեղծագործությունները: Այն հետաքրքիր երաժշտական հավաքածու կլինի նաև հայի համար, որովհետև լինելով այդքան բազմազան, այնուամենայնիվ շարունակում է մնալ լսելի և անմիջական: Այս ալբոմում համագործակցում ենք ջազ կիթառի առաջատար կերպար Փիթեր Բերնշտայնի հետ, ինչն անպայման կգրավի նաև ջազի որոշ ունկնդիրների: Այս նախագիծը ֆինանսավորվել է Ամերիկայի Կամերային Երաժշտության, Հայաստան Հիմնադրամի և այժմ Creative Armenia-ի և ՀԲԸՄ-ի կողմից, ինչը շատ ոգևորիչ է:
Ո՞րն է առաջինը՝ հայկականը թե ամերիկյանը։ Դրանք փոխլրացնող են և առաջնայնությունն ամբողջովին կախված է ունկնդրից, պայմանավորված այն փաստով, թե որը կօգնի նրանց ավելի հեշտորեն ընկղմվել ալբոմում:
Նշել եք, որ ցանկանում եք, այս նոր նախագծով կամրջել Հայաստանում և սփյուռքում ապրող հայերին։ Ինչպե՞ս եք դա անելու ձեր արվեստի և երաժշտության միջոցով: Ինչպե՞ս է ձեր Հայաստանում մեծանալու և այժմ սփյուռքահայ համայնքում ապրելու փորձը նպաստում ծրագրի նպատակին:
Այս ալբոմը շատ օգտակար և հետաքրքիր կլինի սփյուռքահայի համար, ով գուցե այնքան էլ ծանոթ չէ խորհրդային և հետխորհրդային Հայաստանի երաժշտությանը: Կարծում եմ, որ հայերի բոլոր խմբերի միջև կան լուրջ բացեր, որոնք պետք է լրացնել, որպես միավոր ավելի արդյունավետ և քիչ թյուրիմացություններով առաջ շարժվելու համար։
Ալբոմի հիմնական մասն արդեն ձայնագրվել է այստեղ՝ Նյու Յորքում, տարբեր կատարողներից կազմված խմբի հետ, որը ներառում է և՛ հայեր, և՛ ամերիկացիներ: Հաջորդ փուլը լինելու է մի քանի երգերի մշակում հայաստանցի արտիստների հետ, ինչպիսիք են Միքայել Ոսկանյանը, Ժաննա Դավթյանը, Մանե Գալոյանը, և գուցե նույնիսկ ունենանք փոքր համագործակցություն ռեփեր A-Chilla-ի հետ: Օգտագործվում են ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները՝ միավորելու երկու շատ տարբեր աշխարհներ:
Ի՞նչ եք նախատեսում անել որպես Creative Armenia-AGBU Fellow, իսկ հետագայում՝ որպես Հայաստանի ստեղծագործ դեսպան:
Այժմ «Beside the Golden Door»-ը ձայնագրման ավարտական փուլում է, սակայն 2024 թվականի ամռանը նաև նախագծում ենք մեծ շրջագայություն այս ալբոմի համար: Ճանապարհորդելու ենք ամբողջ Հայաստանով։ Համերգները, որոնց մեծ մասը բաց կլինի հանրության համար, տեղի կունենան Վանաձորում, Արմավիրում, Գյումրիում և այլ մարզերի մեծ ու փոքր վայրերում:
Վերջերս սաքսոֆոնահար Զեյդ Նասերի հետ, ով 90-ականներին Հայաստանում բիբոփի տարածման շարժիչ ուժն էր, այստեղ՝ Նյու Յորքում նշեցինք Ջազի գիշերը, որը կազմակերպվել էր ՀԲԸՄ-ի կողմից:
Որպես Հայաստանի ստեղծագործ դեսպան՝ ձգտում եմ ներկայացնել ստեղծագործական գերազանցություն, որը վայել է Հայաստանի մշակութային ժառանգությանը և օգնել նոր արվեստագետներին և հետաքրքրասեր հանդիսատեսին ավելի լավ հասկանալ հայկական երաժշտության նշանակալիությունն ու գեղեցկությունը: