top of page

Հայ արվեստագետները կմեկնեն Բրյուսել՝ սկսելու հեղինակավոր ստեղծարար կացության

Երեք արվեստագետներ պատրաստվում են սկսել մեկամսյա կեցություն Պողոսյան Հիմնադրամի Վիլա Էմպենում՝ ստեղծագործական նախագծերի վրա աշխատելու և եվրոպացի գործընկերների հետ կապ հաստատելու համար

Հուլիսի 15, 2024թ. |  հեղ.` Creative Armenia

2024 East-West Residency_MainBanner.png

Creative Armenia-ն, Պողոսյան հիմնադրամի հետ համագործակցությամբ, ուրախ է հայտարարելու երեք հայաստանյան արվեստագետների անունները, ովքեր ընտրվել են որպես 2024 թվականի «East-West Residency» ստեղծարար կացության ծրագրի մասնակիցներ և մեկնում են Բրյուսել, Բելգիա՝ սկսելու իրենց ստեղծարար կացությունը։ Նրանք են գրող Անի Ասատրյանը, սցենարիստ Արտավազդ Եղիազարյանը և տեսողական արվեստագետ Խորեն Մաթևոսյանը։

 

Այս ամռանը և աշնանը արվեստագետները մեկ ամիս կանցկացնեն Բրյուսելի հռչակավոր Վիլա Էմպենում՝ աշխատելու իրենց ստեղծագործական նախագծերի վրա, համագործակցելու եվրոպացի արվեստագետների հետ և ուսումնասիրելու Բելգիայի դինամիկ մշակութային կյանքը։ Որպես Հայաստանի ամենաականավոր տաղանդներից մի քանիսը՝ ընտրված արվեստագետները պատրաստ են ժամանակակից հայ արվեստի տպավորիչ զարգացումներով աշխարհի հետ կիսվելուն և իրենց վերադարձից հետո տեղական ստեղծարար դաշտում ներդրումներ ունենալուն։ 

 

«Creative Armenia-ն հպարտ է աջակցելու այս 3 տաղանդավոր հայ արտիստներին, որոնք ուղևորվում են դեպի Վիլա Էմպեն»,- ասաց Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը: «Մենք անհամբեր սպասում ենք նոր ստեղծագործություններին և համագործակցություններին, որոնք կստեղծվեն այս փորձառության շրջանակներում»։

 

Ծրագիրն ավարտելուց հետո, երեք արվեստագետները կմիանան «East-West Residency» ստեղծարար կացության ծրագրի նշանավոր շրջանավարտներին, որոնց թվում են տեսողական արվեստագետ Նարեկ Բարսեղյանը, կոմիքսների նկարիչ Շամիրամ Խաչատրյանը, լուսանկարիչ Վահան Ստեփանյանը և այլք։ Արդեն վեց տարի շարունակ ծրագիրը հնարավորություն է տվել 11 արվեստագետների հետամուտ լինել իրենց եզակի ստեղծագործական նախագծերին և դարձել է հայաստանցի արվեստագետների ամենապահանջված հնարավորություններից մեկը։

 

«Մենք ոգևորված ենք Պողոսյան հիմնադրամի կառույցում ընդունելու առաջատար հայ արվեստագետներին, որտեղ միջազգային ստեղծագործողները հանդիպում են ոգեշնչման և ժամանակակից ստեղծագործությունների հետ։ Creative Armenia-ի հետ այս կարևորագույն  համագործակցությունը ամեն տարի ամրապնդում է մեր կապը Հայաստանի և նրա բուռն արվեստի դաշտի հետ։ Մենք խորապես հավատում ենք, որ արվեստը տարբեր մշակույթների միջև երկխոսությունը հեշտացնելու և մեր օրերում ողբերգական լուրերին որոշակի հույս հաղորդելու բանալին է»,- ասել է Պողոսյան հիմնադրամի գլխավոր տնօրեն Լումա Սալամեն։ 

 

Կացության ծրագրին և մասնակիցներին կարող եք ծանոթանալ creativearmenia.org/residency կայքէջում։ 

 

«East-West Residency» ստեղծարար կացության ծրագիրը Creative Armenia-ի և Պողոսյան հիմնադրամի երկարամյա համագործակցությունն է, որը սկիզբ է առել 2018 թվականին։ Creative Armenia-ն հայ ժողովրդին ծառայող արվեստի համաշխարհային հիմնադրամ է, որը բացահայտում, զարգացնում և սատարում է արվեստի նորարար տաղանդներին: Պողոսյան հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին Ռոբերտ Պողոսյանի և նրա երկու որդիների՝ Ժան և Ալբերտի կողմից, հայազգի ոսկերիչներ, որոնց հիմնական նպատակն է նպաստել զարգացմանը և կրթությանը:

Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

+ (374) 11 550 110

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

info@creativearmenia.org

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2024 by Creative Armenia

bottom of page