top of page

Artbox-ը հրավիրում է նորարար նախագծերին դիմել իր ստեղծարար ինկուբատորին

Artbox ստեղծարար ինկուբատորը կտրամադրի ռազմավարական աջակցություն և ֆինանսավորման ուղիներ արվեստի բոլոր ոլորտի ստեղծագործ նախագծերին և բիզնեսներին։

Հուլիս 12, 2022թ. |  հեղ.` Creative Armenia

Հուլիսի 12, Creative Armenia-ն պաշտոնապես մեկնարկեց Artbox ստեղծարար ինկուբատորը, որը իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն ընդունում է հայտադիմումներ մինչև 2022թ.-ի օգոստոսի 12-ը։


Ծրագրին դիմած և ընտրված ստեղծագործական թիմերը 2022թ.-ի աշնանը 12 շաբաթ տևողությամբ ինկուբացիոն փուլի ընթացքում հնարավորություն կստանան օնլայն հարթակի միջոցով սովորելու աշխարհի առաջատար բիզնես փորձագետներից և անվանի մշակութային գործիչներից՝ զարգացնելու ամբողջական բիզնես ծրագիր իրենց նախագծերի համար, որը կներառի ֆինանսական հաջողության համար անհրաժեշտ տարրեր, ինչպիսիք են բիզնես նախագիծը, մարքեթինգային ռազմավարությունը և փիթչը։ Ծրագրի վերջում, երբ իրենց նախագծի ամբողջական փաթեթը պատրաստ լինի, մասնակիցները նաև կստանան բացառիկ հնարավորություն ներկայացնելու իրենց նախագծերը ֆինանսական աջակցության համար՝ այդ թվում նաև KATAPULT-ի դրամաշնորհներին և հնարավոր մշակութային խոշոր ներդրողներին։ 

 

Ծրագրին ծանոթանալ և հայտերը ներկայացնել կարող եք www.artbox.am կայքէջում։ Դիմումների վերջնաժամկետն է օգոստոսի 12, 2022թ․։ 

 

«Artbox-ի գաղափարը Creative Armenia-ի թիմը սերմանել է դեռ շատ վաղուց։ Այն հիմնված է մեր առաքելության վրա՝ արվեստի մարդկանց տրամադրելու ամբողջական և կենսական ռազմավարական աջակցություն իրենց ստեղծարար և, ամենակարևորը, տնտեսական հաջողության համար», – ասաց Creative Armenia-ի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանը, «այսօր մեծ ոգևորությոմբ տեսնում ենք, թե ինչպես է այդ գաղափարը տալիս պտուղներ և խթանում մեր մշակութային ասպարեզի լուսավորությունն ու մտածելակերպի կերպարանափոխումը»։ 

Ծրագրին կարող են դիմել աշխարհի ցանկացած կետում գտնվող ստեղծարար անձինք, ովքեր իրենց ծրագիրը իրականացնելու են Հայաստանի Հանրապետության սահմաններում։ Նախընտրություն է տրվում այն ծրագրերին, որոնք ունեն ներդրումների կարիք և առևտրային հաջողության հասնելու ներուժ։

«Artbox-ը եզակի հնարավորություն է, որը զորացնում է արվեստագետներին ու ստեղծարար թիմերին՝ զարգացնելով նրանց ձեռնարկատիրական հմտություններն ու գաղափարները», – ասաց «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը, ««Կատապուլտ»-ի՝ ստեղծագործ տնտեսությունը խթանելու առաքելության շրջանակներում Artbox-ի կենտրոնացումը մարդկային ռեսուրսի, մշակված կրթական մոտեցումների և այս ասպարեզի մասնագիտացման վրա կենսական է արվեստի արդյունաբերություն ստեղծելու համար»։
 

Ոգեշնչված բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորարար մոդելներից՝ Artbox-ը ինկուբատորի և աքսելերատորի մոդելների վերակերտումն է արվեստի աշխարհի համար, որը տրամադրում է ռազմավարական աջակցություն և ֆինանսավորման ուղիներ թատրոնի, երաժշտության և արվեստի բոլոր ոլորտների նախագծերին՝ օգնելով դրանք դարձնել առևտրայնորեն կենսունակ և ներդրումային ստեղծարար արտադրանքներ։

 

Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է արվեստի տարբեր ոլորտների նորարար ստեղծագործողների։ Artbox-ը ստեղծվել է Creative Armenia-ի կողմից և իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի շրջանակներում։ 

Artbox-Main-Banner.png
bottom of page