top of page

Դիմումների ընդունելությունը բաց է Բրյուսելում անկացվող 2024թ.-ի «East-West Residency» ստեղծարար կացության համար

«East-West Residency» ստեղծարար կացության ծրագիրը Հայաստանում բնակվող երեք արվեստագետների հնարավորություն կտա մեկ ամիս ապրել և ստեղծագործել Բրյուսելում գտնվող Վիլա Էմպենում:

Մարտի 5, 2024թ. |  հեղ.` Creative Armenia

FAcebook.png

Creative Armenia-ն, Պողոսյան հիմնադրամի համագործակցությամբ, ուրախ է հայտարարել 2024 թվականի «East-West Residency» ստեղծարար կացության ծրագրի դիմումների ընդունելությունը: Ծրագիրը Հայաստանում բնակվող երեք արվեստագետների եզակի հնարավորություն է ընձեռում մեկամսյա անվճար ստեղծարար կացություն ունենալ Բրյուսելի խորհրդանշական Վիլա Էմպենում:

 

2024 թվականի ամառ-աշուն ամիսներին ընտրված արվեստագետները կմեկնեն Բելգիա՝ կենտրոնանալու իրենց գեղարվեստական ձգտումների վրա, նոր նախագծերի համար ոգեշնչումներ գտնելու և կապեր հաստատելու եվրոպացի արվեստագետների ինչպես նաև մենթորների հետ: Ծրագիրը հոգում է ճանապարհորդության և կացության բոլոր ծախսերը և տրամադրում է կրթաթոշակ: «East-West Residency» ստեղծարար կացության ծրագիրը, որը բաց է Հայաստանում բնակվող ստեղծագործական բոլոր ոլորտների արվեստագետների համար, հնարավորություն է տալիս ծանոթանալու Բրյուսելի հարուստ մշակույթին: 

 

Արվեստագետներն ու ստեղծագործողները ծրագրի մանրամասներին կարող են ծանոթանալ և դիմել մինչև 2024 թվականի ապրիլի 3-ը creativearmenia.org/residency կայքում։

 

««East-West Residency» ստեղծարար կացությունը կենսական դեր է խաղում հայ արվեստը համաշխարհային հարթակ դուրս բերելու գործում», - ասում է Creative Armenia-ի հիմնադիր և տնօրեն Կարին Հովհաննիսյանը՝ հավելելով. «Ուրախ ենք, որ մշակութային փոխանակման այս ավանդույթը շարունակվում է»:

 

Վեցերորդ տարին անընդմեջ, «East-West Residency» ստեղծարար կացությունը վճռորոշ դեր է ունեցել՝ օգնելով հայ արվեստագետներին զարգացնել իրենց ստեղծագործական կարիերան և ժամանակակից հայկական մշակույթը դարձնել եվրոպական երկխոսության մաս: Ծրագիրն արդեն աջակցել է 15 ճանաչված և զարգացող արվեստագետների հավակնոտ նախագծերի իրականացմանը, այդ թվում՝ վերջերս ծրագիրն ավարտած նկարիչ Նարեկ Բարսեղյանին, կոմիքսների նկարիչ Շամիրամ Խաչատրյանին և լուսանկարիչ Վահան Ստեփանյանին:

 

«1989 թվականից ի վեր Պողոսյան հիմնադրամը խորապես ներգրավված է Հայաստանում իրականացվող սոցիալական և կրթական նախաձեռնություններում: Մարդասիրական օգնությանը զուգահեռ՝ 2010 թվականին Պողոսյան հիմնադրամը սկսեց գործարկել Վիլլա Էմպենը՝ որպես արևելյան և արևմտյան մշակույթների գեղարվեստական արտահայտման և միջմշակութային երկխոսության կենտրոն», - ասում է Պողոսյան հիմնադրամի գլխավոր տնօրեն Լումա Սալամեն, հավելելով. «Ցուցահանդեսներին զուգահեռ՝ «East-West Residency» ստեղծարար կացության ծրագրով խրախուսում ենք մտքերի աշխույժ փոխանակում՝ հյուրընկալելով տարբեր ծագում ունեցող արվեստագետների: Ոգևորված ենք շարունակելու մեր հանձնառությունը՝ զարգացնելու Հայաստանի հետ համագործակցությունները և ստեղծարարությունը և անհամբեր սպասում ենք Բրյուսելում շատ շուտով դիմավորելու ծրագրի նոր մասնակիցներին»:

 

«East-West Residency» ստեղծարար կացության ծրագիրը Creative Armenia-ի և Պողոսյան հիմնադրամի երկարամյա համագործակցությունն է, որը սկիզբ է առել 2018 թվականին: Creative Armenia-ն հայ ժողովրդին ծառայող արվեստի համաշխարհային հիմնադրամ է, որը բացահայտում, զարգացնում և սատարում է արվեստի նորարար տաղանդներին: Պողոսյան հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին Ռոբերտ Պողոսյանի և նրա երկու որդիների՝ Ժան և Ալբերտի կողմից, հայազգի ոսկերիչներ, որոնց հիմնական նպատակն է նպաստել զարգացմանը և կրթությանը:

bottom of page